Գնահատման ի՞նչ չափանիշներ են սահմանվել սովորողների համար

Գնահատման ի՞նչ չափանիշներ են սահմանվել սովորողների համար

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները:

Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է 4 փուլով․ 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում, 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2, 5, 7, 10-րդ դասարաններում, 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3, 6, 8, 11-րդ դասարաններում, եւ 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1, 4, 9, 12-րդ դասարաններում: Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման երեք տեսակ՝ հայտորոշիչ գնահատում, ձեւավորող գնահատում, ամփոփիչ գնահատում (միավորային եւ բնութագրող):
Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որեւէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Հայտորոշիչ գնահատման ձեւն ընտրում է ուսուցիչը:
Ձեւավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն է՝ բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները՝ ուսուցման եւ ուսումնառության գործընթացի բարելավման համար: Ձեւավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում. միավոր չի նշանակվում:

Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով եւ ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաեւ կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով: Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով: Ամփոփիչ գնահատման արդյունքների հիման վրա ձեւավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատման արդյունքների հիման վրա՝ տարեկան ամփոփիչ գնահատականը:

Հաստատության 1-4-րդ դասարաններում եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: Հաստատության 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչեւ 12-րդ դասարանը ներառյալ ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային գնահատման միջոցով:
Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած: Միավորային գնահատման դեպքում կիրառվում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ, որտեղ որեւէ նիշ անբավարար գնահատական չէ։ Միավորային գնահատման ցանկացած ձեւի կիրառմանը պետք է նախորդեն հայտորոշիչ եւ ձեւավորող գնահատումներ: