Գործում են այլ օրենքներ, որոնք հաստատում են ոչ թե զինվորները, այլ հրամանատարներն ու սպաները

Գործում են այլ օրենքներ, որոնք հաստատում են ոչ թե զինվորները, այլ հրամանատարներն ու սպաները

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Այն, որ 43 օրում բանակում մենք ունեցել ենք 10 զահ և վերջին 13 օրում 7 զոհ, պետք է ահազանգ լինի, որպեսզի խորությամբ մտածենք առկա համակարգային խնդրի մասին։ Բայց այսօր լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, և ամենևին չտեսա մտահոգություն համակարգում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։
Եվ հակառակը, նա կրկնեց տարիներ առաջ, ավելի ճշգրիտ, 2010 թվականին Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը․
«․․․Բանակը հասարկության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, միշտ գոյություն են ունենալու բանակում․․․», - ասում էր Սարգսյանը։
Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ 10 տարի անց․
«․․․Խնդրի խորքը հասկանալու համար մենք պետք է գնանք և տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում, մեր երեխաներն ինչպես են իրար հետ շփվում․․․», - ասում է Փաշինյանը։
Փաստացի, երկուսն էլ պատասխանատվության բեռը դնում են հասարակության վրա, ասելով, որ բանակում հայտնվող երիտասարդների դաստիարակության, նրանց պատկերացումների պատճառով է, որ ունենանում ենք զոհեր բանակում։

Ես իմ կտրուկ անհամաձայնությունն եմ հայտնում այսպիսի դիրքորոշման վերաբերյալ, որն արտահայտել եմ թե՛ 2010 թվականին /չասեք, ու՞ր էիր Սերժի ժամանակ/, թե՛ 2020-ին / նախկինների ժամանակ էլ նույն դիրքերում էի, իրավապաշտպանի, ուստի նախկին չփորձել ինձ որակել/։

Բանակը մի կառույց է, որը գործում է հստակ ռեժիմի, օրենքի և կանոնակարգի պայմաններում և, ի տարբերություն բակի և դպրոցի, այդտեղ օրենքով սահմանափակվում են մարդու ազատությունները։ Եթե բանակում նման իրավիճակ է, ապա նշանակում է, որ օրենքը չի գործում, կամ գործում են այլ օրենքներ, որոնք հաստատում են ոչ թե զինվորները, այլ հրամանատարներն ու սպաները։ Ես, դժբախտություն եմ ունեցել ներկա գտնվել մի քանի զինվորական գործերով դատավարությունների։ Ամբաստանյալի աթոռին հայտնվել էին զինակոչիկներ, որոնք, ըստ սպանված զինծառայողի հարազատների, մեղավոր չէին, սակայն դատապարտվեցին՝ բարձրաստիճան զինվորականների փոխարեն։

Ուստի, բանակում կա համակարգային խնդիր, և եթե մեր երկրի բոլոր ժամանակների ղեկավարները չեն տեսնում դա, արդեն աչք փակել է նշանակում և անտարբերություն։ Իսկ եթե իրավացի լինեին, ապա մեր բակերում և դպրոցներում անցած 43 օրվա ընթացքում բազմաթիվ զոհեր պետք է լիներին, քանի որ երեխաները մեր բակում ազատ շրջում են, չեն գտնվում անմիջական հսկողության ներքո, իսկ դպրոցն էլ՝ զինվորական ռեժիմային հաստատություն չէ»։