«Խաղաղության դարաշրջան» կոնցեպտն անվերապահորեն տապալվել է

«Խաղաղության դարաշրջան» կոնցեպտն անվերապահորեն տապալվել է

«Իրականում պետք է հասկանալ, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցրած թեզերը ակնհայտորեն ապացուցեցին մի առանցքային դրույթ։ Փաստորեն, քողարկված հայտարարվեց, որ այս իշխանությունների, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» կոնցեպտը անվերապահորեն տապալվեց։ Այսինքն՝ երկու տարի շարունակ այս իշխանության կողմից վարած իբր «խաղաղասիրական» անգրագետ, վտանգավոր, աբսուրդային, թրքահաճո քաղաքականությունը գեներացրեց նոր, ավելի մեծ ռիսկեր՝ Հայաստանի անվտանգային համակարգը կառուցելով թուրքերի հետ «կառուցողական», իսկ իրականում՝ պարտվողական քաղաքականության հիմքի վրա զարկ տվեց մեր առջև ծառացած գոյաբանական խնդիրների կտրուկ աճի», - այս մասին «Հրապարակին» ասաց, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ 

Ըստ Աբովյանի, ոչ ադեկվատ և փաստացի թրքահաճո «խաղերը» թշնամու հետ այսօր արտացոլվում են մեր տարածքների օկուպացիայի, բազմաթիվ կորուստների և Հայաստանի մասնատման իրական վտանգի իրականության ներքո։ Մնացած բոլոր դրույթները ուղղակի բխում են վերը նշված արձանագրումից։ 

Աբովյանը նկատում է․ «Եվ մի դրվագ․ կրկին ոչ մի խոսք Արցախի Հանրապետության անկախության և Ադրբեջանի կազմ չընդգրկվելու մասին: Ասեմ ավելին․ փաստորեն իշխանությունները համառորեն հրաժարվում են հասկանալ, որ Հայաստանի ֆիզիկական գոյությունը ուղիղ կապ ունի Արցախի Հանրապետության, որպես անկախ պետություն գոյության հետ և հակառակը։ Իսկ ով պնդում է, որ Արցախը «տալով» թուրք-ադրբեջանական ոհմակին` որպես «փրկագին» Հայաստանը պահպանելու համար, հայերը կստանան «խաղաղություն», այդ մարդիկ պարզապես խաղասեղանին դնում են ողջ Հայաստանի գոյության հարցը, իսկ ավելի պարզունակ` սակարկության առարկա է դառնում մեր երեխաների կյանքը։  Սա ամպագոռգոռ բառեր չեն, սա այն իրականությունն է, որն այսօր առկա է»։