Նույնն է, որ քննարկենք՝ Toyota-ի գործարանի կառուցման վնա՞սն է շատ, թե՞ օգուտը

Նույնն է, որ քննարկենք՝ Toyota-ի գործարանի կառուցման վնա՞սն է շատ, թե՞ օգուտը

Ամուլսարի շուրջ կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, բայց սա անդորր է փոթորիկից առաջ։ Ամեն դեպքում՝ ակտիվիստների խումբը շարունակում է հանքի ճանապարհը փակ պահել, իսկ «Լիդիան Արմենիա»-ն՝ սպասել, որ ճանապարհը բացվելու է, եւ իրենք սկսելու են հանքի գործարկմանն ուղղված աշխատանքները։ Մենք զրուցեցինք «Լիդիանի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ։ 

- Պարոն Ալոյան, Ամուլսարի շուրջ քննարկումները շարունակվում են, հնչում են ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ կարծիքներ, բայց «Լիդիան Արմենիան» կարծես չի մասնակցում բանավեճին: Օրերս «Հրապարակում» երկու հոդված հրապարակվեց, որի հեղինակներից մեկը հիմնավորում էր, որ Ամուլսարի չաշխատելն ավելի մեծ վնաս է երկրի համար, քան աշխատելը, մյուսի հեղինակը հակառակն էր հիմնավորում: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին իրադարձությունները, եւ Ձեր հիմնավորումը՝ երկրի համար ո՞րն է ավելի լավ կամ վատ` գործարկե՞լը, թե ո՞չ: 

- «Լիդիանը» վերջին շրջանում, որպես կանոն, չի արձագանքում Ամուլսարի շուրջ ծավալվող քննարկումներին: Մանրամասներին հիմա էլ չեմ անդրադառնալու: Մենք համարում ենք, որ ամեն ինչ ասված է, ու բոլորի համար ակնհայտ է, որ երկրի լավագույն ներդրումային ծրագիրը տեւական ապօրինության պատճառով դարձել է քաղաքական քաշքշուկի առարկա: Ի՞նչ բնապահպանության մասին է խոսքը, երբ բոլոր կողմերը, նույնիսկ հանքի ընդդիմախոսները, ընդունում են, որ «Լիդիանի» բնապահպանական կառավարումը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանում մինչ այժմ գործող բոլոր ոլորտների բոլոր ծրագրերինը: Ու, միեւնույն է՝ այս անվերջ «բեմադրությունը», աղմուկ-աղաղակը հենց միայն Ամուլսարում են: Դեռ կա՞ն մարդիկ, որոնց թվում է, որ աշխարհում չեն տեսնում այս անհեթեթությունը: Բոլորի համար ամեն ինչ պարզ է, բայց Ձեր նշած հոդվածներում հնչած թեր եւ դեմ կարծիքների կապակցությամբ մի քանի հակիրճ բան կասեմ: 

«Ո՞րն է ավելի վնաս՝ աղքատ երկիր ունենա՞լը, թե՞ Ամուլսարը գործարկելը» հարցադրումն ի սկզբանե սխալ է: Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ Ամուլսարը միայն օգուտ է երկրի համար: Այն բնապահպանական չափանիշները, որոնցով մենք աշխատելու ենք, բացառում է օդի, ջրի, հողի աղտոտումը: Եթե խոսում ենք վտանգներից ու վնասներից, ապա վնասը, օրինակ, ոչ մի չափանիշի չհամապատասխանող Երեւանի տրանսպորտային արտանետումներն են: Արեւմտյան լավագույն չափանիշներին համապատասխանող հանքը, հաստատ, նման վտանգներ չունի: Հետեւաբար, «վնա՞սն է շատ, թե՞ օգուտը» հարցադրումը նույնն է, թե քննարկենք՝ Հայաստանում, օրինակ, Toyota-ի, Samsung-ի կամ IKEA-ի գործարանի կառուցման վնա՞սն է շատ, թե՞ օգուտը: 

Ամուլսարի տնտեսական օգուտներն անհերքելի են, իսկ եթե Հայաստանում լիներ «Լիդիանի» նման եւս 5 ներդրող, երկրի տնտեսությունն աննախադեպ աճ կգրանցեր: Բայց կգա՞ն նման որակի ներդրողներ՝ տեղի ունեցածից հետո: Գոյություն չունեցող «վտանգների» հեղինակներն ու այդ կրակի վրա ձեռքերը տաքացնողներն արդեն իսկ լրջագույն ու գուցե անդառնալի վնաս են հասցրել երկրի հեղինակությանը: Իրական վնասը հենց դա է: 
 

Վերջին մեկ տարվա ընթացքում ոսկու համաշխարհային գինը 25 տոկոսի աճ է գրանցել: Եթե չլիներ ապօրինությունը, այսօր արդեն Ամուլսարն արտադրանք կտար՝ էլ ավելի շատ մուտքեր ապահովելով բյուջե, քան ի սկզբանե նախատեսվում էր: Դրա փոխարեն, ով չի ալարել, ամեն տեսակ դիլետանտներ՝ Ամուլսարում գոյություն չունեցող վտանգներ են փնտրել, անհեթեթություններ տարածել: Արդյունքում մենք այսօր ունենք ռեալ, գոյություն ունեցող ու շոշափելի տնտեսական կորուստներ, երկրի հեղինակության անկում ու այդ համայնքներից արդեն զգալի արտագաղթ: 

Եվ վերջապես․ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ամուլսարի դեմ այս արշավը կազմակերպված է որոշակի բիզնես շրջանակների կողմից: Մինչ այսօր այս ուղղությամբ ոչ մի բացահայտում չի արվել: Բոլորը գիտեն, որ մեր երկրում ներդրողի դեմ արշավ է կազմակերպված, ոմանք հաճույքով մասնակցում են այդ արշավին, ճանապարհներն էլ շարունակվում են փակ մնալ: Ահա, այսպիսի հեղինակություն ձեռք բերելն է իրական ու մեծ վնասը: