Բարիդրացիության նիկոլական օրակարգը կեղծ օրակարգ է

Բարիդրացիության նիկոլական օրակարգը կեղծ օրակարգ է

Այո, բարիդրացիության նիկոլական օրակարգը կեղծ օրակարգ է: Այն միաժամանակ վտանգավոր  օրակարգ է: Եվ որպես այդպիսին այն պետք է մերժվի բոլոր գրագետ և հայրենասեր անձանց կողմից: Այն անձանց, ովքեր Փաշինյան Նիկոլին համարում են ազգակործան պատուհաս՝ ինչպես վերջինիս բնութագրել է ՀՀ առաջին նախագահը: Տրամաբանությունը շատ պարզ է՝ եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ազգակործան պատուհաս է՝ ինչպե՞ս կարող է նրա նախաձեռնած օրակարգը լինել հայաստանանպաստ: Բայց զարմանալի է, որ այս պարզ տրամաբանությունը հասու չէ հենց տեր-պետրոսյանական շրջանակում: Եվ թուրքերի հետ բարիդրացիության կոչերն անընդհատ շրջանառվում են դրա ներկայացուցիչների կողմից:

Նորություն չէ, որ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի միացման կարգախոսի ներքո իշխանության եկած Տեր-Պետրոսյանը կողմնակից էր ադրբեջանցիների և թուրքերի հետ բարիդրացիությանը: Արցախյան առաջին պատերազմի սկզբում նա դեմ չէր նունիսկ երկրամասը Ադրբեջանին հանձնելուն: Իսկ պատերազմի հաղթական ավարտից հետո ազատագրյալ տարածքները ետ վերադարձնելը նրա համար խնդիր չէր: Բայց դա արվելու էր հաղթողի դիրքերից: Եվ դրա հաշվին հարաբերություններ էին հաստատվելու և ճանապարհային ու վառելիքահումքային կոմունիկացիաներ անցկացվելու: Այնպես որ, հսկայական տարբերություն կա այն հանգամանքի առումով, թե Հայաստանը ինչպիսի դիրքերից է նախաձեռնում հարաբերությունների հաստատումը՝ հաղթողի, թե պարտվողի: Զարմանալի է, սակայն այս պարզ ճշմարտությունը չի ընկալվում ոչ միայն «ազգակործան պատուհաս» անվանյալ անձի, այլև նրան այդպես բնութագրած Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից: 

Ի դեպ, վերջիններիս շարքում նիկոլական բարիդրացիության կողմնակիցների քանակը քանի գնում, այնքան մեծանում է: Եվ եթե դրան էլ գումարենք, տեր-պետրոսյանական բնութագրմամբ, առնետավազքի սուբյեկտների որակային ու քանակական կողմը, ապա կստացվի, որ նիկոլական օրակարգն ընդունելի է այդ շրջանակում: Այս ամենին կարելի էր ուշադրություն չդարձնել՝ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի հեղինակությունը երկրում: Սակայն խնդիրը ո՛չ այդ ուժի և ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի անձի մեջ է: Խնդիրն «ազգակործան պատուհաս» անվանյալ անձի իշխանության և այդ իշխանության կողմից նախաձեռնված օրակարգի մեջ է: Եթե մենք դեմ ենք այդ իշխանությանը, ապա չենք կարող կողմ լինել դրա նախաձեռնած օրակարգին: Սա չափազանց պարզ քաղաքագիտական կանոն է, ինչը, սակայն, չի ընկալվում Հայաստանում: Կրկնում եմ՝ եթե Նիկոլն ազգակործան պատուհաս է, ապա մենք պետք է ունենանք ընդամենը մեկ օրակարգ՝ իշխանությունից նրան հեռացնելը: Եվ երբ դա մեզ հաջողվի՝ այդ ժամանակ մենք կքննարկենք բոլոր մնացած հարցերը:

Ինչ մնում է հոդվածի վերնագրին, ապա ասեմ՝ նիկոլական օրակարգը մեզ համար կեղծ է, որովհետև մենք չենք ընդունում նրա իշխանությունը: Եվ ըստ այդմ էլ չենք կարող ոչ միայն պաշտպանել, այլև գոնե քննարկել այն: Այն միաժամանակ վտանգավոր է, որովհետև թափանցիկ չէ, ու մենք չգիտենք թե ինչ գին պետք է վճարի մեր երկիրը դրա հաստատման դիմաց: Մենք գտնվում ենք ադրբեջանա-թուրքական թշնամական շրջափակման մեջ, ու դաս ենք առել 2020 թվականի պատերազմից: Ինչը բավարար է հասկանալու համար, որ ադրբեջանա-թուրքական բարիդրացիությունը մեզ վրա չափազանց ծանր է նստելու: Եվ դրանից ազատվելու համար կա միայն մեկ ճանապարհ՝ իշխանությունից հեռացնել Փաշինյան Նիկոլին: