Չի՞ կարող, թե՞ չի ուզում

Չի՞ կարող, թե՞ չի ուզում

Հայաստան է գալիս Եվրամիության՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։ Այս առնչությամբ նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Վերադառնում եմ Երեւան, հանդիպումներ եմ ունենալու։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին, որպեսզի համատեղ ուսումնասիրենք առաջ շարժվելու ուղիները: ԵՄ-ի նպատակը մնում է հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումը»։

Հիշեցնենք, որ եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցիչը վերջին անգամ Երեւան այցելել է անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին, մինչ այդ էլ եղել էր Ադրբեջանում։

Այս այցի հետ կապված՝ Հայաստանի հանրային-քաղաքական հարթակներում եւ մամուլում սկսվել է բավական հետաքրքիր քննարկում՝ առ այն, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն է կատարում դեպի Արեւմուտք։ Հարցը նաեւ ուղղվել է լրագրողների կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով ասել է, որ ՀՀ գործող իշխանությունները Հայաստանի տարածքի անվտանգությունն ապահովելու համար փորձելու են բոլոր միջոցները, քանի որ գոյություն ունեցող միջոցները չեն բավարարում:

«Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետեւ գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում»,- մասնավորապես ասել է ԱԺ նախագահը։

Ի սկզբանե արձանագրենք, որ Հայաստանի հանրային-քաղաքական հարթակում բավական հետաքրքիր ավանդույթ է ձեւավորվել, երբ ամեն անգամ Հայաստան եվրոպացի կամ Արեւմուտքը ներկայացնող որեւէ բարձրաստիճան ներկայացուցչի այցելության հետ սկսվում են խոսակցություններ, թե, ահա, Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը փոխում է դեպի Արեւմուտք եւ դուրս է գալիս, այսպես ասած, «ռուսական վերահսկողության ուղեծրից»։ Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք բնության ինչ-որ առեղծվածային երեւույթի հետ, երբ, օրինակ, հենց գիշերահավասար լինի, պետք է ժամացույցի սլաքը, օրինակ, մեկ ժամ առաջ կամ հետ տեղաշարժել։ Ու երեւի թե քչերն են ուշադրություն դարձնում, որ այն, ինչ անվանվում է «արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն», իրականում բավական ծավալուն եւ բարդ գործընթաց է, որը ենթադրում է, օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած իրավապայմանագրային բազայի մի ստվար հատվածի վերանայում։ Իսկ դա, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի գործող իշխանությունները որքան քաղաքական կամք ունեն, մեկ օրում կամ մեկ այցով չի կարող լինել։ Ավելին, նման խորքային փոփոխությունը չի կարող լինել առանց հայաստանյան բոլոր էլիտաների հետ (քաղաքականից ու տնտեսականից մինչեւ նույնիսկ կրոնական) քննարկման կամ կոնսենսուսի։

Ի վերջո, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն առնվազն երեք տասնամյակի միջպետական հարաբերությունների վերանայում է ու միջազգային հարաբերությունների վերադիրքավորում՝ վերագործարկմամբ հանդերձ։ Ուրեմն, յուրաքանչյուր անգամ Կլաարի կամ Արեւմուտքը ներկայացնող որեւէ այլ պաշտոնյայի այցը նման հարցադրում պետք է որ չառաջացնի, եթե, իհարկե, այն խիստ որոշակի եւ խիստ հայտնի ներքաղաքական շահերի սպասարկման համար չի արվում։ Չոր՝ իրատեսական քաղաքականության շրջանակում եթե նայենք, ապա գոնե մինչեւ հիմա նախադեպերը կարող են փաստել, որ ԵՄ-ն ավելի կենսունակ ազդեցության լծակներ է կարողանում բանեցնել Ադրբեջանի վրա, քան Ռուսաստանը, եւ դժվար է ասել, թե վերջինս չի ուզում կամ չի կարող ազդել Ադրբեջանի վրա, գուցեեւ չի ուզում եւ չի կարող։ Ուստի Հայաստանում հանրային-քաղաքական դիսկուրսի մասնակիցների համար կարեւորը պետք է լինի այն, թե այժմ որն է մեր շահերի տեսանկյունից ավելի ձեռնտու, ու շարժվել ըստ այդմ։ Այն, որ Հայաստանի անվտանգության ապահովման գործող մեխանիզմները բավարար չեն, եթե նկատի ունենանք Ռուսաստանի գործոնը, ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերություններում «կրքոտ մեղրամիսը», ապա դա արձանագրված փաստ է։

Մոսկվան շատ ավելի նախընտրում է սպասարկել ռուսական խոշոր կորպորացիաների շահերը եւ ռուսական նավթն ու գազը Բաքվի եւ Անկարայի միջոցով իրացնել իր համար ոչ բարեկամական տարածաշրջանների շուկաներում, քան պատշաճ կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, երաշխավորել պարտականությունները, որոնք ստանձնել է ըստ 2020-21 թթ․ եռակողմ հայտարարությունների։ Հետեւաբար, Կրեմլի այս «հանցավոր» կամ «անտարբեր» անգործությունն արդեն իսկ իրավունք է վերապահում Հայաստանին՝ փորձել այլ անվտանգային երաշխիքներ գտնել։ Ի վերջո, Հայաստանը չէ, որ ուզում է դուրս գալ «ռուսական վերահսկողության ուղեծրից», այլ Ռուսաստանն է, որ որոշել է Հայաստանին, մեղմ ասած, դուրս դնել այդ «ուղեծրից»՝ անկախ այն հանգամանքից, թե անձնական այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձրեւից Պուտինի՞ անձրեւանոցի տակ է պատսպարվում, թե՞ մեկ ուրիշի։