Կորոնավիրուսային կրքեր՝ ԱԺ-ում

Կորոնավիրուսային կրքեր՝ ԱԺ-ում

Վարչապետի մոտ կորոնավիրուս հաստատվելու փաստից հետո պատգամավորների շրջանում մեծ խուճապ է սկսվել․ նրանք անհանգստանում են, թե ինչու իրենց էլ շտապ կարգով չեն թեստավորում։ Մի քանի օր առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում մի քանի ժամ Փաշինյանի հետ պատգամավորները գտնվել են նույն տարածքում, ոմանք նույնիսկ մոտիկից շփվել են նրա հետ՝ իրենց համար պատիվ համարելով Նիկոլ Փաշինյանի կողքին լինելն ու սերտ շփվելը։ Օրինակ, Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ նրա ձեռքից թուղթ է վերցրել։

Բացի այդ, երեկ էլ ԱԺ դահլիճում կային կոնտակտավորներ՝ Արման Բաբաջանյանը, ով նախորդ օրն այցելել էր Նորքի ինֆեկցիոն, մտել անգամ ռեանիմացիայի բաժանմունք, Հրաչյա Հակոբյանը, ով մեկ օր առաջ շփվել էր վարչապետի հետ, եղել նրա տանը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեզ հայտնեց, որ պատգամավորներին թեստավորելու հարցը դեռ քննարկման փուլում է․ «Դեռ որոշում չկա, բայց նախարարության հետ կապի մեջ ենք՝ ցուցումներ լինեն, կթեստավորվեն»։ Իսկ Արման Բաբաջանյանին ինչո՞ւ են թույլ տվել մասնակցել նիստին, այն պարագայում, երբ կորոնավիրուսով մասնագիտացված բուժհաստատություններում բժիշկները աշխատանքն ավարտելուց հետո էլ երկշաբաթյա մեկուսացման մեջ են անցկացնում, հետո նոր վերադառնում իրենց ընտանիքներ։ Պատգամավորը բացատրեց, որ խորհրդակցել է առողջապահության նախարարի հետ եւ պատասխան ստացել, որ անհանգստանալու հիմք չկա։ Լիլիթ Մինասյանն էլ մեզ տեղեկացրեց․ «ԱԺ նախագահն իր հերթին խորհրդակցել է առողջապահության նախարարի հետ, որը հավաստիացրել է, որ անվտանգության բոլոր միջոցները հավուր պատշաճի պահվել են, եւ անհանգստանալու որեւէ հիմք չկա»։ Իսկ Հրաչյա Հակոբյանի թեստավորումը երեկ կազմակերպվեց հենց ԱԺ շենքում։

Տեղեկացանք նաեւ, որ «Իմ քայլում» կան պատգամավորներ, ովքեր հրաժարվել են իրենց պարգեւավճարները փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին․ հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ երկրորդ եռամսյակին (ապրիլ, մայիս, հունիս) Ազգային ժողովի աշխատակազմի շուրջ 700 աշխատակիցների եւ պատգամավորների պարգեւատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID 19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Իսկ ավելի վաղ հայտարարվել էր, թե «Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ եւ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ» նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգեւատրումների ֆոնդը: Բայց պարզվում է՝ իշխող ֆրակցիայում կան պատգամավորներ, որոնց մի մասն ընդհանրապես հրաժարվել է իր պարգեւավճարը փոխանցել, որոշներն էլ մասամբ են փոխանցում։ Առաջիկայում անվանական կտեղեկացնեն, թե խոսքն ում մասին է։ Մինչ այդ թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ԼՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը վստահեցրին, որ իրենց մոտ չկա այնպիսի պատգամավոր, որն առարկել է այդ որոշմանը։