Ազգային գրադարանում բացվել է Գրքափոխանակության անկյուն

Ազգային գրադարանում բացվել է Գրքափոխանակության անկյուն

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Գրքափոխանակության անկյուն։ «Երբ տեսա գրադարանի Գրքափոխանակության ֆոնդի տասնյակ հազարավոր գրքերը, մտքովս անցավ, որ դրանք չպետք է այդպես փակված մնան, պետք է օգտակար կիրառություն գտնեն, շրջանառության մեջ դրվեն: Եվ մտածեցի, որ կարելի է առանձնացնել մի տաղավար, որտեղ գրքափոխանակություն կիրականացվի: Շատ լավ գրքեր կան՝ 20-ական, 30-ական թվականների, սոցռեալիզմի շրջանի արժեքավոր գրքեր: Սրանով կարող ենք լուծել նաեւ գրադարանի համալրման խնդիրը: Այստեղ տարբեր ծրագրեր կիրականացնենք»,- ասում է Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Լեզվի կոմիտեի նախագահ, լեզվաբան, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանի դիտարկմամբ, այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարեւոր: «Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում, երկրորդ կյանք: Պիտի ամեն կերպ այս մասին տեղեկացնել հանրությանը. մարդիկ իրենց գրադարանները կքրքրեն, չօգտագործված, չօգտագործվող գրքերը կհանեն եւ այդ ընթացքում կգտնեն գանձեր, որոնք իրենց ուշադրությունից դուրս են մնացել: Գրքերը կհայտնվեն գրասեղանին, կընթերցվեն: Դա կնպաստի նաեւ հայերենի դաշտի զարգացմանը, բառապաշարը կհարստանա, նոր ոճեր ու դարձվածքներ կսովորեն մարդիկ՝ ջանք չթափելով, հաճույք ստանալով. ընթերցանությունը վայելք է»,- շեշտեց Լեզվի կոմիտեի նախագահը:

Գրքափոխանակության անկյունը գտնվում է գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում: Բաց դարակներում դրված են հայերեն եւ օտար լեզուներով արժեքավոր գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ: Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության ֆոնդում շուրջ 160 հազար գիրք կա, որից 100 հազարը՝ հայերեն։ Գրքափոխանակության անկյունն ստեղծվել է այդ ֆոնդի հիման վրա, իսկ ֆոնդի բազմաբնույթ գրքերը մասառմաս ներկայացված կլինեն տաղավարում:

Ընթերցողները կարող են գալ, ընտրել իրենց ուզած գրքերը՝ փոխարենը գրադարանին առաջարկելով գրքեր, որոնք Ազգային գրադարանում չկան կամ մի օրինակ են, իսկ գրքափոխանակության նպատակահարմարությունը կորոշի մասնագետական հանձնաժողովը: