Ադրբեջանը դա դիտարկում է որպես քաղաքական սակարկության ռեսուրս` թե Հայաստանի, թե միջազգային դերակատարների հետ

Ադրբեջանը դա դիտարկում է որպես քաղաքական սակարկության ռեսուրս` թե Հայաստանի, թե միջազգային դերակատարների հետ

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

- Մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ իշխանությունները արտերկրում հավատարմագրված իր դեսպաններին հանձնարարել են իրենց երկրներում աշխատանքներ տանել այդ երկրների կառավարությունների հետ՝ COP29-ի շրջանակներում Ադրբեջանին կոչ անելով բաց թողնել հայ գերիներին։ Ի՞նչ եք կարծում, նման հրահանգ իջեցրե՞լ են, եթե այո, ապա այդ աշխատանքն ավելի վաղ չպե՞տք է սկսեին։ 

- Ես չեմ ուզում մեկնաբանել պաշտոնապես չհաստատված տեղեկություններ, բայց կարծում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքը այնպես չէ, որ նոր է սկսված, պետք է արձանագրել, որ այդ ուղղությամբ աշխատանքների սպեցիֆիկան առանձնապես մեծ հրապարակայնություն չի ենթադրում։ Հետևաբար, ինչպես որ Ձեր նշած տեղեկությունը չի կարող պաշտոնապես լինել, այնպես էլ չենք կարող պաշտոնապես հավաստիացում ունենալ, որ չի արվել այդպիսի աշխատանք։ Այդ աշխատանքի առանձնահատկությունը պահանջում է դիվանագիտական լռություն և այդ իմաստով որևէ հիմք չկա ասելու, որ դա նոր է արվում և չի արվել վաղուց։ 

- Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակն ամբողջ աշխարհում, Ադրբեջանի դերի ու ազդեցության աճին ուղիղ համեմատական Հայաստանի դերի նվազումը, արդյոք այս կամ այն երկիրը կսրի՞ իր հարաբերությունները Ադրբեջանի հետ` հանուն Հայաստանի։

- Ընդհանրապես դիվանագիտությունը ենթադրում է քայլերի համալիր և այդ համալիրում գուցե առանձին վերցրած քայլեր, գործողություններ ինքնին դիտարկվեն անհեռանկար, անօգուտ կամ ապարդյուն և այլն, բայց ես կարծում եմ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը բաղկացած է, անհնարին է այլ կերպ, տարբեր քայլերից և տարբեր բաղադրիչներից։ Եվ այլ երկրների հետ աշխատանքը պետք է լինի դրա մասերից մեկը, որքան էլ որ մեզ թվա, որ ոչ մի երկիր չի փորձի առանձնապես այդ թեմայի համար սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այդուհանդերձ, ուրիշ տարբերակ այդ հարցը սպասարկելու՝ չկա։ Եթե մենք դիտարկում ենք, որ այդ խնդիրը պետք է դրվի` որպես լուծում, աշխատանք պահանջող խնդիր, ապա բնական է, որ դա պետք է դրվի տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ դիվանագիտական աշխատանքի համատեքստում, որպեսզի հարցն առնվազն միշտ լինի օրակարգում։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ դա ենթադրելու է կոմպլեքս աշխատանք, այնպես որ առանձին-առանձին վերցրած բաղադրիչները քննարկելը, ես կարծում եմ, արդյունավետ չէ՝ այդ կոմպլեքսի մեջ պետք է նայել։ 

-Եթե նույնիսկ մի շարք երկրների կողմից հայտարարություններ հնչեն, Ադրբեջանը գերիներին բաց թողնելու նախաձեռնողականություն կդրսևորի՞, թե՞ դա չի ազդի Ադրբեջանի վրա։ 

-Սա կախված է նրանից, թե միջազգային ինչպիսի ճնշում հնարավոր կլինի գործադրել Ադրբեջանի վրա։ Իհարկե, ներկայիս քաղաքական իրողություններն այդքան էլ հիմք չեն տալիս մտածելու, որ տեսանելի ապագայում հնարավոր է այդպիսի ճնշում, բայց այդուհանդերձ, քաղաքականությունը մեծ հաշվով հենց այդ խնդիրները լուծելու տարբերակն է, մեխանիզմն է ու հնարավոր են ինչ-որ քաղաքական քննարկումներ, պայմանավորվածություններ Ադրբեջանը համարի, որ ինչ-որ ժեստ անելն իր համար օգտակար կլինի և այդ տրամաբանության մեջ ինչ-որ լուծում, թեկուզ հատվածային... խոսք չի կարող լինել բոլոր գերիներին բաց թողնելու մասին՝ ես դա իրատեսական չեմ համարում, բայց ինչ-որ մի խումբ գերիների վերադարձնելով, Ադրբեջանը փորձի ներկայանալ որպես կառուցողական, որպես խաղաղությանը միտված։ Այսինքն, դա կարող է Բաքվին պետք լինել, որովհետև ի վերջո, Ադրբեջանը հենց իր քաղաքական անհրաժեշտությունների համար պատանդառնված ռեսուրս է դիտարկում հայ գերիներին, թե պատերազմից մինչև հիմա այնտեղ գտնվող գերիներին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ադրբեջանը դիտարկում է որպես քաղաքական սակարկության ռեսուրս` թե Հայաստանի հետ, թե հնարավոր նաև միջազգային դերակատարների հետ, այնքանով, որքանով որ կհաջողվի այդ դերակատարների միջոցով հարցը բերել օրակարգ։ 

-Ո՞ր երկրները կարող են միջնորդ հանդիսանալ՝ գերիների վերադարձի քննարկումների համար։ 

-Բնականաբար առաջին հերթին այն երկրները, որոնք էական դերակատարում ունեն միջազգային քաղաքականության մեջ կամ էական հաղորդակցություն ունեն, թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։ Այսինքն, մենք այս ընթացքում տեսել ենք, տարբեր գծերով այդ խնդրի մասնակի լուծումներ։ Թե Հունգարիայի մասնակցությամբ եղավ գերիների վերադարձ, թե Վրաստանի մասնակցությամբ եղավ, թե Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի։ Այսինքն, մենք տեսել ենք մի քանի գծերով այդ խնդիրը քննարկվել է ինչ-որ մասնակի խմբով վերադարձի լուծում է ստացել։ Եվ այդ տեսանկյունից տարբեր երկրներ կարող են ինչ-որ դեր ունենալ, այստեղ ամեն ինչ կախված է լինելու քաղաքական -դիվանագիտական շարժերից ու գործընթացներից, թե Ադրբեջանի առաջ ինչպիսի խնդիրներ կդրվեն և կամ Ադրբեջանը ինչպիսի տրամաբանությամբ փոխանական տարբերակներ կտեսնի։ Այնպես, որ այստեղ միարժեք պատասխան, որ իքս երկիրը կարող է լինել, տեսականում կարող ենք քննարկել, բայց այդտեղ տեսությունը չի աշխատելու՝ պրակտիկ քաղաքական շահերով են այդ հարցերը դիտարկվելու։