Եթե ՌԴ-ն հրաժարվի միջամտել, սա փաստացի կնշանակի ՀԱՊԿ-ի ինքնալուծարում

Եթե ՌԴ-ն հրաժարվի միջամտել, սա փաստացի կնշանակի ՀԱՊԿ-ի ինքնալուծարում

«Եթե արցախյան պատերազմը շարունակվի, ապա Երևանին այլ տարբերակ չի մնում, քան ճանաչել Արցախի անկախությունը, դրանից հետո Արդրբեջանի հետ արդեն մտնել ոչ թե «անուղղակի» ,այլ ուղիղ պատերազմի մեջ։ Եվ այդ դեպքում, ՀԱՊԿ գործընկեր ՌԴ-ի միջամտության հարցը բացվում է»։ Այս մասին «Լուրերի ազգային ծառայություն» գործակալությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ռազմական գործիչ Իգոր Ստրելկովը։ 

«Եթե ՌԴ-ն հրաժարվի, սա փաստացի կնշանակի ՀԱՊԿ ինքնալուծարում։ Եվ լուրջ իմիջային վնաս․․․  այս և այլ պայմանագրերի երաշխավոր Ռուսաստանի նկատմամբ վստահության տեսանկյունից»։

Ռուսաստանցի ռազմական գործիչը  կարծում է, որ Ադրբեջանի բլից-կրիգ չի հաջողվել, բայց առաջխաղացումը շարունակվում է, իսկ թուրք-ադրբեջանական ռազմա-օդային ուժերի գերակշռությունը շատ մեծ է։ Իսկ սա ժամանակակից պատերազմներում կարևոր գործոն է։

Ռազմական փորձագետի հաշվարկով՝ Արցախի Զինված ուժերն այնքան ուժ ունեն, որ կարող են դիմակայել մի քանի ամիս, բայց ռազմական գործողությունների այս տեմպի շարունակականության պարագայում, արտաքին օգնություն չլինելու պարագայում, հաջողության հասնել հնարավոր չէ։ Նա հայտարարել է նաև, որ Նախիջևանից ադրբեջանաթուրքական զորքերի ներխուժման վտանգից Հայաստանին փրկում է այն, որ ՀԱՊԿ անդամ է։ Ինչ վերաբերում է պատերազմը սկսելու քայլերին, ապա նրա խոսքով՝ լավ հաշվել են՝ կա մեկ ամիս ժամանակ մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ-ի ընտրությունները, որի ընթացքում օտարերկրյա որևէ միջամտության վտանգ չկա։ Փորձագետը նաև նշել է, որ քանի դեռ ԱՄՆ-ում չի հստակեցվել, թե ով կգա իշխանության՝ Բայդենը, թե՞ Թրամփը, ԱՄՆ-ը ոչ մի բանի չի խառնվի։ Ֆրանսիայի՝ որպես Հարավային Կովկասում ակտիվ խաղացողի մասին խոսելը նրա գնահատմամբ ծիծաղելի է։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ըստ նրա, Ռուսաստանն այս իրավիճակում ռազմական միջամտություն ոչ այնքան չի ուզում, որքան չի կարող՝ թույլ տալ, քանի որ ռազմական գործողությունների մեջ է ներքաշված Սիրիայում, ունի Ուկրաինայի հետ չփակված ճակատ, Բելառուսի խնդիր և հիմա էլ՝ Ղրղզստանի։