Ինչպես են հեռացնելու Փաշինյանին․ արդյոք ընդդիմությունը կմիանա պայքարին

Ինչպես են հեռացնելու Փաշինյանին․ արդյոք ընդդիմությունը կմիանա պայքարին

Երեկ Հանրապետության հրապարակում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրեց նոր ծրագիր, որով Նիկոլ Փաշինյանը պետք է մինչև սեպտեմբերի 21-ը դադարի լինել ՀՀ վարչապետ։ «Պետք է սկսվի նոր շարժում՝ անկախության շարժում, այն պետք է մեկնարկի 2022թ․ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման օրը։ Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի»,- հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ նշել էր Ղազարյանը։

 Ղազարյանի պնդմամբ՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու  սահմանադրական երեք ճանապարհ գոյություն ունի։ Առաջինն իր գիտակցված հրաժարականն է վարչապետի պաշտոնից։ Երկրորդն իրավանական ճանապարհն է, որը, ըստ նախին պաշտոնյայի, ցավոք, մինչև հիմա գործի չի դրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր անգործության հետևանքով։ Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երրորդ տարբերակն օգոստոսի 2-ից հետո է ծագել, երբ լրացել է վարչապետի պաշտոնում նրա վերընտրվելու մեկ տարին, և ԱԺ պատգամավորների 1/3-ն իրավունք ունեն անվստահություն հայտնելու նրան։ «Դրա համար նրանք վարչապետի թեկնածու պետք է ունենան։ Առայժմ ընդդիմադիր ուժերը չունեն վարչապետի թեկնածու։ Մենք, սակայն, ունենք թեկնածուի գաղափար, բայց այսօր դեռ չեմ ուզում անուն հայտարարել։ Դա կքննարկենք ընդդիմադիրների հետ, նոր այդ մասին հայտարարություն կարվի»,-ասել էր նա։  Էդգար Ղազարյանը երեկ այնուհետև դիմեց նաև  առաջին գումարման Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորներին, ովքեր ողջ են և ՀՀ-ում են, խնդրեց, որ օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող կառավարության շենքի նիստերի դահլիճում, որտեղ 32 տարի առաջ իրենք ընդունել են մեր պետության հիմնադիր փաստաթուղթը՝ ՀՀ անկախության հռչակագիրը։

«Հրապարակը» Ղազարյանից հետաքրքրվեց՝ պրոցեսն ինչ փուլում է, ինչպես է կապ հաստատում նախկին պատգամավորների հետ, վերջիններս ինչպես արձագանքում նախաձեռնությանը։

«Հենց այս պահի դրությամբ էլ մեզ մոտ կազմակերչական ընթացք է։ Իհարկե մենք հրապարակային հայտարարություն ենք արել նախկին պատգամավորներին դիմելու մասով, սակայն նրանց, ում ճանաչում ենք, զանգահարում ենք, կապ հաստատում տեղեկացնում, ասեմ ավելին՝ լինում են դեպքեր, երբ հենց իրենք են զանգում։ Իրոք հետաքրքրություն կա։ Դեռ ժամանակ կա, մյուսներին մենք ենք տեղեկացնում։ Գերագույն խորհդի ՀԿ կա նաև, որի նախագահը սակայն այս պահի դրությամբ հանգստի մեջ է, մինչև շաբաթվա վերջ պիտի վերադառնա, այսինքն՝ եկող շաբաթ նաև իր հետ պիտի խոսենք։ Այո, համաձայնվում են, համենայն դեպս մինչև հիմա չենք ունեցել գոնե մեկ դեպք, երբ մարդը սրա մասին լսի ու բացասական վերաբերվի։ Տրամադրությունները դրական է»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ղազարյանից ճշտեցինք նաև, թե գործող ընդդիմությունն ինչ կարծիք ունի նոր շարժման մասին։ Ղազարյանը, հիշեցնենք, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե ամենևին հարկավոր չէ շատ հանրահավաքներ անցկացնել, Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունից անգամ երեք հանրահավաքով, որոնցից մեկը, ըստ նրա, սեպտեմբերի երկուսին կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքը պիտի լինի։

«Մեր գործողությունները միանշանակ չեն հակադրվում ընդդիմության մինչև հիմա արած գործողություններին, հակառակը՝ մենք հաշվի ենք առնում նաև նրանց ծրագրերը, որպեսզի համատեղ լինեն մեր գործողությունները։ Ես ինչպես միշտ մասնակցել եմ ու մասնակցելու եմ «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին։ Քանի որ «Դիմադրություն» շարժումը նախապես հայտարարել էր ամսի երկուսի հանրահավաքի մասին, դրա համար էլ մենք այլ բան չենք անում, գնալու ենք հանրահավաքին։ Կոչ ենք անում բոլորին մասնակցել»,- ասաց Ղազարյանը։

Հարցին, թե ընդդիմությունը պատրա՞ստ է մասնակցել իրենց նախաձեռնած հանրահավաքներին, շարժման մեկնարկից առաջ խոսե՞լ է ընդդիմադիրների հետ, ի՞նչ կարծիք ունեն, Ղազարյանը պատասխանեց․ «Այո, իհարկե պատրաստ են։ Շատ պոզիտիվ վերաբերմունք գոյություն ունի։ Գոյություն ունի փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Մեր նպատակները, գործողությունները երբեք չեն հակադրվել իրար։  Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր եղել են Գերագույն խորհրդի պատգամավորներ ու հիմա էլ ընդդիմության շարքերում են, միանշանակ մասնակցելու են։ Նախաձեռնությունից առաջ միանշանակ քննարկումներ ունեցել եմ ընդդիմությունից տարբեր մարդկանց հետ։ Շատերն են ողջունել այդ գաղափարը ու դրանից հետո եմ ես հանդես եկել հրապարակային հայտարարությամբ։ Սա միայն մեկ հոգու էմոցիոնալ ինչ-որ բան չէ։ Մեր պետությունը հիմնադրվել է հենց այդ փաստաթղթով, իսկ այսօր մենք ՀՀ-ում ունենք փաստացի անիշխանություն, որովհետև չի կարող ՀՀ-ում լինել իշխանություն, որի գործունեությունը հակադրված է ՀՀ հիմնադիր փաստաթղթին։ Գաղափարական առումով հենց այս պահին Փաշինյանը ՀՀ վարչապետ չէ, որովհետև ՀՀ-ում ով էլ լինի վարչապետ, պիտի պայքարի Արցախը Հայաստանին միավորելու համար։ Անկախության հռչակագիրը հստակ ասում է, որ այս պետությունը ստեղծվում է հենց այդ նպատակով։  Դուք չես կարող այս պետությունում պաշտոն զբաղեցնել ու հակադրվել այս պետության հիմնասյանը։ Օգոստոսի 23-ին մենք նախաձեռնում ենք ոչ միայն այդ խորհդանշական նիստը, այլ կազմակերպում ենք նաև մեծ հանրահավաք, որտեղ հենց այդ օրը կարող է Փաշինյանը գնալ իշխանությունից։ Մենք հենց ունենանք հասարակական մեծ աջակցություն, անմիջապես գնալու ենք իր հրաժարականը պահանջելու»։

Հարցին, թե ինչքան մարդ է հարկավոր իշխանափոխության համար, Ղազարյանը պատասխանեց․ «Ինձ համար յուրաքանչյուր մարդու ներկայությունը շատ թանկ է։ Մարդը բարձրագույն արժեք է, մարդը վիճակագրություն չէ»։