Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը X սոցցանցում ողջունել է Հայաստանի գործող իշխանության «խիզախ զիջումները», ինչը հնարավոր է դարձնում Ադրբեջանի հետ կայուն խաղաղության հաստատումը: Որպես մինչև 44-օրա պատերազմն արևմտամետ կողմնորոշում ունեցող անձնավորություն, ուզում եմ իմանալ, թե ինչու տիկին Բերբոկն անհրաժեշտ ջանքեր չէր գործադրում, որպեսզի «խիզախ զիջումների» գնար Ուկրաինայի իշխանությունը: Նկատի ունեմ սպառազինության մատակարարման կասեցումը պատերազմի մեջ գտնվեղ պետությանը, որպեսզի դրա ղեկավարին այլ տարբերակ չմնար, քան ռուսական պահանջներին համաձայնելը: Այն, ինչ արվեց ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի կողմից ու անմիջապես տվեց իր արդյունքը: Դրա փոխարեն թե՛ իր և թե՛ մնացած եվրոպական կառավարությունները (գումարած Կանադան) շարունակում էին ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգելու առումով: Թե՞ իրենց անհրաժեշտ չէր, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվեր Արևելյան Եվրոպայում:
Ինչպես երևում է, ոնց էլ գցենք, բռնենք, եվրոպացիներին պետք էր, որպեսզի պատերազմում խայտառակ պարտություն կրած Հայաստանը, պարտություն կրի նաև դիվանագիտության ասպարեզում: Այլապես Հայաստանի գործող իշխանության «խիզախ զիջումները» ողջունելու փոխարեն ամեն ինչ կարվեր, որպեսզի դրա կարիքը չզգացվեր: Ինչի փորձը Գերմանիայի պես պետությունն ունի. Հիշենք 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրության պարտության ամրագրումը: Սկզբում դա տեղի ունեցավ Կոստանդնուպոլիս քաղաքի Սան-Ստեֆանո արվարձանում, իսկ այնուհետև Բեռլինում: Որտեղ այդ պատերազմում հաղթանակ տարած պետության՝ ռուսական կայսրության ձեռքբերումները բավական լրջորեն կրճատվեցին: Ի դեպ, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրները, վստահաբար, կփորձեն կիրառել նույն երևույթը: Ինչպես տեսնում ենք, Հայաստանի դեպքում դա չարվեց: Ինչը վկայում է, որ մեր պարագայում անընդհատ սխալ է դուրս գալիս արմտամետ կոմնորոշում ունենալը: Իսկ եթե ասվածին գումարենք նաև 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության կառավարության սպասելիքները Սեվրի պայմանագրից, դրանց ի դերև լինելը, ապա այդ առումով հարցականներ չպետք է որ այլևս լինեն:
Գերմանիայի ԱԳ նախարարի սոցցանցային նշումին հավելենք Երևանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի բարձրաձայնած մեկ-երկու միտքը: Գլխավորը այս մեկն է. «Հայաստանը կարող է հայտնվել ռուսական ապատեղեկատվական հարձակումների թիրախում, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա» (մեջբերում «Արմենպրես»-ից): Որպես ասվածի վկայություն պրն. Վելդկամպը հիշատակել է Մոլդովայի և Վրաստանի օրինակները: Գործից տեղյակ մարդիկ կհաստատեն, որ այդ երկրներում, իսկապես, տեղի են ունեցել տեղեկատվական հարձակումներ: Սակայն դրանք իրականացվել են ոչ թե ռուսական, այլ հենց եվրոպական պետությունների չինովնիկների կողմից: Վրաստանի դեպքում հատկապես՝ երկրի ներքին գործերին կոպիտ միջամտելու համատեքստում:
Ինչո՞ւ Վրաստանի. որովհետև Մոլդովայի դեպքում գործող նախագահ Մայա Սանդուն երկրի ինքնիշխանության նշաններ անգամ չէր ցուցաբերում: Եվ նրա հաղթանակն էլ ապահովվեց ոչ թե Մոլդովայում ապրող մոլդովացիների, այլ արևմտյան երկրներում բնակվող սփյուռքի շնորհիվ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունեցել այդ երկրում՝ օրինակ բերեմ մեր կյանքից: Պատկերացրեք, որ Ազգային ժողովի ընտրություններին ՔՊ-ականները պարտվում են: Բայց եթե Հայաստանի օրենսդրությամբ ևս թույլատրված լիներ մշտապես կամ երկար ժամանակով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությունը պետական ընտրություններին, ապա դրանց արդյունքում ՔՊ-ականները հաղթանակ կտանեին արևմտյան երկրներում բնակվողների քվեների շնորհիվ: Ինչի շնորհիվ էլ կշարունակվեր երբեմնի «դուխով» Նիկոլի հաղթարշավն ընդդեմ սեփական պետությունում ապրողների:
Ի դեպ, Կասպար Վելդկամպի ասելով, կա վտանգ, որ ապագայում ՌԴ ապատեղեկատվական հարձակումների թիրախի վերածվելով՝ կարող են վնասվել Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայի և այլ երկրների հետ, ինչպես նաև լարվածություն կհրահրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ հարաբերություն պետք է ունենա պատերազմում պարտված Հայաստանը պատերազմում պարտված Ուկրաինայի հետ: Հատկապես որ վերջինիս ռազմական գործընկերը ոչ թե Հայաստանն էր (և է), այլ ՀՀ-ին թշնամի Ադրբեջանը: Իսկ այլ երկրների առումով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այլ երկրների թվաքանակն աշխարհում շուրջ 200 է: Ինչ մնում է հրահրելու վերաբերյալ ՌԴ-ի վերաբերյալ «բամբասանքին», ապա Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը: Դա լավ է , թե վատ՝ այլ հարց է:
ՀԳ. Ինչ վերաբերում է Հայաստան Նիդեռլանդների ԱԳ նախարարի այցին, ապա դրա արդյունքում կնքվել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր: Իսկ թե ինչ է տալու դա Հայաստանին՝ երևաց Կասպար Վելդկամպի ընդամենը մեկ-երկու մտքից:
Կարծիքներ