«Առնո Բաբաջանյանը» լողալու է ՌԴ դրոշի ներքո

«Առնո Բաբաջանյանը» լողալու է ՌԴ դրոշի ներքո

Այսօր Վլադիվոստոկի կենտրոնական ծովային կառամատույցում էին հավաքվել հայ համայնքի ներկայացուցիչներ ամբողջ Հեռավոր Արևելքից՝ Սախալինից, Կամչատկայից, Խաբառովսկից: Նրանք հպարտանալու նոր առիթ ու առարկա ունեն' նավթային լցանավ, տանկեր, որին այսօր հանդիսավոր պայմաններում տրվեց մեծն Առնո Բաբաջանյանի անունը: 

Նավը ջուրն է իջեցվել ավանդական արարողակարգով՝ խաղաղօվկիանոսյան նավատորմի զինվորական նվագախբով, շիշ ջարդելով, անվանի կոմպոզիտորի երաժշտության հնչյունների տակ: 
 Ինչպես հաղորդել ենք, «Առնո Բաբաջանյան» նավթային լցանավը պատկանում է «Բրամս օյլ» ընկերությանը եւ առայժմ միակն է ռեգիոնում:

 ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Պրիմորսկի երկրամասի նահանգապետի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանցը, «Ռուսաստանի հայերի միության» Կամչատկայի ռեգիոնալ միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, զինվորականներ, գործարարներ:

 Հայաստանի դեսպանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նշելով, որ այսօր էլ  Առնո Բաբաջանյանը  մնում է հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, իսկ նրա երաժշտությունը հանդիսանում է նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային ժառանգությունը: 

«Առնո Բաբաջանյան» լցանավը լողալու է Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո, նաև ձմեռային տարեշրջանին, որպես սառցահատ: