Ինչպես է անանսնամորթն իրականացվում Բաքվում

Ինչպես է անանսնամորթն իրականացվում Բաքվում

Ինչպես հայտնի է, Հայաստանում այս օրերին բավական ակտուալ է անասնամորթի հետ կապված խնդիրը։ Պարզվում է, Ադրբեջանում նույնիսկ այս հարցում որոշել են մեզանից հետ չմնալ, եւ առանձին լրատվամիջոցներ, որոնք գործում են հիմնականում ցանցային տարբերակով, բարձրացրել են Ադրբեջանի մայրաքաղաքում անասնամորթի իրականացման հիգիենայի եւ այլ հարցերի հետ կապված խնդիրը։ Պարզվում է, հենց Բաքվում անասուններին կարող են մորթել փողոցում, եւ երբեւէ չմտածել, որ մորթված անասունի արյունը կարող է հոսել փողոցով մեկ ու դառնալ հակահիգիենիկ օջախ իր բոլոր հետեւանքներով հանդերձ։ Իհարկե, նշվում է, որ դա անօրինական մորթ է, քանի որ անասնամորթն այնտեղ էլ կարգավորվում է պետականորեն, որոշակի ստանդարտներով եւ հիգիենայի կանոնների պահպանմամբ, սակայն այլ բան է թղթի վրա գրածը, այլ բան է իրական կյանքը։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ, որտեղ նման պրակտիկա կա, բողոքել են տեղական իշխանություններին, սակայն ոչ մի քայլ չի արվել անօրինական մորթը կամ դրա հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Նույնիսկ մի շարք սպանդանոցներում, որտեղ իրականացվում է եւ անասնամորթ եւ մսի վաճառք, իրավիճակը հակասանիտարական է իսկ վաճառվող միսը չունի համապատասխան փորձագիտական արտոնագիր։ Այս ամենի մեջ հետաքրքիր է մի նյուանս։ Ադրբեջանական մամուլում նշում են, որ նույնիսկ սննդի անվտանգությամբ եւ սանիտարական խնդիրներով զբաղվող կառույցները բազմիցս շրջայցեր են կատարել, սակայն չգիտես ինչու գերատեսչական մարմինները նույնիսկ ի վիճակի չեն կանգնեցնելու անօրինական մորթն ու հակասանիտարական-հակահիգիենիկ վիճակը, իսկ թե ինչու արդեն բազմաթիվ հարցերի առիթ է տալիս։