Հիմարություններ զեկուցող պաշտոնյաներին ի գիտություն

Հիմարություններ զեկուցող պաշտոնյաներին ի գիտություն

Հայաստանի «անկլավ» կոչվող բնակավայրերում ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու արդյունքում, իրավամբ, մեկուսացվում են շրջակա հայկական բնակավայրերը, սահմանափակվում են մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ չհաշված անվտանգությունը։

Պետական իրավասու մարմինները միջազգային հարթակներում անհապաղ պետք է իրավական գործառույթներ ձեռնարկեն սկսված անկանխատեսելի հումանիտար աղետի կապակցությամբ, իսկ ՀՀ հիմնական օրենքի ուժով պարտավոր են հարուցել քրեական գործեր։

Նման անօրինական ուղեկալների տեղադրումը բացահայտ սպառնալիքով, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, ընդ որում, ազատ տեղաշարժման սահմանափակման, կյանքի իրավունքի տոտալ խախտման, հումանիտար աղետի  պայմաններում։

Իրավական ներպետական և միջազգային հարթակներում անպատժելիության մթնոլորտն արյան հոտ առած գազանին դարձնում է հանդուգն, իսկ թերհավատությունն ու հավատքի պակասը նրա ընտրած զոհին դարձնում է վախկոտ։

Առերևույթ անհնարին թվացող այս խնդիրն ունի պրակտիկ  լուծման բանալի, ի շահ միջազգային իրավունքի, ի շահ իրենց բնօրրանում ապրող օրինապաշտ քաղաքացիների: Բոլոր թերահավատ, մանր ու մեծ անսխալականության բարդույթով տառապող, բարձր դռանն անատամ հիմարություններ զեկուցող պաշտոնյաներին ի գիտություն, ի գիտություն նաև Բարձր Դռանը.
Խնդիրն ունի՛ լուծում:

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն