Նիկոլ Փաշինյանը եւ թիմը տիրաժավորում են սուտ՝ ինչի՞ համար են հող նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը եւ թիմը տիրաժավորում են սուտ՝ ինչի՞ համար են հող նախապատրաստում

ՔՊ-ականները՝ խմբակցության ղեկավարից մինչեւ «շարքային Հովհաննիսյան», իրենց ՖԲ պատերին սկսել են շրջանառել  կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրածը, թե 2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որեւէ տեսական կամ գործնական հեռանկար։ Հետեւաբար, նման բանակցային ժառանգության պայմաններում պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների հանձնումն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, հետագայում՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու հեռանկարով։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այդ ժամկետը 2 տարով հետ է տարել՝ մինչեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմ։ Մնում է պարզել, թե այս մտքի տիրաժավորմամբ Փաշինյանն ինչի համար է հող նախապատրաստում։

Մենք փորձագիտական շրջանակների հետ ենք զրուցել, եւ բոլորի պատասխաններից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի մոտ 15 տարվա խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրինք՝ համամի՞տ է, որ չկար Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու որեւէ տարբերակ։ «Ավելի լավ կլինի ճշտեք ՀՀ համապատասխան կառույցներից, բայց ես ասեմ հետեւյալը, որ մեզ համար կարգավիճակի խնդիրը միշտ եղել է, կա եւ կլինի առանցքային։ Առհասարակ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին առաջին անգամը չէ, որ ասում ենք, ունի 2 խնդիր՝ կարգավիճակ եւ սահմաններ։ Եվ բոլոր ժամանակահատվածներում, բնական է, որ կարգավիճակը քննարկվել է»։

Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը շատ լակոնիկ է․ «Ես կնախընտրեի չմեկնաբանել՝ մի շարք հանգամանքներից ելնելով։ Նախ, նման նյութի շուրջ պետք է ավելի հանգամանալից խոսել։ Իհարկե, չեմ կիսում այդ տեսակետը, բայց այս պահին չեմ կարող ավելին ասել»։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում ինչ-որ բանակցային կոմպրոմատ հրապարակելու համար։ «Ուզում եմ հիշեցնել իր վերջին ասուլիսի այն հայտարարությունը, որ «փորձեցի՝ 80 էջ գրեցի, եւ դա շատ փոքր հատվածն էր»։ Քանի որ ինքը պահանջեց փակ նիստ, որի ժամանակ  խոստացավ հրապարակել բանակցային սենսացիաներ, ենթադրում եմ, որ առաջիկայում ես չգիտեմ, թե ինչ է պատրաստվում հրապարակել, բայց անպայման անելու է, որովհետեւ էս ամենը դրա, միանշանակ, նախերգանքն է։ Ինձ համար կա հստակ բանակցային փաթեթ, հստակ փաստ։ Իսկ այդ փաստը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների 5 հայտարարություններն են՝ 2009-2013 թթ․, որոնցում նշվում է՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն։ Ինչն էլ ենթադրում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որը հստակ ձեւակերպեց Իգոր Պոպովը՝ 2021թ․ հունվարի 13-ի հարցազրույցում։ Եթե հիմա որոշ փորձագետներ պնդում են, որ Իգոր Պոպովը սուտ է ասում, ապա դա պարզունակ պնդում է, որովհետեւ դրան կհետեւեր մյուս 2 համանախագահների հայտարարությունը, որ Պոպովը ստում է, եւ ԼՂ կարգավիճակի հարց չի ժառանգվել Նիկոլ Փաշինյանին»։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի համանախագահը հայտարարել էր, որ «Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» վերադարձնել 7 շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին»։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության արդյունքում` կողմերի համաձայնությամբ, որի ցանկացած արդյունք ընդունելի կլիներ կողմերի համար: Իսկ գուցե համանախագահների 2009-2013թթ․ հայտարարությունները նշանակում են, որ ավելի ուշ շրջանում «ազգերի ինքնորոշման իրավունք», «Արցախի կարգավիճակ» բառակապակցությունները չե՞ն օգտագործվել այլեւս։

Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Համանախագահների բոլոր հայտարարություններում եւ բոլոր քննարկումներում եղել են։ Ավելին՝ հիմա կցիտեմ անձամբ Իլհամ Հեյդարի Ալիեւին, ով 2016թ․ հունիսին բառացիորեն հայտարարեց հետեւյալը․ «Փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ ինձ վրա միջազգային հանրության մեծ ճնշումը կա»։ Այսինքն՝ 2016-ին արդեն Ալիեւը խոստովանել է, որ համանախագահներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը։ Էդ դեպքում ո՞նց եղավ, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, 16-ից արդեն չկար որեւէ լուծում՝ չդիտարկել Արցախն Ադրբեջանի կազմից դուրս։ Տվյալ դեպքում ես հակված եմ հավատալ Ալիեւին, որովհետեւ, գիտեք, չեմ կարծում, որ Ալիեւը մազոխիստ է»։

Հիշեցնենք նաեւ, որ ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված Պոպովի մեկնաբանության մեջ նշվում է նաեւ, որ ռուսաստանյան առաջարկներ ասելով՝ ենթադրվում է փուլային կարգավորումը, որի վերջին խմբագրված տարբերակը կողմերին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, 2019-ի հունիսին։ Կազանյան փաստաթղթի հետ շատ կետերում համընկնող այդ պլանի մեջ ներառված են կարգավորման բազային սկզբունքները, որոնց շարքում առաջին փուլում Ադրբեջանին՝ 5, երկրորդ փուլում՝ 2 շրջան վերադարձնելն է՝ փոխկապակցելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ գրում է․ «Մադրիդյան եւ հետագայում կազանյան փաստաթղթում առկա ԼՂ ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության 30 տարիների թերեւս կարեւորագույն ձեռքբերումներից է։ Այնտեղ սեւը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է հետեւյալը․ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանն ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում»։ Իսկ պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը պետք է համաձայնեցնեն ապագա բանակցություններում։ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկանում են 1988-ին ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը՝ մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չէր  լինելու»։

Մի ուշագրավ դիտարկում էլ ԱԳՆ կայքում զետեղված նյութերից․ երբ 2018թ․ մայիսի 22-ին Հանրային ռադիոն ԱԳՆ այն ժամանակվա խոսնակ, ներկայում Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին խնդրել էր հստակեցնել արցախյան խնդրում նոր մոտեցումները եւ հետաքրքրվել՝ մադրիդյան սկզբունքների՞ց են սկսվելու հանդիպումները, վերջինս ասել էր․ «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաեւ ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պայմաններում։ Սա մեր հստակ դիրքորոշումն է, որը եւ վարչապետի կողմից է վերահաստատվել՝ ինչպես վարչապետ ընտրվելուց առաջ իր ելույթում, այնպես էլ հետագայում ունեցած ասուլիսում՝ Ստեփանակերտում։ Դա վերահաստատել է նաեւ արտգործնախարար Մնացականյանը»։ Ավելացրել էր, որ հունիսին համանախագահները նախատեսում են այցելել Հայաստան, շփվել Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Այսինքն, Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հեռանկար չկար։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ 2016-ից ու 2018-ից հետո համանախագահների հայտարարություններում մշտապես եւ որպես առանցքային հարց՝ մատնանշվել է Արցախի կարգավիճակի հարցը, Կազանի փաստաթղթում՝ հատկապես։ Նա էլ հիշեց Ալիեւի այն հայտարարությունը, թե փակ դռների հետեւում իր վրա ճնշում են գործադրում՝ ճանաչել Արցախը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասած իր՝ «զրոյական կետից սկսելու» մասին  հայտարարությանը, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ապա Զաքարյանն ասաց․ «Արցախը բանակցային կողմ  կդառնար, երբ կարգավիճակի հարցը սկսեր քննարկվել, իսկ դա Կազանի փաստաթղթով էր  նախատեսված։ Բայց հենց սկզբից խախտեց բոլոր պայմանավորվածությունները, ասելով՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»։