Անցան ժամանակները, երբ ասեիք՝ մածունը սև է, հավատայինք․․․

Անցան ժամանակները, երբ ասեիք՝  մածունը սև է, հավատայինք․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան, «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյան հանդիպման մասին շատ գրվեց, խոսվեց։ Հանդիպման մասին տեղեկություններ տրամադրում էր նրա մամլո խոսնակը։ Հանդիպման օրը Վլադիմիր Կարապետյանն այն հարցին, թե ո՞ր կողմի նախաձեռնությամբ է հանդիպումը կայացել, նշեց, որ չի կարող ասել, քանի որ չի հետաքրքրվել։ Թե ինչու չէր կարող ասել կամ ինչու չէր հետաքրքրվել ամենաբարին մտածենք ու առաջ անցնենք։

Օրակարգը՝ ամբողջացնելով կողմերի մանրամասները, քաղաքական իրավիճակը,  առավել քան պարզ է։ «Սասնա ծռեր»-ն ունի ռազմական փորձ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, կարելի է ենթադրել,  որ վարչապետն ուներ նման կառույցի օժանդակության կարիք։ Թե դա ինչքանով կարող էր կայունացնել ներքաղաքական վիճակը, դժվար չէ հասկանալ հանրության տրամադրությունից։ Գաղտնիք ասած չեմ լինի, որ այսօր բոլորն էլ ինչ որ, մեղմ ասած, «ոչ լավ  բանի են սպասում»։ Դա վերաբերվում է հանրության բոլոր խավերին՝ և՛ սևերին, և՛ սպիտակներին։ Օդում անբացատրելի լարված մի սպասում է։ Այդ վիճակը թոթափելու պատասխանատուն իշխանությունն է, բայց նա իրեն պահում է ընդդիմության կարգավիճակում գտնվողի կեցվածքով։ Ներքաղաքական վիճակը մեղմելու, հանդուրժողականություն սերմանելու ոչ մի փորձ։ Երբեմն թվում է, թե իշխանությունը չի փոխվել, Փաշինյանը ընդդիմություն է, իշխանության ներկայացուցիչները բարեհոգաբար խրատներ են տալիս ընդդիմադրին, և նա ոչ մի պատասխանատվություն չունի։ Ամեն վատ բանի մեղավորը «իշխանությունն է՝ նախկին», լավ բանի տերը՝ իրենք։

Ինչևէ, հանդիպումից արդեն երկու օր է անցել և Արմենպրեսում կարդում եմ մի չոր տեղեկատվություն։ Ինքս էլ ժամանակին աշխատել եմ Արմենպրեսում ու գիտեմ, որ այն զուտ տեղեկատվական բազա է՝ կարճ, կոնկրետ, վիճակագրության նման։ Ու այսօր կարդում եմ․

18:36 07.09.2019

Փաշինյանի հանդիպումը Սեֆիլյանի ու Չուքասզյանի հետ տեղի է ունեցել վերջիններիս նախաձեռնությամբ. Խոսնակ

Մնում է ընդամենը զարմանալ,  թե երկու օր հետո ինչու՞ կարևորվեց  հանդիպման նախաձեռնությունը, երբ հանդիպման օրը խուսափեց ասել։   Սա փոքր հարց չէ, հասկացողները կհասկանան, բայց այստեղ մի բաղադրիչ ևս կա՝ իշխանության ստուգողական աշխատանքը։ Մարդիկ արդեն տեսնում են, հարգելի Նիկոլ Փաշինյան՝ և՛ լավը, և՛ վատը, նրանք արդեն ձեր աչքերի կարիքը չունեն, մարդիկ արդեն մտածում են ինքնուրույն ու ձեր մտածողությամբ չեն առաջնորդվում։ Դա լավ է, չնայած ցավոտ։ Ձեզ համար էլ է դժվար լինելու, սոսկալի դժվար, որովհետև անցան ժամանակները, երբ ասեիք՝  մածունը սև է, հավատայինք․․․ Լուրջ աշխատանք է պետք, շատ լուրջ։