Սկզբում ոգևորություն կար, այսօր արթնացել է պատերազմական իրավիճակի զգացումը

Սկզբում ոգևորություն կար, այսօր արթնացել է պատերազմական իրավիճակի զգացումը

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:

- Լրանում է հարյուրերորդ օրն, ինչ Արցախը բլոկադայի մեջ է: Թշնամին շարունակում է փակ պահել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Հաագայի դատարանի վճիռը ևս Ադրբեջանը շրջանցեց…. ի՞նչ ունենք բլոկադայից հարյուր օր անց:

- Եթե ցանկանամ գլոբալ առումով մի բան ասել, դժվար կլինի: Դա մի ընթացք է, որի միջով անցնում ենք: Այդ ընթացքն օր օրի դառնում է ավելի դժվար: Սկզբում ոգևորություն կար, սակայն այսօր մարդկանց մոտ արթնացել է պատերազմական իրավիճակի զգացումը: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ շրջափակման արդյունքում մահանում են, որովհետև նրանց օգնություն տրամադրել չի հաջողվում, առողջապահական ոլորտը չի կարողանում աշխատել: Սա մարդկանց շատ է անհանգստացնում, դրան էլ գումարած սոցիալական վիճակն ամեն օր առավել ծանրանում է: Մեկ կտոր հաց վաստակելն Արցախում դարձել է բարդագույն խնդիր: Տեսնելով, որ իշխանություններից չկա որևէ աջակցություն, մարդիկ կոտրվում են, իրենց զգում են այնպես, ասես մութ սենյակում միայնակ են:

- Ի՞նչ խնդիրներ կան այս պահին Արցախում:

- Օրինակ, այսօր մի շարք քաղաքացիներ են ինձ դիմել, նշելով, որ ծայրահեղ վիճակում են: Բազմաթիվ դռներ են թակում` Կառավարություն, Ազգային ժողով, սակայն նրանց խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում: Մարդիկ վարկեր են վերցրել` հույսով, որ աշխատում են, սակայն այսօր փաստի առաջ են կանգնել, չեն աշխատում, սակայն պարտավոր են վարկերը վճարել: Մարդիկ մնացել են քաոսի մեջ միայնակ, չկա որևէ պետական աջակցություն: Պատերազմի ժամանակ բանկային արձակուրդ տրամադրվեց, սակայն հիմա չկա նման բան: Մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են հայտնվել: Շփումների արդյունքում տեսնում եմ, որ մարդկանց մեծամասնությունն ունի օրվա հացի խնդիր: Կառավարությունից ոչ մի աջակցություն չկա: Մեծ, սարսափելի թանկացումներ են:

- Թանկացումներն ինչո՞վ են պայմանավորված:

- Պայմանավորված է նրանով, որ չկա վերահսկողություն: Կան մարդիկ, որոնք ամեն կերպ օգտվում են առիթից, փորձելով հարստանալ: Զարտուղի ճանապարհներով ապրանք են մտցնում Արցախ, վեց անգամ թանկ վաճառում այն: Սոցիալական անարդարությունը խորն արտահայտված է Արցախում: Տեսնում ենք ծայրահեղ աղքատություն և ցոփ կյանքով ապրող մարդիկ:

- Ցոփ կյանքով ովքե՞ր են ապրում: Տեղի իշխանություննե՞րը:

- Ոչ միայն իշխանություններն, այլև բոլոր նրանք, ովքեր իշխանությունների հետ համագործակցում են, ասել է` թե թողտվություն ունեն իշխանություններից: Նման մարդիկ իրենց մեծ ճոխություններ են թույլ տալիս, ի դեպ, սա նորություն է: Երբ նոր էր Արցախը շրջափակվել նման բան չկար: Այժմ բարձիթողի և անկառավարելի վիճակ է: Հասարակ ժողովուրդը միրգ-բանջարեղենի կտրոնները ձեռքներին հերթ են կանգնում, սակայն ինչ-ինչ մարդիկ կարողանում են ճոխ կյանքով ապրել:

- Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ ակնարկեց, որ եթե Ադրբեջանի պահանջները մինչև 2023-ի ավարտը չբավարարվեն, ռազմական էսկալացիա է տեղի ունենալու:

- Վարչապետն արդեն շատ երկար ժամանակ է խոսում է այդ մասին: Իլհամ Ալիևի վերջին օրերի հայտարարություններն էլ այդ մասին են փաստում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը գնում է իր բռնած ճանապարհով: Ամենավատն այն է, որ կա պարարտ հող, որը մշակել են Հայաստանի և Արցախի իշխանությունները: