Փորձ ու գիտելիքներ

Փորձ ու գիտելիքներ

Տարբեր կարծիքներ կան աշխարհը համակած վարակի մասին։ Ոմանք դա կենսաբանական զենք են համարում եւ դրա տեխնածին ծագման մասին խոսում։ Մյուսները կարծում են, որ աշխարհը շատ էր «ծանրաբեռնվել» մարդկային էակներով, եւ մարդիկ շատ էին հեռացել բնությունից, սրանով Բարձրյալը կարգուկանոն է մտցնում, բալանսի բերում Երկիր մոլորակը։ Այսինքն, Սոդոմ-գոմորի կամ Նոյյան տապանի ժամանակներն են եկել, եւ մեզ համաշխարհային ջրհեղեղի նման մի բան է սպառնում, որը կսրբի-կտանի ապականված մարդկությանը, կփրկվեն միայն արդարներն ու մաքուրները եւ երկուական՝ յուրաքանչյուր տեսակից։ Արդյունքում երկրագունդը կմաքրվի, կնորանա։ Ավելի ժամանակակից մտածողները կարծում են, որ մարդկությունը շատ էր ընկել փողի ու շահի հետեւից, մի տեսակ նյութի համար դաժան մրցավազքի ու խելակորույս աշխատելու ընթացքի մեջ էր, եւ վերին մի ուժ որոշեց, որ մոլորակը պետք է «ռեստարտ» անել։ Որ մարդիկ հասկանան՝ աշխատելն ու նյութական բարիքները ոչինչ են, եթե չկան առողջություն, մաքուր միջավայր եւ ապագայի հանդեպ վստահության զգացում։

Չէ որ այս վարակն անհայտ-աներեւույթ թշնամու նման է, որը չգիտես որտեղից եւ որ պահին կհայտնվի ու կավերի քո ստեղծած սիրուն ու փոքրիկ աշխարհը, կխարխլի կոմֆորտդ, կխլի հարազատներիդ ու քեզ համար թանկ մարդկանց։ Եվ դրա դեմ ընդունակ են պայքարել միայն ուժեղները, խելոքները, հնարամիտները, կազմակերպվածները։ Իսկ պայքարը պետք է համակարգի պետությունը։ Հենց այս պահերին է հանրությունը հասկանում, թե ինչքան կարեւոր է, որ պետության գլխին կանգնած լինեն գիտակ եւ աշխատասեր մարդիկ։ Քանզի երբ սովորական ընթացքի մեջ ենք, երկիրը կարող են կառավարել նաեւ անփորձ ու մաքուր երիտասարդները, իսկ արհավիրքի ժամանակ հենց փորձի, խելքի ու գիտելիքների կարիք կա։