Անհայրենիք- անտարբերների մի հսկա խավ է ձեւավորվել այս տարիներին

Անհայրենիք- անտարբերների մի հսկա խավ է ձեւավորվել այս տարիներին

Ես լրիվ հասկանում եմ, որ անգամ պատերազմի ու դաժան ռեպրեսիաների ժամանակ մարդիկ շարունակում են ապրել։ Եւ անգամ ամենածանր ողբերգություններից հետո էլ մարդը շարունակում է ապրել․ զավակին դնում է հողի մեջ ու շարունակում է ուտել, խմել, երբեմն ժպտալ ու ծիծաղել, նաեւ ինչ որ պահերի մոռանում է իր ցավը։ Բայց երկոտանիների մի տեսակ կա, որն ապրում է ի հեճուկս մարդկային բարոյականության ու ցավի։ Որը չունի հիշողություն ու հայրենիք, ցավի ու ափսոսանքի զգացում, ծանր կացության մեջ հայտնվածների հանդեպ կարեկցանք, իր նախնիներին հիշելու եւ արժեւորելու պահանջ։ 

Պարզապես՝ ապրում է այսօրվա օրով, ուրախանում է իր կենցաղային հաջողություններով, թքած ունի պետության ու ազգի, իր պատմության ու արժեքների վրա։ Նա իրեն համարում է ժամանակակից ու առաջադեմ աշխարհի մասնիկը։ Նրա համար մեկ է՝ կլինի Հայաստան պետություն, թե ոչ, ինքը կապրի Հայաստանում, թե՝ Ուրուգվայում։ Արցախում մարդիկ կզոհվեն ու հող կհանձնեն, թե՝ կարտագաղթեն ու կհիմնավորվեն Հայաստանում եւ Ռուսաստանում։ Ադրբեջանցիներն ու թուրքե՞րը կգան Հայաստան, թե՞ ֆրանսիացիներն ու ռուսները։ ՀՀ տարածքը կլինի 29 հազար քառակուսի կիլոմետր, թե՞ 19 հազար։ Սյունիքը կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, եւ աշխարհի հետ սահման կունենա՞․ թե՞ կդառնա տրանզիտ գոտի՝ արեւելքից արեւմուտք երթեւեկողների համար։ 

Նրան բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ օրենքներ է ընդունում ՀՀ Ազգային ժողովը եւ ինչ վճիռներ են կայացնում Հայաստանի դատարանները։ Նա անտարբեր է քաղբանտարկյալների հանդեպ եւ քաղաքական պայքարն էլ նրան խորթ է։ Նա չի ճանաչում իր իշխանության ներկայացուցիչներին եւ չի ուզում խորանալ իրավիճակի նրբությունների մեջ։ Ընդդիմության ու որոշ շրջանակների տվայտանքները՝ Աղավնոն ու Բերձորը հանձնելու կամ այլ ազգային ցավերի հետ կապված նրան կամ տարօրինակ են թվում, կամ՝ զավեշտալի։ Նա իր լոկալ աշխարհն ունի՝ հիմնականում իր նման անհայրենիք ու անտարբեր անձանցից կազմված, որոնք շաբաթը 5 օր ինչ որ օֆիսներում են աշխատում, հաճախ օնլայն պատվերներ կատարում կամ դրսից ֆինանսավորվող ինչ որ ծրագրերի մասնակցում, իսկ շաբաթ-կիրակի օրերին ինչ որ ակումբներում ու փաբերում տժժում են, թմրանյութեր ընդունում, խմում։ Տարին մեկ-երկու անգամ արտասահմաններում են հանգստանում։ Մի քիչ հետաքրքրված են իրենց ոլորտի նորություններով եւ, որպես կանոն, ափսոսում են, որ հայ են ծնվել։ Նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնում են ապրելու որեւէ այլ երկիր։ Իհարկե, լավ ծանր ու թեթեւ անելուց եւ պարզելուց հետո, որ դրսում ավելի շատ կվաստակեն ու ավելի քիչ կաշխատեն, քան այստեղ։ 

Նրանք ընտրությունների կամ չեն գնում, կամ ընտրում են օրվա իշխանություններին, որ իրենց փոքրիկ կոմֆորտ զոնան չխախտվի, որովհետեւ հայտնի չէ, թե հաջորդ իշխանության ժամանակ ինչ կփոխվի իրենց կյանքում։ Նրանք ուշ են ամուսնանում, քիչ երեխաներ են ունենում։ Քամահրանքով են վերաբերվում ամեն ազգայինի ու հայկականի։ Հայ գրականություն չեն կարդում, հայկական երաժշտություն չեն լսում, հայկական մամուլ եւ հեռուստատեսություն չեն նայում։ Եւ առհասարակ՝ հայ ժողովրդին համարում են ռաբիզ ու գեղցի ազգ, որի հետ իրենց ոչինչ չի կապում՝ բացի պատահականորեն այս տարածքում լույս աշխարհ գալը։ 

Նրանք բուռն էմոցիաներ չունեն ոչնչի հանդեպ եւ մարդկային բուռն էմոցիաները՝ ատելությունը, հուզմունքը, զայրույթը, նվիրվածությունը, գոհունակությունը, սերը, ափսոսանքը, հիացմունքը եւ այլն համարում են հետամնացության դրսեւորումներ։ Իսկ անտարբերությունը, ամեն ինչից դժգոհելը, ազգայնականությունը ծաղրելն ու արհամարհելը, ընդդիմությունից զզվելը, քաղաքականությամբ չհետաքրքրվելը՝ առաջադիմության ու ժամանակակից լինելու ապացույց։ 
Նրանք եթե ստատուսներ են գրում ֆեյսբուքում, ապա գրում են մանվածապատ ու անհասկանալի, կոդավորված՝ իբրեւ թե ինքը շատ խոր, խելացի անհատականություն է,  պարզունակ տեսակ չէ, փորձեք ձեր պարզ ուղեղներով հասկանալ, թե ինչ եմ գրել։ Կամ գրում են օրվա հոգսից հեռու մի թիթիզ բան՝ լավ, էս մեր քաղաքի աղմուկը, կամ՝ փոշին, կամ՝ բոմժերը․․․ե՞րբ են պակասելու։ Կամ՝ գնացինք Դիլիջան, լավ հանգստացանք, էս էլ՝ նկարները։ Կամ՝ երեխայի հումորներն ու հերոսություններն են պատմում, թե՝ տեսեք, ինչ տաղանդավոր երեխա ունեմ։ 

Ճիշտ է՝ այս անտարբեր-անհայրենիքների մեծ մասը 2018-ին փողոցում էր եւ ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանը հեռանա ու Նիկոլը գա, բայց դա էպիզոդիկ ներգրավվածություն էր քաղաքականության մեջ՝ կողքի ազդակներից հրահրված եւ մոդային տուրք տալու հետեւանք։ Դե, քանի որ դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները, քաղհասարակություն կոչվածը ամբողջովին ներգրավված էր այդ պայքարին, իսկ նրանց մեջ այս խավի ներկայացուցիչները կամ նրանց ընկերները քիչ չէին, ուստի իրենք եւս ելան փողոց ու արեցին այն, ինչ արեցին։ Բայց հետաքրքիր է, որ հետագա 4 տարիների իրադարձությունների համար սրանք իրենց պատասխանատվությունը բոլորովին չեն զգում․ է, հա, դուրս եմ եկել փողոց՝ աջակցել են, որ Նիկոլը գա իշխանության, բայց դա ի՞նչ կապ ունի այսօրվա իրավիճակի ու բոլոր այս կորուստների հետ․ ասում են սրանք։