Մեր ժողովուրդն անցել է ամենասարսափելի բաների միջով, սա էլ կհաղթահարի

Մեր ժողովուրդն անցել է ամենասարսափելի բաների միջով, սա էլ կհաղթահարի

Հարցազրույց Գերագույն խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանի հետ

- Բաքվի ղեկավարը պահանջում է Փաշինյանից փոխել Հայաստանի Սահմանադրությունը, Գլխավոր պատճառն Անկախության հռչակագիրն է, որտեղ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ուրեմն՝ ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը։

- Հայաստանի Հանրապետության հռչակագիրը սահմանադրական կարգավիճակ ունի, այն իր կարգավիճակով բոլորի համար է հիմք, օրենքները գործում են այնքանով, որքանով չեն հակասում հռչակագրին։ Հռչակագիրը չունի փոխելու, խմբագրելու կարգ։ Սահմանադրության փոփոխության համար համաժողովրդական հանրաքվեի ընթացակարգ կա։ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների՝ անկախությունը կորցնելու կամ չկորցնելու վտանգի առաջ։ Նմանատիպ բան մեզ մոտ եղել է նաեւ Առաջին Հանրապետության ժամանակ։ 

- Ի՞նչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանն այս իշխանության հետագա կառավարման տարիներին։ 2020թ․-ի նոյեմբերի 9-ին` բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված ոչ մի պայմանավորվածություն` ի նպաստ Հայաստանի, չի իրագործվել, հարցերը մտել են փակուղի, մնացել թղթի վրա։

- Բանակցային գործընթացն իր որոշակի ժամանակագրությունն ունի, վերջինիս մասին խոսել առանց նախկինում արված սխալների՝ ճիշտ չի լինի։ 1999թ․-ին Ստամբուլում ստորագրվել է մի փաստաթուղթ, որով փաստացի Արցախը բանակցային գործընթացից դուրս է մղվել։ 1994թ․-ի զինադադարից հետո քայլերի հերթականությունը մեզ բերել հասցրել է այսօրվա վիճակին։ 

- Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից, արցախցիները կարո՞ղ են հույս ունենալ, որ կվերադառնան իրենց տները։

- Միջազգային  դերակատարություն ունեցող պետությունները, որոնք ունեն ՄԱԿ-ում ներկայություն, որոշումներ են կայացնում, շեշտում են, որ մարդիկ պիտի չենթարկվեն էթնիկ զտումների ու բռնի տեղահանությունների, իրենց շահերից ելնելով հիմա լռում  են։ Ես կարծում եմ, որ անկախ դրանից մենք պիտի համառորեն սպասարկենք մեր շահերը։

- Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, աշխատում է ի նպաստ Հայաստանի՞, թե՞ այլ պետությունների, եւ արդյո՞ք այլ գործընթացներ են գնում, որը մենք չենք տեսնում։

- Ես կարծում եմ, որ մենք վաղուց, շատ վաղուց մեզ մոտ վատ ավանդույթ է եղել՝ մեր իշխանությունները սպասարկել են օտար ուժերի շահեր, ինչը մինչ օրս չի փոխվել։  Նիկոլ Փաշինյանն` այդ թվում։ Ներսի խոհանոցային վեճեր են, մեկը մյուսի հետ կռվի մեջ է՝ ով է ավելի շատ մեղավոր, ով՝ ավելի քիչ։ Դե, կներեք էլի։ 

- Ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանի համար։

- Լավ ապագա եմ տեսնում, որովհետեւ հայ ժողովուրդը անցել է ամենսարսափելի բաների միջով, հիմա էլ կանցնի, ու լավ է լինելու։ Մնացածը ցանկացած իշխանության խնդիրն է։ 

- Ուզում եք ասել, որ ժողովուրդն է որոշում կայացնում այս երկրում։

- Չէ, ժողովրդի կամքը պետք է հաշվի առնել, վաղուց հաշվի չեն առնում։