Ի՞նչ է լինելու ղազախներին վաճառած մեքենաների ճակատագիրը, և ինչպե՞ս են վճարելու դրանց գույքահարկը (տեսանյութ)

Ի՞նչ է լինելու ղազախներին վաճառած մեքենաների ճակատագիրը, և ինչպե՞ս են վճարելու դրանց գույքահարկը (տեսանյութ)

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Հայաստանից արտոնյալ պայմաններով Ղազախստանի քաղաքացիներին վաճառված ավտոմեքենաների հետ կապված խնդրին։ 

«Գիտեմ, որ Ղազախստանը որոշ սահմանափակումներ կա՛մ արդեն ներմուծել է, կա՛մ փորձում է ներմուծել տվյալ ավտոմեքենաների՝ Ղազախստան մուտքն արգելելու համար։ Մենք, իրականում, Հայաստանը՝ որպես այդպիսին, այս պահին չունի, որովհետև մենք և ոստիկանությունն ամբողջ տեղեկատվությունը տրամադրել ենք իրենց, այսինքն՝ այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման, ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե և Ղազախստանն էնպիսի սահմանափակումներ ներպետական օրենքներով դնի, որ արտոնությամբ մաքսազերծած ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը։

Hraparak.am-ը նկատեց, որ այդ մեքենաները հայկական գրանցում ունեն, հայկական պետհամարանիշներով են, և դրանց համար գույքահարկ պետք է մուծվի, տեխզննում պետք է անցնեն, ինչպե՞ս է դա իրականացվելու օտար երկրում։ Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ այդ մեքենաները նորից հետ բերեն Հայաստան։

«Տեսեք, հայկական գրանցումով են իրենք տարել էդ մեքենաները, որպեսզի այնտեղ կարողանան վերավաճառել, միանշանակ` պետք է գրանցումից էդ ավտոմեքենան դուրս գա։ Եվ եթե վերավաճառեն, այո, իրենք պետք է վերադառնան Հայաստան, որ եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, միանշանակ այդ պարտավորությունը կատարելուց հետո նոր այդ ավտոմեքենաները մենք էստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան իրենց մոտ վերահաշվառեն»,-ասաց նա։

ՊԵԿ փոխնախագահը նաև նշեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որ on line հարթակ ստեղծեն, որպեսզի արտասահմանում գտնվող մեքենաների տերերը կարողանան այդ տարբերակով գույքահարկը վճարել։

Մանրամասն՝ տեսանյութում։