Եթե հանձնում է Արցախը, ստիպված է լինելու նաև հանձնել Սյունիքը

Եթե հանձնում է Արցախը, ստիպված է լինելու նաև հանձնել Սյունիքը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

- Տիկին Գրիգորյան, վարչապետ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց: Վարչապետը նախ նշեց, որ զիջել-չզիջելը շատ հարաբերական բաներ են։ «Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Ինչու՞ եմ ասում՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, որովհետև ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Հիմա այս արձանագրումից հետո ինչու՞ պիտի, օրինակ, որևէ մեկը ինձ անվանի դավաճան և ո՞վ է այդ որևէ մեկը․ նա, ով համարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրականում 300 000 քառակուսի կիլոմետր է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 000 քառակուսի կիլոմետրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է այս հայտարարությունը նշանակում:

- Նախ ասեմ, որ ես Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներին չեմ հետևում, որովհետև նա ի վիճակի չէ նոր բան ասելու: Այս հարցազրույցն այն մասին էր, որ խաղաղության անվան տակ մի հերթական փաստաթուղթ է ստորագրվելու, որը, ըստ էության, բոլորովին խաղաղության մասին չէ: Խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ուտոպիստական են: Ցանկացած հայ մարդ խաղաղություն է ուզում, բայց Նիկոլ Փաշինյանի խաղաղության մասին թեզը պատրանք է: Խաղաղություն չի լինելու, քանի դեռ Արցախի հարցը վերջնականապես լուծված չէ: Ուզում են՝ անգամ 10 խաղաղության պայմանագիր կարող են ստորագրել, դա ոչինչ չի փոխում: Նորից եմ ասում` այն ղեկավարը, որն Արցախի հարցը վերջնական չլուծած փակում է Արցախի էջը և մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին թողնում է դեմ առ դեմ ադրբեջանցիների հետ, այդ ղեկավարը միարժեքորեն պետք է դավաճան կոչվի: Ինչքան էլ նա վկայակոչի 29.800 քառակուսի կիլոմետրը, դրանից բան չի փոխվում: Տարբեր մասնագետներ փաստում են, որ նշված քառակուսի կիլոմետրի մեջ կարող է լինել այն անկլավ կոչվածների հարցը, որոնք իրականում հայկական գյուղեր են: Այստեղ ևս պետք է ինչ-ինչ բաներ հասկանանք: Եթե, օրինակ, Տիգրանաշենն ու Տավուշի այլ գյուղերը չեն մտնում նշված թվի մեջ, նշանակում է, որ Հայաստանը հյուսիսից հարավ ճանապարհներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ: Դա ի՞նչ է, եթե ոչ ամբողջ Հայաստանի հանձնում.... Փաշինյանի հիմնական ասելիքն այն էր, որ Արցախը հանձնելով պահում է Հայաստանը, սակայն մենք բոլորս ենք հասկանում, որ եթե հանձնում է Արցախը, ստիպված է լինելու նաև հանձնել Սյունիքը: Աշխարհը խառը վիճակում է, ոչ մի տեղ խաղաղ չէ: Ինչպե՞ս ես այս տարածաշրջանում խոսում խաղաղության մասին, հատկապես, երբ հարևաններդ Ադրբեջանն ու Թուրքիան են: Հիմա պետք է միայն խոսվի մեր անվտանգությունն ապահովելու մասին, մնացածի մասին խոսելն անիմաստ է:

- Վերջին շրջանում իշխանական շրջանակներն ակտիվ քննարկում են ՀԱՊԿ-ից դուրս գալու և Հայաստանում արևմտյան վեկտորի ազդեցությունը հնարավորինս մեծացնելու մասին: Այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալն ի՞նչ կտա Հայաստանին՝ թե լավ և թե վատ իմաստներով:

- Ես չեմ առարկում, որ ՀԱՊԿ-ն ինչ-ինչ հարցերում թերացել է և դրա հետ կապված դժգոհությունները կարող են օբյեկտիվ լինել, սակայն բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե անհապաղ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք, նաև պետք է հստակ ասեն, թե Հայաստանի հաջորդ քայլը որն է լինելու: Հաշվարկվա՞ծ են այն բոլոր ռիսկերը, որոնց հետ առերեսվելու են Արցախն ու Հայաստանը: Որքան էլ մեր մտահոգություններն արտահայտում ենք ռուսական կողմի հետ կապված, միևնույն ժամանակ Ռուսաստանին դեմարշ անելն այս պահին մեծ արկածախնդրություն է, հատկապես, երբ հողի վրա այլընտրանք չունես: Տեսականորեն, հայտարարությունների մակարդակով գուցե որոշ արևմտյան երկրներ մեզ պաշտպանում են, սակայն շեշտում եմ` հողի վրա մենք այլ դաշնակից այս պահին չունենք:

-  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններին: Վերջինս Հնդկաստանից զենք գնելու մասին լուրերը չհերքեց:

- Կդժվարանամ այս մասին հստակ ինչ-որ բան ասել, սակայն կարող եմ ասել, որ Հնդկաստանի դեսպանը հրապարակում է արել և բավականին զարմացած է այդ հայտարարությունից: Սա թույլ է տալիս կասկածի տակ դնել Փաշինյանի ասածները, սակայն կարծես նա չպնդեց էլ, որ զենք է գնել Հնդկաստանից: Առհասարակ որևէ մեկը իշխանություններից այս մասով հստակ ոչինչ չի ասել: Սակայն մի ուշագրավ բան տեղի ունեցավ կառավարության նիստերից մեկի ժամանակ: Փաշինյանն ակնարկեց, որ փող է տվել Ռուսաստանին, սակայն զենք չի ստացել