Ֆեյքերի ֆաբրիկա պահողներն ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն են մշակում

Ֆեյքերի ֆաբրիկա պահողներն ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն են մշակում

Այսօր «Իբիս» հյուրանոցում ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական հայեցակարգի հանդիսավոր ներկայացումն ու քննարկումն է: Այս ռազմավարությունը, փաստորեն, ավելի կարեւոր է իշխանության համար, քան պաշտպանության ռազմավարությունը, որը նախկինների օրոք, օրինակ, պարբերաբար թարմացվում էր, իսկ ներկայում չկա, մինչ օրս չի մշակվել: Նոր փաստաթղթի հեղինակները երեքն են՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը, կրթնախի նախկին խոսնակ Անժելա Կժդրյանը եւ Մեդիանախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Լուսինե Գրիգորյանը:

Ըստ նախապես բաժանված օրակարգի՝ քննարկմանը բացման խոսքով ու առաջին ելույթով հանդես է գալու ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Սա իսկական զավեշտ է: Ստացվում է, որ ապատեղեկատվության դեմ պայքարում է ֆեյքեր պահող կառավարության աշխատակազմի ղեկավարը, որի տեղակալը՝ Տարոն Չախոյանը, զբաղված է Ֆեյսբուքում ընդդիմադիր կայքերը «բլոկելով»: Նա անձամբ նիկոլականներին քննադատողների հասցեին վերջին հերյուրանքներն է գրում, իսկ նրա պաշտոնական էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նվիրված է ընդդիմությանը վարկաբեկելուն: Ի դեպ, մի քանի ԶԼՄ-ների խմբագիրներ միավորվել են եւ շուտով կոլեկտիվ դատական հայց են ներկայացնելու ընդդեմ Արայիկ Հարությունյանի տեղակալ Չախոյանի: Շուշան Դոյդոյանին հարցրինք, թե ինչի մասին է փաստաթուղթը, եւ հենց հիմա, այն հրատապ կարգով ունենալու ի՞նչ անհրաժեշտություն կար: 

- Ապատեղեկատվությունն անընդհատ տարածվող ու զարգացող սպառնալիք է եւ հատկապես վերջին երեք տարիներին բարդագույն ճգնաժամերին առերեսվող Հայաստանի համար ապատեղեկատվությունը նաեւ անվտանգության մարտահրավեր է։ Այն միաժամանակ սպառնում է երկրում ընթացող եւ նոր նախաձեռնված բոլոր բարեփոխումներին։ Ուստի, հանրային դիմակայություն ձեւավորելու նպատակով, մենք առաջարկով դիմեցինք կառավարությանը՝ մշակելու ազգային ռազմավարական փաստաթուղթ, միտված ապատեղեկատվության դեմ համակարգված ու համալիր պայքարի իրականացմանը։ Այն առաջիկա երկու տարիների համար է նախատեսված: Ունի երեք հիմնական ուղղություն․ հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու եւ վերլուծելու նպատակով, փոխգործակցության բարելավում եւ մասնավոր հատվածի մոբիլիզացիա, մեդիաազատությունների վերաբերյալ գիտելիքի եւ մեդիակրթության մակարդակի բարձրացում՝ ձեւավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն: 

- Ռազմավարություն եք մշակել, որին մասնակցում են նաեւ ֆեյքեր պահողները, արդյոք չգիտե՞ք, որ ամենաշատ ապատեղեկատվությունը հենց նրանք են տարածում:

- Փաստաթուղթը մշակվել է ոչ թե կառավարության աշխատակիցների մասնակցությամբ, այլ կառավարության համար: Գաղափարները մենք ենք ձեւավորել ու առաջարկել կառավարությանը, վերջինս ընդունել է դրանք եւ հայտնել քաղաքական կամք՝ իրականացնել դրանք: 

- Վստա՞հ եք, որ սա ընդդիմադիր մամուլի դեմ հերթական մտածված քայլը չի լինելու:

- Սա մենք ենք մտածել, իսկ կառավարությունը քննարկել, որոշել է, որ իրենց պետք է այսպիսի փաստաթուղթ: Ի դեպ, դրանում հատուկ ԶԼՄ-ների մասին ոչինչ չենք գրել, որպեսզի Ձեր ասած ձեւով չօգտագործվի:

Այնուամենայնիվ, այս նախաձեռնությունը վարդագույն լույսի ներքո ընկալել չի ստացվում, մանավանդ՝ մի շրջանում, երբ մամուլի նկատմամբ վերահսկողությունն ուժգնանում է, երբ հեռուստատեսություններ են տուգանվում՝ ընդդիմության միտինգները լուսաբանելու համար, փորձ է արվում գրաքննությանն օրենքի ուժ հաղորդել, իսկ դատախազությունը բացեիբաց հանդես է գալիս խոսքի ազատության սկզբունքի դեմ: Վերջին հաղորդագրություններից մեկում այս մարմինը հայտնում է, որ ուսումնասիրել ու պարզել է, որ ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, թմրամիջոցների գովազդ կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող, կամ հանցավոր այլ դրսեւորում ունեցող տեղեկատվության տարածումը, իսկ օրենսդրական կարգավորումները դրա դեմն առնելու համար են: «Վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեւսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով եւ չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- հայտարարում է Գլխավոր դատախազությունը՝ առաջարկելով հետեւել ՌԴ եւ Գերմանիայի փորձին, որոնք խոսքի ազատությունը սահմանափակող իրավական ակտեր ունեն: «Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունն իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը»,- հաղորդում է դատախազությունը:

Այսպես՝ բոլոր կողմերից հարձակում է սկսվել ազատ խոսքի դեմ: Բայց ապատեղեկատվության տարածման բուն պատճառների մեջ խորանալու ցանկություն չկա, գոնե՝ փոքր ջանք՝ բարելավելու, օպերատիվ դարձնելու մամուլի ծառայությունների եւ խոսնակների աշխատանքը: Նրանք, ինչպեսեւ նախկինում, զուտ ինֆորմացիան փակելու, պետական մարմինների ղեկավարներին ԶԼՄ-ների հարձակումներից կրծքով պաշտպանելու համար են: ՊՆ-ից ոչ ոք երբեք ոչ մի հարցի չի պատասխանում, վարչապետը 8 ամիս խոսնակ չունի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակում խորապես թքած ունեն ԶԼՄ-ների վրա եւ ոչ մի հարցի չեն պատասխանում: Հրատապ հարցերի պատասխանելու մշակույթ գոյություն չունի, իսկ պաշտոնական սուտը համակարգված բնույթ է կրում:

Մենք ուսումնասիրեցինք Շուշան Դոյդոյանի եւ մյուսների գրած փաստաթուղթը՝ հասկանալու, թե լրագրողների համար այս մասով նորություն կա՞ արդյոք:  Ռազմավարական անելիքների թվում բարի ցանկություն գտանք՝ «պետական կառույցների հաղորդակցության արդյունավետության բարձրացում»: Իսկ ի՞նչ է պետք դրա համար: Անելիքների թվում կարդում ենք․ «Պետական կառույցների հաղորդակցության ստորաբաժանումների միասնական կառուցվածքի ձեւավորում եւ համալրում մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրսներով, մասնագիտական վերապատրաստումներ եւ անձնակազմի կարողությունների զարգացում, ուղեցույցների եւ խորհրդատվական կարգերի մշակում եւ ընդունում» եւ այլն։ Այսինքն՝ նոր փողեր, ռեսուրսներ, աշխատակազմի բազմապատկում, նոր մարդիկ, նոր աշխատավարձեր, այն ամենը, ինչը որ՝ ճիշտ հակառակը, պետք է կրճատել: