Չնույնանալ եւ չնույնացնել

Չնույնանալ եւ չնույնացնել

88-ի եւ պատերազմի գործիչների սերունդը մի թուլություն ունի՝ նույնանալ Շարժման եւ ռազմական հաջողությունների, պետության եւ պետականության հետ: Նա դիմադրում է քաղաքական սերնդափոխությանը, պիտակավորում եւ վերագրումներ անում՝ ելնելով մի կանխադրույթից՝ ով խրամատներում չի եղել, չպետք է իշխանության գար, իսկ եթե եկել է, ուրեմն «պրոյեկտ է, վտանգում է Հայաստանը եւ Արցախը, հետեւաբար պետք է ժամ առաջ հրաժարական տա»:

Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցն այս դիսկուրսին, որ տեւական ժամանակ է՝ տարածվում է որոշակի լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով, մի չարագուշակ երանգ ավելացրեց. «Իսկ եթե համառեն, ապա կհեռացվեն ուժով»: Երկրի, պետության, պատերազմում հաղթանակի եւ հետպատերազմյան վերականգնման հետ իրեն նույնացնում էր բոլշեւիկյան վերնախավը: ԽՍՀՄ-ում քաղաքական սերնդափոխություն տեղի չէր ունենում շուրջ 40 տարի: Գործում էր, ինչպես այլախոհական շրջանակներում էր ձեւակերպվել от Ильича до Ильича без инфаркта и паралича սկզբունքը, եւ ստալինյան էպոխայի ծնունդ՝ Սուսլովը երկրի թիվ մեկ գաղափարախոսն էր մինչեւ մահ: Ինչի՞ հանգեցրեց դա՝ հայտնի է: Գորբաչովյան ռեֆորմացիան չկարողացավ փրկել երկիրը, որ Արեւմուտքի հետ մրցակցությունը տանուլ էր տվել առնվազն երեք տասնամյակ իր փաստացի փլուզումից առաջ: Բայց դառնանք մեր խնդրին: 2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխությու՞ն էր, թե՞ պարզ իշխանափոխություն՝ թող հասարակագետները պարզեն:

Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց, նրա փոխարեն վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, որ 88-ին դպրոցական է եղել, պատերազմին չի մասնակցել: Սերժ Սարգսյանը 88-ի առաջամարտիկներից մեկն է, գլխավորել է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեն, եղել է Հայաստանի պաշտպանության նախարար, Արցախի հերոս է: Փառավոր կենսագրություն: Բայց դա հի՞մք էր, որպեսզի նախագահական երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նա հավակնի փոփոխված սահմանադրությամբ երկրի թիվ մեկ՝ վարչապետի պաշտոնին:

Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխին շանթուկրակ թափող՝ պատերազմի հերոսներն ու քաղաքական գործիչներն ինչու՞ քաջություն չունեցան Սերժ Սարգսյանին ասելու, որ երրորդ ժամկետով պաշտոնավարումը ժողովրդի կողմից չի հանդուրժվի: Ի՞նչ էր ծրագրվել: Ո՞վ էր փոխարինելու Սերժ Սարգսյանին, ասենք, 2028թ.-ին: Դարձյալ 88-ի, պատերազմի սերնդից մե՞կը, արցախյան ծագումով մի պաշտոնաթող գեներա՞լ:

Այսինքն կար մտայնություն, որ ՀՀԿ գաղափարախոսությունն ու ծրագիրը Հայաստանի, հայ ժողովրդի համար միակ ընդունելի՞ն են, նժդեհականությունը փոփոխության ենթակա չէ՞՝ ինչպես ասվել էր՝ առաջիկա տասնամյակներում դեպի իշխանությունը ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյանո՞վ: Տասնյակ հազավոր մարդիկ մերժել են այդ նախագիծը, դրել քաղաքական սերնդափոխության խնդիր եւ լուծել այն: Դա ժողովրդի ընտրությունն է, որ արժանի է հարգանքի: Դրանից, անշուշտ, չի հետեւում, թե երկրում այլախոհություն եւ քաղաքական մրցակցություն չպետք է լինեն: Սահմանադրությունը եւ օրենքը երաշխավորում են քաղաքական ազատ գործունեությունը, բազմակարծությունը: Ով չի ընդունում Փաշինյանին, նրա գաղափարները, հնարավորություն ունի արտահայտվելու, համախմբելու համախոհներին, ծավալելու թափանցիկ քաղաքական գործունեություն՝ նախապատրաստվելով գալիք խորհրդարանական ընտրություններին: Ոչինչ հավերժական չէ, ոչ ոք՝ նույնպես: Բայց չի կարելի նույնանալ ազգային արժեքներին, 88-ին եւ պատերազմի հաջողություններին: Անցյալի, ներկայի եւ ապագայի իրավատերը մեկն է՝ ժողովուրդը: Եւ միայն նա կարող է որոշել, թե ում է վստահում երկրի կառավարման ղեկը: