Ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերը սառեցվել են

Ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերը սառեցվել են

Նոյեմբերի 12-ին հանրահավաքի անցկացման վայրից բերման ենթարկվեցին ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ։ Իրավապահ մարմինները, իրենց քայլերն արդարացնելու համար, նշեցին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է նման միջոցառումների անցկացումը։ Բերման ենթարկելուց հետո էլ այդ գործիչներին ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Նրանցից մի մասին էլ ԱԱԾ-ն ավելի ուշ մեղադրեց իշխանության յուրացման եւ սպանության նախապատրաստման մեջ։

Սակայն դատարանները ձերբակալության որոշումները ճանաչեցին ոչ իրավաչափ, իսկ կալանքի սանկցիաները մերժեցին, եւ այդ գործերը մնացին օդից կախված՝ որպես իշխանության անզորության եւ քաղաքական հետապնդումների սիմվոլներ։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեզ հետ զրույցում անդրադառնալով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու մասին իրեն առաջադրված մեղադրանքին, նշեց․ «Այս գործերը՝ բոլորը, կապված են Նիկոլ Փաշինյանի վախերի հետ, Նիկոլ Փաշինյանն ում էլ ձերբակալի, իր ճակատին գրված է՝ «դավաճան, հողատու»։ Ինքը պետք է հեռանա, եթե իրեն թվում է, որ ընդդիմադիրներին ձերբակալելով կարողանալու է ներկայացնել իր քաղաքական իշխանությունը, ապա սխալվում է։ Բոլոր նրանք, ովքեր կատարում են Նիկոլի անօրինական հրամանները, ապա «այո» են ասում 950 հազար հեկտարի հանձնմանը թուրքին, «այո» են ասում Մեղրի-Նախիջեւան տրանսպորտային ճանապարհին, «այո» են ասում «սեւ ու սպիտակին», «այո» են ասում այս հողատուի կառավարմանը»։ Շարմազանովը նաեւ նշեց, որ 2 անգամ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, մեղադրյալի կարգավիճակ է ստացել առաջին անգամ․ «Երկրորդ անգամ էլ քննության են հրավիրել, ներկայացել եմ, հրաժարվել եմ ցուցմունք տալուց, քանի որ չեմ ընդունում մեղադրանքը։ Դա իմ իրավունքն է»։

ՀՔԾ-ից այս գործի վերաբերյալ հայտնեցին․ «Գառնիկ Իսագուլյան, Գեղամ Մանուկյան, Դավիթ Համբարձումյան, Արա Սահակյան, Արթուր Վանեցյան, Էդուարդ Շարմազանով, Արթուր Ղազինյան, Իշխան Սաղաթելյան, Արծվիկ Մինասյան, Արսեն Բաբայան, Արա Հակոբյան․ նշված անձինք քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող հայտնել»։

Բայց իշխանությունը ընդդիմադիրներին ոչ միայն ռազմական դրության ժամանակ հանրահավաքներ անելու մեջ է մեղադրում, այլեւ իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման․ խոսքը Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու մասին է։ Այս գործով անցնում էին «Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՅԴ կուսակցության անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը։

Վահրամ Բաղդասարյանը մեզ հայտնեց, որ ակտիվ քննչական գործողություններ չեն կատարվում․ «Եղել են շփումներ, դատախազությունը բողոք է բերել դատարանի՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ։ Նոր են բերել, այս ընթացքում ոչինչ չի եղել»։ Փաստ է, որ այս գործերը փակված չեն, շարունակվում է դրանց քննությունը, սակայն իշխանությունը չկարողացավ սրանցով շեղել հանրության ուշադրությունը եւ ավելի շատ ծիծաղի առարկա դարձավ, քանզի այս գործերը բացարձակապես մտացածին էին եւ չունեին որեւէ իրավական հիմք։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ Վահրամ Բաղդասարյանի մասով կալանավորումը որպես խափանմանմ միջոց ընտելու միջնոդրությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է տարվել, դեռ քննություն չի եղել: Բողոք է տարվել նաեւ Էդուարդ Շարմազանովի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ, իսկ Արթուր Վանեցյանի հետ կապված դատարանը հրապարակել է որոշումը՝ ոչ իրավաչափ ճանաչելով ձերբակալումը, բայց այդ որոշումը դեռևս դատախազություն չի ստացվել, ստացվելուց հետո կքննարկվի նաեւ դրա դեմ բողոք տանելու հարցը: