Ես խորին համոզմունք ունեմ, որ մեր ժողովուրդը նման թակարդ իրեն չի գցի երբեք. Կիմ Բալայան

Ես խորին համոզմունք ունեմ, որ մեր ժողովուրդը նման թակարդ իրեն չի գցի երբեք. Կիմ Բալայան

«Ծանրագույն վիճակում է հայտնվել Հայաստանը` աշխարհաքաղաքական իրողությունների եւ ներկայիս իշխանությունների պատճառով»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է մի շարք օրինազանցություններ։ «Հայաստանի այսօրվա վարչապետը որեւէ կապ չունի օրինականության հետ, բազմաթիվ անգամներ խախտել է եւ՛ ՀՀ հռչակագիրը, եւ՛ ՀՀ սահմանադրությունը, եւ՛ ԳԽ որոշումները, եւ՛ ԱԺ որոշումները։ Անկախության հռչակագիրը դա հիմնադիր իրավաքաղաքական փաստաթուղթ է, որից չի կարելի շեղվել։ Բազմաթիվ շեղումներ եղել են, բայց այս անգամ աննախադեպ են այդ շեղումները, հատկապես երբ փորձում են փոխել Սահմանադրությունը»,-ընդգծեց նա։

Նշենք, որ Բաքուն պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով, թե հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք դա անում ենք ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», - հայտարարել էր Ալիևը։

Կիմ Բալայանն ընդգծում է՝ Ալիեւը պահանջում է փոխել Սահմանադրությունը՝ Արցախի եւ Հայոց ցեղասպանության հարցերը մեջտեղից հանելու համար։ «Ես խորին համոզմունք ունեմ, որ մեր ժողովուրդը բարձր գիտակցություն ունի եւ նման թակարդ իրեն չի գցի երբեք»,-ասաց նա։

Ընդդիմությունը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սեպտեմբերին կրկին ակտիվ գործողություններ է անելու, ի՞նչ սպասել «Սրբազան պայքարից», շարժումը մինչեւ ու՞ր կարող է հասնել։ 

«Շարժումը կհասնի իշխանափոխության, որից հետո աստիճանաբար կսկսենք մեր ազգային շահերը առաջ տանել։ Եթե մենք համախմբված գործեցինք, սիրո եւ համերաշխության մթնոլորտ եղավ մեր հանրապետությունում՝ դաշնակիցներ կունենանք, եւ ոչ միայն Արցախը կվերադարձնենք, այլ նաեւ շատ ավելի բարենպաստ վիճակում կլինենք», -ասում է Բալայանը։

Բաքուն պահանջում է` ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան, ի՞նչ իրավիճակ կարող է լինել, եթե Փաշինյանը կատարի Ալիեւի այս պահանջը նույնպես։ 

«Մեր իշխանությունները մեր օրինական շահերը առաջ չեն մղում։ Ալիեւը լուրջ դիվանագետ է, այնպիսի քայլեր է առաջարկում, որ ինքն էլ գիտի՝ դրա իրականացումն անհնարին է։ Բայց հետագայում նա ցույց կտա, որ նահանջ է կատարել ու լավություն է արել մեր ժողովրդին»,-նշեց Բալայանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի Նախագահության նախաձեռնությամբ  ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաք։