Թուլացեք եւ հաճույք ստացեք

Թուլացեք եւ հաճույք ստացեք

Լավ, ՀՀ բանակ անվանվող կառույցի փշրանքներում մի «живой» եֆրեյտոր չի՞ մնացել: Այս ի՞նչ փոխհրաձգություն է պայմանական ու ժամանակավոր սահման­ներին: Մի՞թե հնարավոր չէ հրաման արձակել, որ Արևմտյան Ադրբեջանի կողմում զինված անձինք զենքը վայր դնեն և ձեռքերը վեր պարզեն: Ինչպե՞ս կարելի է «մեր խաղաղության՝ վեր պարզած ձեռքեր» սիմվոլը ոտ­նահարել: Ի՞նչ իրավունքով: Ինչու՞ են «հանուն ոչնչի» նոր զոհեր լինում: 

Ինչու՞ են որոշ զինվորականներ դեմ գնում «վեր պարզած ձեռքերի» պետա­կան քաղաքականությանը: Դա պատերազմական հանցագործություն է և նրանց բո­լորին պետք է պատասխանատվության ենթարկել պատերազմի ժամանակի օրենք­ներով: Դիմացի զինվորականները բռնություն չեն գործադրում, նրանք գալիս են իրենց պատմական հայրենիք: Բարի գալուստ, մեր արյունակից եղբայրներ։ Դիմադրելը կոռեկտ չէ, անիմաստ է: Թուլացեք և հաճույք ստացեք: Ի վերջո, դա է ուզում իրեն հայ անվանող հպարտ ժողովուրդը:

Հա, ի դեպ, կարո՞ղ է ինչ-որ մեկը տեղյակ է, թե երկրի անվտանգության քաղաքականությունը մշակող և դրա իրագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Քոչարյան Անդրանիկը որտե՞ղ է, որ ձայնը չի լսվում: Ըստ մի վարկածի՝ նա խրվել է անցած, ընթացիկ և գալիք պա­տերազմների պատճառահետևանքային և պատասխանատու-մեղավո­րային հանգամանքներն ուսումնասիրող հանձնա­ժողովների աշխատանքի մեջ. խիստ զբաղված է: Ըստ այլ վարկածի՝ նա դիմել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի աջակցությանը, իսկ վերջինս էլ հանդես է եկել հայտարարությամբ. «Հայ ժողովուրդը չի ուզում պատերազմ, այլ որոշակի շրջա­նակ­ներ Հայաստանում։ Ադրբեջանը բազմիցս է առաջարկել Հայաստանին ստորագրել խաղաղության համաձայնագիր եւ սկսել սահմանների դելիմիտացիա։ Հայաստանը պետք է հասկանա, որ հակառակ դեպքում հետեւանքներն իր համար կարող են չափազանց դառը լինել»: Իսկ այս թուլամորթ հայերը կարծել են, թե 5000 զոհերը, 10000 հաշմվածները, 10 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի կորուստն է եղել դառը: Լսեք այդ բարձրաստիճան պաշտոնյային. Դրանք եղել են «ծաղիկները», իսկ «դառը պտուղները» դեռ առջևում են:

Իսկ ինչ վերաբերում է այդ «որոշակի շրջանակներին», ապա նրանք են  ուխտադրուժ ոտնահարել «մեր խաղա­ղութ­յան՝ վեր պարզած ձեռքերի» սիմվոլը: Էլ ճար չկա, իշխանությունները պետք է դիմեն Թուրքիային, որպեսզի նա ռազմական օժանդակություն ցուցաբերի՝  «որո­շակի շրջանակներին» պատժելու գործում:

Հ.Գ. «Լավ լուր»: «Ադրբեջանն ընդունել է ռուսական կողմի միջնորդությունը՝ դադարեցնել կրակը Հայաստանի հետ սահմանին՝ Մոսկվայի ժամանակով 09,00-ից սկսած կամ տեղական ժամանակով՝ 10,00-ից սկսած»։ Կասկածելի է: Դեռ չսկսած, ինչու՞ է դադարեցնում կրակը: Զարմանալի «լսող է դարձել Ադրբեջանը». 2020 թվա­կանին չլսեց ԱՄՆ-ին, չլսեց Ռուսաստանին, չլսեց Ֆրանսիային: 

Գագիկ Վարդանյան