Փող տվեք՝ տանեմ, վերցրածս պարտքերը մարեմ. Փաշինյանը երկիրը հասցրել է սնանկացման

Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակը պարզ ցույց է տալիս, թե ինչ օրհասական վիճակում է գտնվում այս իշխանությունը: Եվ դրա պատճառը ոչ թե ընդդիմությունն է կամ արտաքին թշնամի ուժերը, այլ վերջին տարիներին իրականացված տնտեսական քաղաքականությունը: Փաշինյանը Հայաստանը հասցրել է սնանկության եզրին` նրան դրսից փող այլեւս չեն տալիս, ինչ էլ տալիս են, դրանից ավելի շատ տանում են, երկրի ներսում էլ փող չկա` տնտեսության վիճակը վատանում է, տնտեսվարողներից հնարավոր չէ փող հավաքել կամ անհրաժեշտ քանակի հավաքել, միակ հույսը մնացել է քաղաքացիների ձեռքում առկա ֆինանսական միջոցները յուրացնելը` մի քիչ համոզելով, խաբելով, ինչն էլ չէ՝ զոռով եւ բռնությամբ: Հաջորդ քայլով Փաշինյանը կարող է Հայաստանում վերցնել մասնավոր սեփականությունը եւ հայտարարել կոլեկտիվացման մասին՝ «եթե պետությունը բոլորինս է, թող սեփականությունն էլ բոլորինը լինի՝ ի՞նչ մասնավոր սեփականություն» հիմնավորմամբ:
ԱԺ-ում իր գրեթե բոլոր ելույթներում կամ պատասխաններում Փաշինյանը փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը կամ իր իշխանությունն անընդհատ մտնում քաղաքացու գրպանը եւ տանում նրա ունեցած վերջին գումարը: «Պետությունը չի մտնում իրա գրպանը, ինքն իրա մի ձեռով ձախ գրպանն ա ստուգում, մյուս ձեռով` աջ գրպանը: Հենց ստեղ ա ֆունդամենտալ եւ հայեցակարգային խնդիրը: Էդ ո՞վ ա էդ պետությունը, ո՞ւմ սեփականությունն ա էդ պետությունը, էդ պետությունն էդ մարդն ա: Էդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, էդ պետությունը գնում է փարվում էդ մարդուն, ասում է` եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի: Մի ասեք` պետությունը մտնում է մեր գրպանը` պետությունը ձերն ա, եթե որեւէ ձեռք եք զգում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ»,- իր դեմագոգիան առաջ է տանում նա:
Երբ կոլեկտիվացման տարիներին բոլշեւիկները խլում էին մարդու վերջին կովը կամ տանում էին տան վերջին պարկ ցորենը` մարդկանց թողնելով սոված, գիտեք, թե նույնը չէի՞ն ասում: Իհարկե, ասում էին, որ դա մենք մեզ համար չենք տանում, տանում ենք կոլխոզ, իսկ ո՞վ է այդ կոլխոզը` դու ես, նա է, քո հարեւանն է, բարեկամը, քույրը, եղբայրը: Մենք դա տանում ենք, որ միայն դու չունենաս կով կամ ցորեն, այլ բոլորն ունենան, որ մեր պետությունն ուժեղ լինի, իսկ եթե պետությունն ուժեղ է, ուրեմն դու էլ ես ուժեղ, որովհետեւ այդ պետությունը քոնն է: Իսկ ով չէր ուզում, որ ինքն ու իր ընտանիքը սովից մեռնեին` հանուն «ուժեղ պետության», ի՞նչ էին անում` այդպիսիներին ուղարկում էին Սիբիր, որ նա այնտեղ աշխատի հանուն ուժեղ պետության:
«Երբ որ թոռները գնում, նստում են պապիկների գիրկը եւ մտնում պապիկների գրպանը, պապիկները թաթերին չեն տալիս, ասում` ինչ ես մտնում իմ գրպանը, որովհետեւ հարազատի հարաբերություն ա: Հերիք է մենք մեր պետությանն ընկալենք որպես թշնամի: Մարդկանց մոտ ընկալում է ստեղծվել, որ պետական բյուջեն էս դահլիճի, էս հատվածի համար ա ծախսվում»,- ասում է Փաշինյանը, որը, փաստորեն, գիտի, որ հասարակության ճնշող մեծամասնությունն իրեն ու իր իշխանությանն ընկալում է որպես թշնամի, միայն թե անունը պետություն է դնում եւ տեղեկացված է, որ մարդիկ այնքան էլ միամիտ չեն եւ գիտեն, որ իրենցից թալանվող գումարներն օգտագործվում են բացառապես իր եւ իր իշխանության մի փոքր խմբի անձնական հարստացման եւ ճոխ կյանքի ապահովման համար:
Բայց ի՞նչ է փոխվել վերջին յոթ տարիների ընթացքում, ինչո՞ւ նախորդ տարիների ընթացքում Փաշինյանը նման աղեկտուր եւ լալահառաչ ելույթներ չէր ունենում: Ի՞նչն է նրան հասցրել նման ծանր հոգեխանգարման, որ մե՛կ հարկ վճարողին հերոս է հայտարարում, մե՛կ էլ ասում է, թե ձեր գրպանում ուրիշի ձեռքը տեսնելուց չմտածեք, թե ձեզ կողոպտում են, որ դիմադրեք, ուղղակի հարմարվեք նոր վիճակին: Նա, ըստ էության, տալիս է նաեւ այդ հարցի պատասխանը. «Ժողովուրդ, մենք պետք ա դադարենք ֆորպոստ ըլնելուց, մենք պետք ա դադարենք հպատակ լինելուց, մենք պետք ա պատասխանենք մի պարզ հարցի` մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ չենք ուզում ունենալ պետություն: Մենք ուզո՞ւմ ենք ունենալ ինքնիշխանություն, անկախություն, թե՞ դա մեզ համար ընդամենը ֆուտլյար ա: Ես էսօր հպարտությամբ ասում եմ, որ մենք էդ ֆուտլյարից դուրս ենք եկել: Մենք էսօր չենք գնում մեր պետության համար ձեռ պարզում սրան-նրան, մենք էսօր մեր պետության համար ձեռ ենք պարզում մեր քաղաքացուն»:
Եթե ֆիլտրենք նրա խոսքի լիրիկական զեղումները` ֆորպոստ չլինելու, ֆուտլյարից դուրս գալու, ինքնիշխանության եւ անկախության մասին, ապա տակը մնում է այն, որ ինքն այսօր ձեռք չի պարզում՝ օտարից փող ուզելու, այլ փող է ուզում սեփական քաղաքացուց: Իսկ ինչո՞ւ է նա հենց այսօր որոշել հրաժարվել օտարին ձեռք մեկնելուց: Սրա բացատրությունն էլ է շատ պարզ. Փաշինյանի քաղաքականությունը հասցրել է մի կետի, երբ Հայաստանին դրսից փող տվող չկա, 2025 թվականին նրա կառավարությունն ավելի քիչ պարտք` վարկ կարող է վերցնել, քան պետք է վերադարձնի: Մինչեւ հիմա պատկերը ճիշտ հակառակն էր․ Հայաստանն ավելի շատ պարտք էր վերցնում, քան վերադարձնում էր, իսկ տարբերությունն իշխանությունը ծախսում էր իր կարիքների համար: Արդյունքում պետության պարտքային բեռն այնքան է մեծացել, որ մենք ավելի շատ պետք է պարտք վճարենք, քան կարող ենք վերցնել, եւ այդ գումարը պետք է տա ոչ թե Փաշինյանը, որը խոսում է անկախությունից եւ ինքնիշխանությունից, ֆուտլյարից ու ֆորպոստից, այլ՝ Հայաստանի տնտեսվարողը, հերոս հարկատուն:
2024 թվականի արդյունքները ցույց տվեցին, որ մոտ 200 միլիարդ դրամի նախատեսված հարկ չհավաքվեց: Այս տարի տնտեսական եւ ֆինանսական վիճակն ավելի վատ է, եւ, հետեւաբար, հարկեր հավաքելու հնարավորությունը եւս էականորեն վատանալու է: Բայց Փաշինյանի իշխանությունը պետք է պարտքը վճարի, թե չէ պարտատերերը Հայաստանը եւ, հետեւաբար` փաշինյանական իշխանությանը սնանկ կհայտարարեն: Որ ասում է՝ օտարին ձեռք չենք մեկնում, սեփական քաղաքացուն ենք ձեռք մեկնում, այդ քաղաքացուց խլած փողը ինքը տանում եւ տալիս է օտարին: Այս տարի 2.5 միլիարդ դոլարից ավելի գումար է տալու: Դրա համար է ուզում բոլորի ունեցվածքը հայտարարագրել, որ տեսնի` ով ինչ ունի, ումից ինչ կարելի է խլել, ումից ինչ կարելի է պոկել տանել՝ սեփական ապաշնորհության եւ ագահության արդյունքում կուտակած պարտքերն ու տոկոսները մարելու համար:
Կարծիքներ