Մեզ լկտի մարտահրավեր է նետված

Մեզ լկտի մարտահրավեր է նետված

ՌԴ արտգործնախարար Լավրովը երեւանյան այցի ընթացքում ներկա է գտնվել «Ծաղիկներ՝ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, ըստ երեւույթին, իրազեկված էր, երբ ԱՊՀ աշխաբադյան գագաթաժողովի ելույթում անդրադարձավ Հայաստանում «ֆաշիզմի հերոսացմանը»՝ խոսելով Գարեգին Նժդեհի մասին: Սա լուրջ խնդիր է, որի ավելի ակտուալացման  նպատակով Ադրբեջանը Մոսկվայում վարձահրավիրել է մի քանի «պատմաբան-միջազգայնագետի»: Այդ գործում առավել ջանք է գործադրում ոմն Օլեգ Կուզնեցով, որը Լավրովի հետ հիշյալ ցուցահանդեսի բացմանն արտգործնախարար Մնացականյանի այն խոսքին, թե հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան ԽՍՀՄ ազգային զորամիավորումներից միակն է, որ մասնակցել է Բեռլինի գրոհին, հակադարձել է կեղտոտ նենգափոխմամբ՝ ասելով, որ հայկական դիվիզիան «դավաճանության համար կազմացրվել է 1942թ.-ին, իսկ Բեռլինը գրոհել է խորհրդային զորամիավորումը, որտեղ գործնականում հայեր չեն եղել»: Ռուս վարձահրավիրվածը խորհուրդ է տվել «գոնե Վիքիպեդիա կարդալ»: Մենք սիրով հետեւում ենք նրա խորհրդին:

Այո, եղել է այնպես, որ հայկական դիվիզիան հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ, բայց փախուստի չի դիմել: Դա է վկայում փաստը, որ դիվիզիայի հրամանատար Վասիլյանը զոհվել է հրամանատարական կետում՝ ճզմվելով տանկի տակ: Այո, դիվիզիան վերակազմովորվել է, բայց՝ դարձյալ հայ մարտիկներից: Եւ մասնակցել է Ղրիմի ազատագրմանը: Այդ մարտերում ցուցաբերած խիզախության համար Հունան Ավետիսյանը եւ Ջհան Կարախանյանն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, դիվիզիայի երկու հազար մարտիկներ՝ մեդալների եւ շքանշանների, դիվիզիային տրվել է Սեւաստոպոլյան պատվո անունը: Այնուհետեւ դիվիզիան  շարունակել է մարտական փառավոր ուղիմ: Նույն Վիքիպեդիան այդ առթիվ ասում է, որ այն ԽՍՀՄ ազգային դիվիզիաներից միակն է, որ մասնակցել է Բեռլինի գրոհին՝ «ջախջախելով հակառակորդի ուժեղ կայազորը եւ ամրանալով Հումբոլտ-Հայնեում»:

Այն, որ մինչեւ կազմացրման օրը դիվիզիան եղել է հայկական, վկայում է նրա հրամանատարների՝ Վիքիպեդիայում հրապարակված ցանկը՝ Սիմոն  Զաքիյան, Անդրանիկ Սարգսյան, Արտաշես Վասիլյան, Նվեր Սաֆարյան, Հայկ Մարտիրոսյան, Ասքանազ Կարապետյան, Սերգեյ Միանսարով: Մեզ քարոզչական լկտի մարտահրավեր է նետված, հարկ է այն ընդունել պատվով: Թերեւս ժամանակն է, որպեսզի Հայաստանն Ռուսաստանի իշխանությունների առջեւ հարուցի Մոսկվայում Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացած բոլոր հայ զինվորականների անուններով հուշատախտակ ունենալու հարցը: Դա  ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին հայ ժողովրդի բերած վաստակի լավագույն վկայությունը կլինի: