Հիշելով համաճարակը

Հիշելով համաճարակը


Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» վեպը

(Էսսեն լույս է տեսել 2014 թվականին «Հրապարակ» օրաթերթում: Ստորև ներկայացնում եմ խմբագրված և լրափոխված տարբերակը):

      Համաճարակը, որ մահվանից գրեթե միշտ մի քանի քայլ ետ է մարդկային մարմնի ու գիտակցության համար նախանշում է կյանքի ու մահվան հերթական մենամարտ, այդ մենամարտի պատճառը, հավաստիությունը, հետևանքներն սերնդեսերունդ փոխանցող վկայությունների ժամանակագրություն: Ահա այս ետ ընկածի պատմական անատոմիան գրականության մեջ յուրօրինակ անդրադարձումներ է ունեցել: Մարկեսը իր հարցազրույցներում մի քանի անգամ հիշատակել է իր սիրելի վեպերից մեկը՝ Դանիել Դեֆոյի 1722 թվականին հրատարակած՝ «Ժանտախտի տարվա օրագիրը», որն առաջին հայացքից սոցոլոգիական, սանիտարական մանրամասների հանդեպ չափից դուրս հոգատար հայացք ունեցող լրագրողի ռեպորտաժ է: Վկայողը՝ փաստերի և վիճակագրության անդուլ հավաքորդը Լոնդոնում 1665 թվականին բռնկված Ժանտախտի վավերագիրն է, աներեր սառնասրտությամբ մահերի, համաճարակի բերած սարսափելի աղետի արձանագրություն կազմողը: Ճշգրտության, համոզիչ փաստերի իրավացիության ուժով գրեթե անիրական, ավելի շուտ առերևութացող այս զարմանալի վեպի շուրջ մինչ օրս չեն խաղաղվում բանավեճերը, դարձյալ երևան հանելով չհանգուցվող այն դավադիր առանցքը՝ (Հիմա ինչ՝ գեղարվեստական արձա՞կ է, թե՞ վավերագրություն, իրապատո՞ւմ է, թե՞ հորինվածք): Վեճերը հանգիստ թողնենք ու շարժվենք առաջ: 
      Անշուշտ չինական զարդատուփի հանգույն Մարկեսի՝ «Սերը ժանտախտի օրերին» վեպը Դեֆոյի՝ «Ժանտախտի տարվա օրագրի» ընթերցումներից մեկն է: 
      Քո սիրելի վեպը բացարձակ ընթերցելու համար նստիր և ստեղծիր կրկնակը:
 (Երկու միատեսակ մասերից, առարկաներից բաղկացած, կազմված զույգ: Կրկնակ դռներ) երբեք չմոռանալով, որ արտաքուստ նմանությունը կրկնակի ընդամենը մեկ բնորոշիչն է: Չէ՞ որ ակնհայտ է՝ զույգ դռներից այն կողմ միմյանցից խիստ տարբեր աշխարհներ կան: Դեռ Մարկեսից առաջ՝ Դեֆոյի վեպը ևս մեկ հայտնի կրկնակ էր լույս աշխարհը բերել՝ Ալբեր Կամյուի՝ «Ժանտախտը», որը սկսվում է բացահայտ հղումով - դեֆոյան բնաբանով: 
       Ֆրանսիացի արձակագիր Ժան Ժիոնոյի (1895-1970) «Հուսարը տանիքի վրա» վեպը՝ (Երևան, «Անտարես», 2013,  ֆրանսերենից թարգմանել է Լիլիթ Գասպարյանը) շարունակում է այս համաճարակագիր կրկնակների թեժ ավանդույթը՝ ստեղծելով ու հետազոտելով իրեն մասնահատուկ նոր առաձնահատկություններ: Ժիոնոյի վեպը դասական արկածային ոճաձև ունի: Այսպես: 1830ականներ, Ավստրիայի ոստիկանության կողմից հետապնդվում է Իտալիայի հուսարական բանակի գնդապետ քսանհինգ ամյա Անժելո Պարդին, արդեն ֆրանսիական հողերում նրան ջանում են ձերբակալել - մենամարտում մի բարոնի է սպանել: Այս դեպքերին զուգընթաց է քաղաքներում ու գյուղերում բռնկված խոլերան: Թեպետ վեպում առկա սիրավեպը, Մարքիզուհու և այլոց կերպարները բնավ աննշան չեն, այդուհանդերձ գլխավոր գործող անձինք երկուսն են՝ Անժելո Պարդին ու համաճարակը՝ «Մարդիկ իրոք դժբախտ արարածներ են,- մտածում էր Անժելոն: - Ամենահիանալին կատարվում է առանց նրանց: Նրանք հորինում են խոլերան ու լոզունգները: Կատաղում նախանձից կամ տանջվում ձանձրույթից, ինչը նույնն է, թե մարդն ի վիճակի չէ գործելու: Սակայն գործելու դեպքում հաղթանակում են կեղծավորությունն ու խելագարությունը»: 
      Ի հեճուկս խոլերայի բերած տառապանքների, ի հեճուկս կանգ չառնող մահվան՝ արթնացել է բնությունը, անտառներում ու դաշտերում իր ողջ գեղեցկությամբ բացվել է բուսաշխարհը, հայտնվել կյանքը, որն այլևս տներում մեկուսացած մարդկանց համար չէ, այլ մեղուների, թռչունների, Անժելոյին համակրող կատվի: Գուցե մարդու համար ավելի մեծ պատիժ չկա քան տառապել, փակված մնալ տանը, կարանտին անցնել, վերջապես հեռանալ կյանքից ճիշտ այն պահին, երբ բնությունը իր ողջ զորությամբ, իր ողջ հմայքով ապրել է հրապուրում՝ (Հենց հիմա, 2020թվականին գարնանային բնության այս շքեղ ու սիրուն զարթոնքը մերը չէ և ինչ էլ լինի միևնույն է նրա՝ մեզ չպատկանելու գիտակցումը, պատշգամբից ու պատուհանից նրա թևաչափ հեռավորությունը պատիժ է թվում):
      Անժելոն այսօրյա ընկալմամբ իսկական կամավորական է, կյանքն ու առողջությունը վտանգած այն կարեկից ու խիզախ մարդկանցից մեկը, որը առանց երկմտանքի օգնության է նետվում՝ խնամելով, փրկելով խոլերայով վարակված հիվանդներին, տանը մեկուսացած, լքյալ բնակիչներին: 
       Ուշագրավ է Անժելոյի բուն «արկածների» սկիզբը: 
       Արևից ու հոգնածությունից ուժասպառ հուսարը լվացվում է ջրամբարում, նրան նկատում են ու կասկածում վարակը տարածելու մեջ, ամբոխ կազմած մարդիկ հարձակվում են նրա վրա՝ բղավելով՝ «Կախեք սրան… Մահ… Մահ…»: « - Մահ թունավորողին»: Միայն տանիք բարձրանալով և այնտեղ մնալով է հաջողվում փրկվել: Անժելոն տեսնում է, թե ինչպես են ինքնադատաստան անելով՝ սպանում մարդկանց, որոնք իբր թե ուղղակի դիտավորությամբ վարակ տարածողներ են՝ «Լավ հագնված երիտասարդ կինը, որը հավանաբար եկեղեցուց էր վերադառնում (ձեռքին աղոթագիրք կար), նորից մոտեցավ դիակին և սուր կրունկը ուժով խրեց խեղճի գլխի մեջ»: «Ամբոխը դարձյալ անցավ դիակը ծաղրելուն ու վիրավորելուն»: Եվ Անժելոն տագնապում է՝ «Ես այս տանիքների գերին եմ,- ինքն իրեն ասաց նա,- հիմա գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում, եթե փողոց իջնեմ»: 
      Ալեսսանդրո Մանձոնին  իր  «Նշանվածները»  վեպում միլանյան ժանտախտի դրվագները շարադրելիս՝ «քսոտողներ» անվանված անձանց է հիշատակում: Ժողովրդի մեջ խոսք ու զրույց է պտտվում, թե կան քսոտողներ, իբր ժանտախտահար մարդիկ, որոնք վարակը միտումնավոր տարածում են: Շուտով այս նախապաշարմունքը այն աստիճան է մոլեգնում, որ ամբոխները սկսում են աջ ու ձախ հարձակվել մարդկանց վրա, խոշտանգել ու սպանել նրանց: Մի ծերունու, որ Սուրբ Անտոնիո եկեղեցում ծնրադիր աղոթելուց առաջ վերարկուով սրբում է նստարանը՝ վայրկենապես քսոտող են համարում, ապա եկեղեցուց ծեծելով դուրս են բերում, սպանում դաժանորեն: Անժելոյին ոչինչ չի վախեցնում, տանիքներից վար իջնելով՝ հուսարը միանում է դիակներ խնամող մի միանձնուհու, ով ասում է՝ «Իմ գործը լվանալն ու հավաքելն է, ինչն էլ անում եմ»: Եվ Անժելոն ու միանձնուհին շրջելով տնետուն՝ առանձնացնում են ամենակեղտոտ, ամենավատ վիճակում գտնվող դիակները, լվանում են, պատշաճ տեսքի են բերում նրանց, շարքով դնում են, որպեսզի լուսաբացին սայլերով տարվեն: 
       Մարտիրոսության քրիստոնեական նախաակունքները հեռու են Անժելոյից, նա արկածային վեպի արկածային հերոս է, հին աշխարհի ռոմանտիկ շորշոփներով ասպետ, իր քաջությամբ մի քիչ անխոհեմ, խորամանկությամբ մի քիչ նայիվ, խոհերում՝ գրեթե կարճամիտ, բայց միշտ սրտաբաց, միշտ ձեռնհաս: Անժելոն արարքի, ինչպես սովոր ենք ասել՝ գործի մարդ է: Համաճարակը, վրա հասած դժբախտությունը – կտրուկ, սըրընթաց արարք է հայցում, քան դանդաղահոս ու ծանրումեծ խոհ: 
        Գործել – սա է համաճարակի մահը:  
        Բացի դրանից Անժելոյի համար հերոսականությունից զերծ հպարտության հարց կա, սեփական կյանքը թեկուզ որևիցե պատրանքով իմաստավորելու պարտքի գիտակցման հարց՝ «Մենք պետք է անենք մի բան, որը կարդարացնի մեր կյանքը», - ասում է հուսարը, իսկ վերջում էլ ավելի հեռուն գնալով՝ «Ուրախ տրամադրությունը նրա մեջ արթնացրեց հին կրքերը, և նա խոսեց իր կյանքը հանուն մարդկության երջանկության պայքարին նվիրաբերելու մասին: - Ազնիվ գործ է, - ասաց կինը: Անժելոն նրան նայեց համոզվելու համար՝ վերջինիս խոսքերում հեգնանք չկա՞: Բայց նա լուրջ էր տրամադրված, նույնիսկ՝ չափից ավելի»: 
       Այս հայացքի մեջ է ողջ Անժելոն՝ «…նայեց համոզվելու համար՝ վերջինիս խոսքերում հեգնանք չկա՞»: Եվ այստեղ փիլիոսափայություն որոնելն անիմաստ է: Գուցե միայն հավատ առ կյանք: