«Իշխանություն» ֆիլմը շարունակություն կունենա

«Իշխանություն» ֆիլմը շարունակություն կունենա

Նախորդ տարի ապրիլին հանդիսատեսի դատին ներկայացվեց Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը թեև գեղարվեստական է, սակայն այնտեղ կա նաև քաղաքականություն: Ֆիլմը Հայաստանի մասին քաղաքական դրամա է, որտեղ պատկերված է մեր ապրած վերջին երեք տարին՝ հեղափոխությունից մինչև պատերազմ:

Ֆիլմում նկարահանվել են Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևս Դավթյանը, Ռոզի Ավետիսովան, Ժաննա Վելիցյանը և այլք:

Ռեժիսորը կարծում է՝ իրարից տարբերվող դերասաններ են հավաքվել ֆիլմի շուրջ: «Իշխանություն» ֆիլմը շատերի կողմից քննադատությունների արժանացավ, շատերի կողմից էլ արժանացավ մեծ հավանությունների: Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել տարբեր քաղաքական, մշակութային գործիչներ, ներկա է եղել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի կերպարը ֆիլմում մարմնավորում է ռուս դերասան Սերգեյ Շակուրովը:

Մենք տեղեկացանք, որ ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարի հեղինակ Մհեր Մկրտչյանն այժմ նկարահանում է «Իշխանություն» ֆիլմի շարունակությունը: Այն կոչվելու է՝ «Իշխանություն 2»: Ֆիլմը մինչև տարեվերջ հանդիսատեսի դատին կներկայացվի:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Իշխանություն 2»-ը մեր օրերի մասին է, սակայն նախատեսում է առավել անսպասելի զարգացումներ: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Իշխանություն 2» ֆիլմի մասին դեռևս ոչինչ պատմել չի ցանկանում, սակայն մեկ ամսից խոստացավ մի փոքր պատմել, թե կոնկրետ ինչի մասին է ֆիլմը և երբ կներկայացվի հանդիսատեսին: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նույնպես չցանկացավ խոսել ֆիլմի մասին, նշելով, թե հիմա անասելի զբաղված է: Մեզ պատմեցին, որ ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի նոյեմբեր ամսին: