Իրատես լինենք

Իրատես լինենք

Երեկ ընդդիմությունը վերջապես հրապարակեց իր վարչապետի թեկնածուի անունը, որը, ըստ ընդդիմության ճանապարհային քարտեզի, պետք է կառավարի երկիրն այս անորոշ ու աղետալի փուլում՝ լուծի բարդագույն խնդիրներ, դրան գումարած՝ կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Թշնամուս չէի ցանկանա նման ծանր բեռ, բայց Վազգեն Մանուկյանը «հին ոսկոր» է՝ 30-40-ամյա պայքարի բովով անցած, «Ղարաբաղ» կոմիտեի ակունքներից եկող եւ մեկ անգամ արդեն երկրի կառավարման ղեկին անչափ մոտեցած։

Ցավալի է, անշուշտ, որ մեր երկիրը, մեր հասարակությունն այս 30 տարիների ընթացքում ոչ մի վառ անհատականություն չծնեց, ոչ մի լավ բան չստեղծեց, քան խորհրդային պետության ծնած ու աճեցրած կադրերն էին, որոնք առաջին պլան եկան 1988-ի հրաշագեղ շարժման արդյունքում։

Մենք, փաստորեն, շարունակում ենք իշխանություն ընտրել «Ղարաբաղ» կոմիտեի կազմից, եւ շրջանառվող անուններն էլ ղարաբաղյան շարժման ու պատերազմի հետ են կապվում։ Բայց կյանքն ապացուցեց, որ երիտասարդ ու տաքարյուն, թերի կրթությամբ եւ փորձով մարդկանց իշխանություն վստահելը հղի է կործանարար հետեւանքներով, ավելի լավ է ընտրել տարեց ու պահպանողական կառավարիչ, քան երիտասարդ ավանտյուրիստ, որը վճռական պահին գերագնահատում է իր ուժերը եւ երկիրը տանում դեպի անդունդ։

Մեր հասարակությունը, իհարկե, կրկին դժգոհ է, եւ երեկ Վազգեն Մանուկյան-թեկնածուի թերություններն էին համացանցում քննարկում։ Բայց այդ քննարկողները ոչ մի այլընտրանք չեն առաջարկում։ Եվ առհասարակ՝ իդեալական թեկնածու չի լինելու՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ երբեւէ։ Մենք պետք է կարողանանք ընտրություն կատարել եղածից, լինել իրատես եւ պետք է փորձենք ոչ թե օրուգիշեր խավարն անիծել, այլ մի քանի մոմ վառել՝ մեր երկիրը պատած խավարը ցրելու համար։