Ստեղծվում է աշխարհազոր

Ստեղծվում է աշխարհազոր

Հարգելի՛ բարեկամներ
Նկատի ունենալով, որ մեր քաղաքացիների կողմից ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ուղղվում, հարկ ենք համարում պարբերաբար անդրադառնալ դրանց:
ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, ստղեծվում է ԱՇԽԱՐՀԱԶՈՐ։
Օրենքով սահմանվել են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Այսպիսով, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29․1-րոդ հոդվածի համաձայն՝
1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
2. Աշխարհազորի նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելը.
2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության եւ ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
3. Աշխարհազորի կիրառումը ներառում է`
1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
2) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների դեմ պայքարին.
3) մասնակցությունը հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
4) մասնակցությունը զորքերի եւ բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը եւ պաշտպանությանը.
5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը:
4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, եւ ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման` պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից եւ դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության եւ կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձեւավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի տեղակալը:
7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքի վարչական շրջաններում` վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալն է կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը:
9. Սույն հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված աշխարհազորային զորամիավորումների եւ դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
10. Աշխարհազորային պայմանական բրիդադների եւ գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաեւ` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված եւ պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:
11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ`
1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
2) ով հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները եւ կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ եւ աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի` աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման եւ պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների եւ վարժանքների միջոցով` աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության եւ կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության եւ կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով` զինծառայողների համար սահմանված կարգով:»:

Հարգանքով՝«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ