Ցորենի հաց չկա, երեխաներին ճաթի հաց չտա՞նք. Հեռավար ուսուցման դրական եւ բացասական կողմերը

Ցորենի հաց չկա, երեխաներին ճաթի հաց չտա՞նք. Հեռավար ուսուցման դրական եւ բացասական կողմերը

Սեպտեմբերի 15-ից ուսումնական հաստատությունները կգործեն, սակայն ինչ ձևաչափով՝ ուսուցիչների  եւ աշակերտների համար դեռևս անհասկանալի է: «Կոնկրետ պայմաններ, դետալներ քննարկված չեն, դեռ ժամանակ կա, հստակեցվում է: Մենք բոլորս դարձել ենք փորձագետներ, իսկ այդ ամենի պատասխանը պետք է նեղ մասնագետները տան: Արվելու է ամեն ինչ, որպեսզի երեխայի առողջությանը վնաս չհասցվի: Ես՝ որպես տնօրեն, հակված եմ դպրոցները բացելուն: Կարծում եմ՝ դիմակներով, ալկոգելով, հեռավորություն պահելով, հնարավոր է…: Հաղթում է նա, ով ավելի արագ է հարմարվում փոփոխություններին »,- Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ընթացքում նմանատիպ կարծիք հայտնեց Շիրակի մարզի Հացիկի հիմնական դպրոցի տնօրեն  Աստղիկ Սարիբեկյանը: Նա նաև ընդգծեց, որ գյուղական դպրոցներում, որտեղ աշակերտների թվաքանակը քիչ է, վերը նշված կանոնները պահելը համեմատաբար հեշտ է, բայց ինչ-որ առումով խնդիր է քաղաքային դպրոցների համար:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աստղիկ Հայրապետյանն էլ խոսեց որպես ծնող՝ նշելով. «Որպես երեք երեխաների մայր՝ անհանգիստ եմ: Ինչպե՞ս պետք է իմ երեխաներն ու մյուսները 4-7 ժամ դիմակով նստեն:Ես մտածում եմ, որ այս համավարակի ողնաշարը շատ շուտով կկոտրվի, եւ մենք կանցնենք նորմալ կյանքի, բայց հիմա ինձ համար առաջնայինը իմ երեխաների առողջությունն է՝ թեկուզ կրթական ինչ-որ զիջումների գնով»: 

ՇՊՀ դասախոս, դոցենտ, կրթության փորձագետ Մարիետա Խաչատրյանի խոսքերով՝ անկախ իրավիճակից՝  դպրոցը պետք է զինել առաջնագծի նման,երաշխավորել երեխայի կյանքը եւ ուղարկել այնտեղ: «Երբ երեխաների միջև բնական գեղեցիկ կապերը կարող են վերանալ, դա անշուշտ կունենա իր վատ հետևանքները: Ճապոնիայի նման զարգացած երկիրն այսօր հիմնական խնդրի առաջ է կանգնած՝ ինչպես անել, որ ժպտացող սերունդ ունենան, գլխահակ չունենան: Մի ճապոնացի ուսուցչուհի ինձ հետ զրույցում հիացած էր մեզանով: Իրենց մոտ բոլորը հակված են հեռախոսներին: Նույնիսկ դպրոցական վեճերը, չարաճճիությունները, այդ ամենը կարևոր են: Այս մեկուսացումը վտանգավոր է: Հեռավար կրթությունը պահում է հեռու մահվան աղետից, սակայն հոգևոր մահվան պատճառ  կարող է դառնալ»,-ասում է կրթության փորձագետը՝ միաժամանակ կարևորում է  հեռավար կրթության դերը, որն այս ընթացքում այլընտրանք էր: «Մեր մեծերից մեկին մեջբերեմ, երբ ասում է՝ աղա ցորենի հաց չկա, երեխաներին ճաթի հաց չտա՞նք: Չեղածից անշուշտ լավ էր»: Նա նաև  ընդգծում  է, որ մինչ այս հեռավար կրթության նախապատրաստական աշխատանքներ չեն եղել, եւ ցավով է նշում, որ ինչ-որ առումով ուշացել ենք, պետք էր ավելի վաղ՝ համավարակի՝ Հայաստան ներխուժած առաջին օրերից  մտածել այդ ուղղությամբ: «Բայց պետք է ասեմ, որ ի պատիվ մեր մանկավարժների, ծնողների, երեխաների՝ կորուստները քիչ էին»: Հացիկի հիմնանական դպրոցի տնօրեն  Աստղիկ Սարիբեկյանն էլ հավելում է, որ հեռավար ուսուցման համար վերապատրաստվող մանկավարժների թիվը շատ քիչ է եղել.  «Ավելի շատ են եղել  ինքնավերապատրաստվողները, անհրաժեշտ է, որ պետությունն իր մոտեցումը փոխի»: