Հակահայ իշխանության դեմ դիմադրության ռեսուրսը դեռ չի սպառվել

Հակահայ իշխանության դեմ դիմադրության ռեսուրսը դեռ չի սպառվել

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 9-ը զանգվածային ակցիաներ անելու որոշման մասին: Մասնավորեցրեց միայն, որ սեպտեմբերի 26-ին տեղի կունենա հիշատակի քայլերթ, իսկ դրանից հետո կսկսվեն տարբեր ակցիաներ ու գործողություններ։

Հոկտեմբերի 1-ից սկսած՝ խմբակցության պատգամավորները մարզային այցելություններ կսկսեն։ Մինչեւ նոյեմբերի 9-ը կան պլանավորված բազմաթիվ միջոցառումներ։ Հասկանալի է, որ ընդդիմությունն ուզում է պատերազմի մեկամյակն օգտագործել հանրային պայքարը վերսկսելու համար, չնայած օրերը ցրտել են, եւ առջեւում անձրեւոտ եղանակ է սպասվում: Զրուցեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի հետ:

- Զանգվածային ակցիաները 44-օրյա պատերազմի հիշատակի ակցիանե՞ր են լինելու, թե՞ շարունակում եք իշխանափոխությանն ուղղված փողոցային պայքարը:

- Ընդդիմության գործողությունների նպատակը, ինչպես այս ողջ ընթացքում, հիմա էլ չի փոխվել՝ այս իշխանությունների հեռացումն է: Նախատեսված ակցիաները, գործողությունները, որոնք տեղի են ունենալու առաջիկա 44 օրերի ընթացքում, դրանցում կարմիր թելի պես անցնելու է մեկ  տարի առաջ տեղի ունեցած պատերազմի թեման, այն բոլոր խնդիրները, որոնք այդ օրերին ակնհայտ դարձան, այն ամբողջ հարցերը, որոնք մինչ օրս հանրության մեջ կան, առկախ մնացել են օդում: Մեր տրամաբանության մեջ այս ամենը եւ իշխանության դեմ պայքարն իրար հետ զուգահեռ գնացող, փոխլրացնող միջոցառումներ են: Եթե հարցնում եք՝ արդյոք փողոցում եք լինելու, նաեւ որոշ ակցիաներ, ապա, այո, հենց առաջին օրը հարգանքի երթ ենք իրականացնելու Եռաբլուր:

- Ես նկատի ունեի փողոց փակելը, իշխանափոխության պահանջ լինելո՞ւ է, թե՞ հիշատակի ակցիաներով հասարակական տրամադրությունն եք փորձելու ստուգել:

- Ես ստուգողական չէի անվանի, որովհետեւ խոսում ենք մարդկանց հետ աշխատելու, ծրագրերի մասին, որոնց մարդիկ են մասնակցելու, դրանցից բոլորն ունեն կոնկրետ նպատակներ: Այլ ծրագրեր էլ են սպասվում, իսկ թե կոնկրետ  ինչ, կտեսնենք առաջիկայում: Ինչ վերաբերում է Ձեր ասած ծրագրին, դրանցից որեւէ մեկն էլ չեմ բացառում, ամենատարբեր գործիքակազմերը կան հաստատված, եւ մի քանիսն էլ քննարկման փուլում են:

 - Դուք համարում եք, որ հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը չե՞ն հանգուցալուծել, եւ պետք է շարունակե՞լ իշխանության դեմ պայքարը:
Այդ դեպքում հաջորդ հարցն է ծագում՝ ինչո՞ւ վերցրիք պատգամավորական մանդատները, չէ՞ որ կային նման առաջարկներ` չվերցնել մանդատները եւ սահմանադրական ճգնաժամ առաջացնել երկրում:

- Առիթ ունեցել ենք մի քանի անգամ ասելու, հիմա էլ կվերահաստատեմ՝ այո, չեն հանգուցալուծվել, դա տեսնում են բոլորը: Երկրում ոչ միայն քաղաքական, այլեւ որեւէ տեսակի ճգնաժամ չի հանգուցալուծվել, ավելին՝ ամեն օր նորերն են ավելանում: Մարդկանց մոտ գուցե այն տպավորությունն է, որ չի կարելի ունենալ մանդատ ու շարունակել պայքարել իշխանության դեմ, մեր դաշինքի դիրքորոշումն այն է, որ իշխանության դեմ ցանկացած գործիք պետք է օգտագործել, այդ թվում՝ ԱԺ ամբիոնը: Ազգային ժողովում, կարծում եմ, չկա այդպիսի մեկը, ով կարծում է, որ խորհրդարանում է հանգուցալուծվելու քաղաքական այս ճգնաժամը:

- Այսինքն, մարդիկ փողոցային պայքարի պատրա՞ստ են, դա՞ է իրենց ուզածը:

- Անվտանգային, տնտեսական եւ, առհասարակ, այլ բնույթի մարտահրավերների օրեցօր ի հայտ գալը չեմ կարծում, թե չի ավելացնի մարդկանց մոտ այս իշխանությունների դեմ  պայքարի պահանջը:

- Եթե նույնիսկ նման պահանջ կա, չե՞ք կարծում, որ ձեզ չեն տեսնում որպես իշխանությանն այլընտրանք:

- Այս իշխանությունների դեմ պետք է պայքարել, եւ բոլոր նրանց մոտ, ում մոտ կա այն արձանագրումը, որ սրանք հակահայ իշխանություն են, այդ պայքարը պետք է լինի ուժերի ներածի չափով: Եթե կան մարդիկ, որոնք ուզում են նման պայքար սկսել, կարծում եմ՝ չեն խանգարում այդ խմբերն իրար, եւ ցանկացած մեկը կարող է ինքը պայքարել: Ես իսկապես չեմ հասկանում քննադատության այն ալիքը, որ ամբողջ մեղքը փորձում են բարդել ընդդիմության վրա, ընդդիմությունն անում է՝ ինչ կարողանում է, եւ պետք է շարունակի անել ու շտկել իր սխալները: Իսկ թե հանրությունն ում է տեսնում առաջնորդ, առաջատար, դա իրականում պայքարն է ցույց տալիս։ Ես վստահ եմ, որ այս հակահայ իշխանության դեմ ազնիվ պայքարող ռեսուրս կա, դիմադրության ռեսուրսը սպառված չէ, եւ այստեղ կռիվ ունեն անելու բոլորը: