Մենք իրենց չենք քննադատում, իրենք շարունակում են սեւ-սպիտակի բաժանել հասարակությանը

Մենք իրենց չենք քննադատում, իրենք շարունակում են սեւ-սպիտակի բաժանել հասարակությանը

Այսպիսի շրջան է՝ տեղից վեր կացողը կոչ ու հայտարարություն է տարածում։ Հայրենասիրության մրցույթ է ու ճոռոմ խոսքերի շնորհանդես՝ ով ում կգերազանցի, ով ավելի թունդ ու հայրենասիրական ճառ կասի, ով ավելի շատ արցունք կկորզի հուզված հայերի աչքերից։ 

Բայց ամենատարածված երեւույթը լրագրողներին ու լրատվամիջոցներին դաս տալն է։ Ոմանք հազիվ լեգիտիմ հնարավորություն են ստացել լրատվամիջոցներին փնովելու ու նրանց գլխին ավետարան կարդալու, նրանց քննադատելու եւ արածը նսեմացնելու։ Բնականաբար՝ առաջին հերթին այդ ալիքն ուղղվում է ազատ լրատվամիջոցներին, որոնք իշխանությունների կրնկի տակ չեն եւ ծառայել են իրենց բուն առաքելությանը՝ իշխանությունների սխալները քննադատելուն, ապաշնորհ կառավարումը բացահայտելուն եւ այլն։ Այսօր եկել է պահը այդ լրատվամիջոցներին «սանձելու»։

Նախ, ռազմական դրություն են մտցնում, որի գլխավոր կետերից մեկը, բնականաբար, լրատվության եւ հրապարակումների ազատությունը սահմանափակելն է։ Մի լղոզված սահմանում են զետեղում Ռազմական դրության մասին որոշման մեջ՝ այդ մասով, որ ինչ ուզենան մտցնեն դրա տակ եւ որ լրատվամիջոցին ուզենան ասեն՝ խախտել եք Ռազմական դրության կարգը։ Ապա համացանցով ու պետական բոլոր օղակներով սկսում են սաստել ու սահմանափակել, որ հանկարծ որեւէ այլընտրանքային ինֆորմացիա չսպրդի մամուլ եւ մենք մնանք Արծրուն Հովհաննիսյանի եւ այլ չինովնիկների լրատվության հույսին։ Կուզեն՝ սեւին սպիտակ կասեն, կուզեն՝ մահվան դեպքերը կթաքցնեն, կուզեն կասեն՝ ողջ Ադրբեջանը գրավել ենք ու հասել ենք Բաքու․․․ Եւ մենք ոչ միայն չենք կարող այդ ինֆորմացիայի ճշմարտացիությունը ստուգել, այլեւ որեւէ ուրիշ աղբյուրից դրան հակասող տեղեկատվություն հրապարակել։ 

Մեզ բոլոր առումներով սահմանափակել են, որ միայն պաշտոնական տեղեկատվություն հրապարակենք, բայց դրանով էլ չեն բավարարվել, հիմա էլ՝ սեւ ու սպիտակ լրատվամիջոցների ցանկեր են հրապարակում, փորձելով ապագայի համար էլ դիվիդենտներ քաղել այս ողբերգությունից։ Հրապարակել են, թե որ կայքերից կարող են օգտվել քաղաքացիները՝ իբրեւ թե ճշտված ինֆորմացիա ստանալ։ 

Եթե ռազմական դրություն եք հայտարարել եւ օրենքով սահմանափակել մեր գործելու ազատությունը, այլեւս ի՞նչ վախեր ունեք՝ ինչո՞ւ եք դասակարգում ու պիտակավորումներ տալիս լրատվամիջոցներին, ինչո՞ւ եք՝ արդեն որպես բիզնես, ուզում վնասել մեր գործին։

Մենք ընթերցողների շատ մեծ բանակ ունենք եւ հուսով ենք, որ այդ բանակը քաջ գիտակցում է, թե մենք ինչ ենք անում եւ գնահատում է այն իրական հայրենասիրությունը, որը բխում է մեր գործողություններից։ Հասկանում են, որ իրական հայրենասիրությունը կեղծ պաշտոնական տեղեկություններ տարածելը չէ, ոչ էլ անվերապահորեն պաշտոնական հաղորդագրություններին հավատալը, այլ ճշմարտացի, օպերատիվ եւ ամբողջական ինֆորմացիա ընթերցողին հասցնելը, որի առաջ մենք պարտավորություններ ունենք ստանձնած։ Իհարկե, նաեւ նրա ոգին չկոտրելով եւ հակառակորդի կեղծ տեղեկատվության առաջ կանաչ լույս չվառելով։ Բայց ձեր հետին նպատակները՝ վնասել մեր աշխատանքին, առանձնացնել սեւ ու սպիտակ լրատվամիջոցներ, անվստահություն տարածել մեր արած գործի հանդեպ, ակնհայտ են, դրանք փուչ, նսեմ քաղաքական նպատակներ են՝ օրվա իշխանությունների շահերից բխող։

ՀԳ․ Ի դեպ, մենք չէինք էլ կասկածում, որ «սպիտակ» լրատվամիջոցների ցանկում լինելու են «Հայկական ժամանակը», «Ազատությունը» եւ իշխանությունների հետ սերտորեն աշխատող մի շարք այլ լրատվամիջոցներ եւ այդ ցանկում տեղ զբաղեցնելը մեր պատվից ցածր կլիներ, ուղղակի այս ռեպլիկն արեցինք, որ իմանաք՝ ամեն ինչ ավելի քան հասկանալի է եւ պատերազմի ու հայրենասիրության քողի տակ արված ձեր մութ գործերը նույնպես տեսանելի են մեզ։