Այս անգամ կավարտվի ոչ թե Ալեքսանդրապոլի, այլ Գյանջայի պայմանագրով

Այս անգամ կավարտվի ոչ թե Ալեքսանդրապոլի, այլ Գյանջայի պայմանագրով

1920 թվականի հայ-թուրքական պատերազմից ճիշտ 100 տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ադրբեջանաթուրքատեռորիստական կողմից սանձազերծված պատերազմը ժամանակագրորեն եւ սցենարով համընկնում է հայ- թուրքական պատերազմի հետ՝ այն առումով, որ 100 տարի առաջ քեմալական Թուրքիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի առաջին հանրապետության վրա։ Պատմաբան Աշոտ Մելքոնյանի հետ փորձեցինք համեմատականներ անցկացնել, պարզել նմանություններն ու տարբերությունները․

«Ես կարծում եմ, որոշ նմանություններ կան՝ մասնավորապես սկսման ժամկետի հետ կապված՝ սեպտեմբերի վերջ, իսկ 23, թե 28, դա կարեւոր չէ․ երկու տեսակետ կա։ Կարծում եմ, չի բացառվում, որ թուրքական կողմը այդ օրն ընտրել է հատուկ հոգեբանական հանգամանք նշելու նպատակով՝ նկատի ունենալով 100 տարի առաջ տեղի ունեցածը։ Իրավիճակն արդյոք նո՞ւյնն է, թե՞ ոչ, ապա կա ընդգծված որոշակի տարբերություն, որ եթե այն ժամանակ Հայաստանի անկախ հանրապետությունը, որը համարվում էր Անտանտի դաշնակից երկիր, եւ իրականության մեջ Անտանտը սատար չկանգնեց մեզ, եւ, փաստորեն, մեն-մենակ մնացինք մենք թշնամու դեմ, իսկ թշնամին կոալիցիոն առումով մեծ էր ու ընդլայնված այն իմաստով, որ Խորհրդային Ռուսաստան, Խորհրդային Ադրբեջան եւ քեմալական Թուրքիա։ Այսինքն՝ այս երեքը միասին գործում էին Հայաստանի Հանրապետության դեմ, եւ մայիս ամսից Կարմիր բանակը մտել էր Ղարաբաղ, հունիս-հուլիսին մտել էր Զանգեզուր, օգոստոսին հասել էր Նախիջեւան, եւ օգոստոսի 10-ին կնքվել էր Թիֆլիսի համաձայնագիրը, որով 11-րդ Կարմիր բանակը, որպես վիճելի տարածքներ, վերցրել էր իր հսկողության ներքո։ Հիմա իրավիճակը հստակ տարբերվում է նրանով, որ եթե էլի կա թուրք-ադրբեջանական տանդեմ, Ռուսաստանը ոչ թե նրանց դաշնակիցն է, այլ, բնականաբար, մեր դաշնակիցն է։

Որքան էլ մեզ համար անընդունելի լինի Ադրբեջանի հետ նրա ռազմավարական գործընկեր լինելու կարգավիճակը, այնուամենայնիվ, ռազմավարական դաշնակիցը շատ ավելի բարձր կարգավիճակում է, եւ ես կարող եմ վստահաբար ասել, որ իրավիճակն այդ առումով տարբեր է։ Համաշխարհային հանրության կարծիքը 100 տարի առաջվա համեմատությամբ, բնականաբար, շատ ավելի ազդեցիկ է, քան թե այն ժամանակ, եւ հիմա առաջին անգամ սկսել են քիչ-միչ խոսել, տարբեր քաղաքներ իրականացնում են Արցախի ճանաչումը, եւ եթե որոշ երկրների խորհրդարաններում արդեն նախապատրաստվում են Արցախի անկախության ճանաչման գործընթացին, իհարկե, դա եւս տարբերություն է նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, բայց գլխավոր տարբերությունն այն է, որ 1920 թվականի այդ տանդեմը գոյություն չունի որպես Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան, ընդհակառակը՝ կա Հայաստան եւ Ռուսաստան, եւ ընդ որում՝ Ռուսաստանում օրեցօր գնալով ուժեղանում է պրոհայկական կողմնորոշումը, որովհետեւ գրոհայինների եւ ահաբեկիչների մասնակցությունը, Թուրքիայի մասնակցությունը, Նախիջեւանում եւ ապագայում նաեւ ամբողջ Ադրբեջանի տարածքում թուրքական բազա տեղադրելը հուշում են մեր ռազմավարական դաշնակցին, որ դեպքերի նման զարգացումն անթույլատրելի է։

- Բայց չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլ ոչ թե Արցախի Հանրապետության, որտեղ եւ տեղի է ունենում պատերազմը։

-  Իհարկե, որքան էլ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը ՀՀ տարածքից դուրս է, եւ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավորություն չունեն Արցախի հանդեպ, բայց քանի որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, բնականաբար, կամա թե ակամա, Արցախը եւս ՀԱՊԿ-ի ընդհանուր ծրագրերի մեջ պետք է որ տեղ զբաղեցնի։ Ոչ անմիջականորեն, բայց միջնորդավորված՝ ՀՀ միջոցով։ Դրա համար այստեղ եւս որոշակի հուսադրող բաներ կան, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, բնականաբար, իր միջոցները տրամադրում է Արցախի անվտանգությունը հնարավորինս ապահովելու համար, իսկ այդ միջոցների մի մասը վերաբերում է ՀԱՊԿ-ին, մասնավորապես՝ ՌԴ-ին եւ 102-րդ ռազմաբազային, որն անպայմանորեն կմտնի գործողությունների մեջ, երբ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ ավելի հստակ ագրեսիա նկատվի։

- Հայկական կողմի դիրքորոշումներում կա՞ն տարբերություններ՝ համեմատած 1920 թվականի հետ։

- Այն ժամանակ, ինչպես Սիմոն Վրացյանը կասեր, մենք  թուրքական սալի եւ բոլշեւիկյան մուրճի միջեւ էինք հայտնվել, այդ տեսանկյունից զուգահեռները տեղին չեն։

- 1920 թվականի հայ-թուրքական պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով, ինչո՞վ կավարտվի այս պատերազմը։

- Ես կարծում եմ, որ այդ հարցը տեղին չէ, որովհետեւ այս պատերազմը լրիվ ուրիշ վախճան է ունենալու, եւ դրանում ես խորապես համոզված եմ, լավ կլինի ընդհանրապես Ալեքսանդրապոլի պայմանագրի անունը չտալ, սա ուղիղ հակառակն է լինելու, գուցեեւ Գյանջայի պայմանագիրն է լինելու՝ այն բովանդակությամբ, որ մեր հարեւանը՝ ոխերիմ թշնամին, ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը, սկզբում՝ դե ֆակտո, հետո նաեւ՝ դե յուրե։ Ես կարծում եմ, որ կյանքը դրան է տանում, որովհետեւ պատերազմական գործողությունները հուշում են, որ Ադրբեջանն իր ծրագրերը չի կատարել՝ ոչ բլիցքրիգի, ո՛չ էլ հետագայում նաեւ երկարատեւ պատերազմի, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ մենք շատ պինդ կանգնած ենք մեր հայրենի հողի վրա, վճռական ենք, եւ ոչ մի զիջում չի լինելու այս հարցում, եւ տրամաբանությունը, ի վերջո, բերելու եւ հանգեցնելու է այն փիլիսոփայությանը, որ անկախ Արցախը դառնալու է դե յուրե նաեւ անկախ հանրապետություն եւ, ի վերջո, մաս է կազմելու Հայաստանի Հանրապետությանը։