Անմեղ հիմարությո՞ւն, թե՛ հարկային տեռոր

Անմեղ հիմարությո՞ւն, թե՛ հարկային տեռոր

Մի տուփ քիչ ծխելու և մի շիշ քիչ խմելու մասին վարչապետի հայտնի հայտարարությունը առաջին հայացքից անմեղ հիմարություն է կամ էլ հերթական չհիմնավորված ու անգրագետ ձևակերպումը։ Համանման անմեղ դրսևորումներ իհարկե մենք շատ ենք տեսել, բայց եթե խորանանք իրերի էության և մանրամասների մեջ, ապա պարզ կդառնա, որ անմեղ հիմարության փաթեթավորմամբ քաղաքացիներին ներկայացվում է պետության տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը։ Փաստացի դա հայտարարություն է հարկային տեռորի մասին և մեծ հաշվով Փաշինյանի կառավարությունը շարժվում է ռեկետի ճանապարհով, ինչի վերջնական հանգրվանը պետական կոռումպացված կապիտալիզմն է։ Իրականում Հայաստանում չկա սոցիալական համակարգ, իսկ քաղաքացիներն էլ զրկված են սոցիալական պաշտպանվածությունից։ Հարկային բեռի ծանրացումը, առհասարակ անարդար հարկային համակարգի գոյությունը  և քաղաքացիներին անդադար տուգանելու պրակտիկան ասվածի լավագույն վկայություններն են։ 

Այսինքն, կառավարությունը օրենքի ուժով թալանում է քաղաքացիներին՝ բարձրացնելով հարկերն ու մեծացնելով տուգանքները։ Իսկ մարդիկ էլ միայնակ են պետական զորեղ մեքենայի դեմ և որևէ մեկը չի պաշտպանում նրանց շահերն ու իրավունքները։ Ընդհակառակը՝ պետական ռեկետը արդարացվում է գաղափարական լպրծուն հնարքներով, իբրև թե՝ աղքատությունը նրանց գլխի մեջ է, նրանք ծույլ են, չեն աշխատում, պետք է գնան ոչխար պահեն և իհարկե վերջին գլուխգործոցը սիգարետ ծխելու և օղի խմելու վերաբերյալ։ Փաստացի Փաշինյանի տեսանկյունից քաղաքացիներն են մեղավոր տնտեսական ծանր վիճակի և իրենց աղքատության համար, իսկ հարկային տեռորն ու տուգանքները կյանքի են կոչվում ի շահ նրանց, բայց անշնորհակալ հպարտ ժողովուրդը չի գնահատում կառավարության և վարչապետի այս ողորմածությունը։ 

Սա ոչ պակաս անարդար համակարգ է, քան Սերժ Սարգսյանի համակարգը, ավելին՝ Փաշինյանը դարձել է Սարգսյանի ժառանգորդն ու շարունակում է նրա գործը։ Այսինքն երկուսն էլ իրականացնում են նույն անմարդկային, վայրի և հակասոցիալական քաղաքականությունը, որի համատեքստում կոռուպցիան ծաղկում է ապրում։ Այո՛ Հայաստանում կա կոռուպցիա և չկա կոռուպցիայի դեմ պայքար։ Իրականում Փաշինյանի կառավարությունը որևէ կերպ չի պայքարել այդ չարիքի դեմ և ընդամենը պայքարի  գործիքները ծառայեցրել է քաղաքական հակառակորդներից հաշվեհարդար տեսենելու համար՝ ներկայացնելով դա որպես արդարության վերականգնում։ 

Ի հակադրություն կոռուպցիայի չգոյության պոպուլիստական հայտարարությունների, կոռուպցիան ոչ միայն կա, այլ նաև զարգանում է և ամրապնդվում։ Տարբերությունն այն է, որ կոռուպցիոն բուրգին փոխարինել է կոռուպցիոն բազմանկյունը, մեկ կենտրոնից համակարգվելու փոխարեն այն դարձել է ինքնակարգավորվող և ինքնակազմակերպվող, ինչը շատ ավելի վտանգավոր է։