Թատերականում առցանց ընդունելության քննությունն աբսուրդի գագաթնակետը կլինի

Թատերականում առցանց ընդունելության քննությունն աբսուրդի գագաթնակետը կլինի

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին ուղիղ եթերի ժամանակ մանրամասնեց, թե ինչպես են կազմակերպվելու ուսումնական տարվա ավարտական եւ ընդունելության քննությունները։ Ըստ այդմ, բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձեւն ընտրում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։ Քննությունները պետք է կազմակերպվեն առցանց գործիքների կիրառմամբ՝ գործընթացն ավարտելով մինչեւ հուլիսի 1-ը:

Որոշվել է, որ դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն 1 քննություն: Միասնական քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից մեկը: Քննությունների հայտագրումն ու բուհ դիմելու հայտերի լրացումը մեկ միասնական գործընթաց են լինելու: Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը: Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում: Արվեստի եւ սպորտի բուհերում եւս մեկ քննություն է լինելու, բանավոր քննություններ նախատեսված չեն:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը կարծում է, որ այս պահի համար սրանք ճիշտ որոշումներ են։ «Դիմել եմ նախարարին՝ ասելով, որ ունենք 2-3 մասնագիտական առարկա, եւ խնդրել, որ ընտրի այդ 3-ից մեկը, միաժամանակ մյուս 2 քննություններից մեկական բաղադրիչ հավելելով։ Դրանով մենք օպտիմալացրինք կամ, այսպես ասած, միքս արեցինք, երգ, պար, բանաստեղծություն, արձակ միավորեցինք եւ, ըստ էության, ոչինչ չենք կորցնում»,- ասում է ռեկտորը։

Ինչ վերաբերում է նրան, որ բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում, ինչը թատերականի համար խնդրահարույց է, ապա կարծում է, որ պարտադիր պետք է բացառություններ արվեն․ «Կամ էլ թող ընդհանրապես ընդունելություն չանեն, որովհետեւ թատերականում օնլայն ընդունելության քննությունն աբսուրդի գագաթնակետը կլինի։ Դիմորդներն էտյուդ են անում, երգում, պարում, մենք զրուցում ենք, տեղում ինչ-որ բաներ ենք հանձնարարում, հիմա, ինչ, ինքը նստի տանն անի, մենք օնլա՞յն նայենք։ Ես չեմ կարծում թե դա հնարավոր է նաեւ Կոնսերվատորիայի դեպքում, եւ այդպիսի որոշում կլինի, ու նախարարը կգնա նման ծայրահեղության՝ բացառություններ չանելով»։ 

Արզումանյանն ընդգծում է՝ այնպես չէ, որ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ էր ու հիմա հանկարծ դարձավ շատ վատ․ «Ես կուզեի, որ փորձեինք եւ ընդունելության քննություն չանեինք, ընդամենը հարցազրույց լիներ, բայց հետո, երբ ընդունվեին, առաջին կուրսից արդեն շատ խիստ լիներ ուսանողի բուհական կյանքը, եւ մնային միայն արժանավորները։ Այսինքն, այսօր միանշանակ չենք կարող ասել՝ այս քայլերը սխալ են, թե ճիշտ, հատկապես որ մեզ մոտ կրթական համակարգը վերջին տարիներին խայտառակ վատացավ։ Կարծում եմ՝ կարելի է համահունչ գնալ եւ ինտեգրվել աշխարհին առանց մեր կրթական համակարգը հարամելու։ Եվ հետո՝ եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք, դուրս եկեք փողոց՝ ո՞ւր է այդ կարանտինը»։

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կարծիքով, այս որոշումը լավ վիճակից չէ, որ կայացվել է, բայց Կոնսերվատորիան լուծումներ ունի։ «Այն առարկաները, որոնք քննականում կային, բայց հանել են, մենք առաջին կուրսի վերջում քննություն ունենք այդ առարկաներից։ Մենք այդ ստուգարքներն ու քննությունները խիստ կանցկացնենք, հատկապես որ անցած տարի շատ խիստ քննություն ենք անցկացրել, եւ վստահ եմ, որ մեր դիմորդները լավ պատրաստված են այս տարվա համար, որովհետեւ վերջին մեկ ամսում չէ, որ պետք է պատրաստվեն»,- ասում է ռեկտորն ու վստահություն հայտնում, որ կունենան նորմալ ընդունելություն, եւ դիմորդների որակի վրա դա չի անդրադառնա։

Կոնսերվատորիան եւս խնդրել է ԿԳՄՍՆ-ին, որ բացառություն արվի եւ թույլ տրվի 2 քննությամբ ընդունելություն անել․ եզրակացությունը կլինի ապրիլի 30-ին․ «Եթե մեր առաջարկը չընդունվի, ուրեմն մեր ասած մեխանիզմը կաշխատեցնենք, որովհետեւ ցանկացած պարագայում կարելի է գտնել լուծումներ, եւ մենք ունենք այդ լուծումը»։ Հովհաննիսյանը նկատում է՝ իրենց դեպքում բանավորը բացառված է, ուղղակի պետք է ամեն մեկը, պահպանելով կանոնները, մոտենա ախտահանված դաշնամուրին եւ նվագի․ «Մերը ո՛չ բանավոր է, ո՛չ՝ գրավոր, մեզ մոտ պետք է նվագեն, առանց դրա անհնար է եւ մեր պարագայում՝ մի քիչ բարդ, որովհետեւ արվեստի բուհ է, չնայած հիմա աշխարհի բոլոր կոնսերվատորիաներում էլ կա այդ խնդիրը»։

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բանավոր քննություններն իրենց բուհում միայն արվեստաբանականում են։ Այսինքն՝ խնդիր չի՞ առաջացնի այդ սահմանափակումը։ «Դե, ո՞նց կարող է խնդիրներ չառաջացնել, այս ամեն ինչը խնդիր է բոլորի համար, իսկ մեզ՝ կերպարվեստի բուհի համար առանձնապես, բայց մի բան պետք է անենք, եւ ելքը կարծես թե սա է, ուրիշ հնարավորություն չկա։ Շատ բարդ վիճակի մեջ ենք, բայց փորձում ենք այս վիճակից քիչ կորուստներով դուրս գալ»։ Մասնագիտական քննությունների համար ակադեմիան ընտրել է մեկ առարկա՝ կոմպոզիցիա․ «Ե՛վ դիզայնի, ե՛ւ գեղանկարչության, ե՛ւ քանդակագործության, ե՛ւ գրաֆիկայի համար, բացի արվեստաբանականից, որ գրավոր քննություն կհանձնեն։ Իսկ կոմպոզիցիայի մեջ ե՛ւ գծանկար կա, ե՛ւ գունանկար, ե՛ւ մտածելակերպ։ Իհարկե, դա քիչ է, բայց ինչ արած»։

Թե որքանով դա կիջեցնի ընդունելության շեմը եւ ինչպես կազդի որակի վրա, Իսաբեկյանը նկատեց՝ լավ կլիներ, որ ընդհանրապես արվեստի բուհերը պետպատվերով լինեին, եւ վճարովի համակարգ լիներ միայն արտասահմանցիների համար, ինչպես հիմա Թբիլիսիի ակադեմիան է անում․ «Այդ դեպքում ընդունվողների քանակը քիչ կլիներ, եւ որակը կբարձրանար։ Իսկ որակը քննություններից կախված չէ, այլ նրանից, որ գրեթե բոլորին, ովքեր դիմում են, բացառությամբ մի քանի դեպքերի, ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Վճարովի համակարգի պատճառով ընտրությունը շատ քիչ է լինում, որովհետեւ մենք շահագրգռված ենք, որ վճարովի համակարգում ուսանողներ ունենանք։ Խնդիրներ կան, որոնք, իհարկե, որակի վրա ազդում են, իսկ որակ ապահովելու համար մեր տիպի բուհերը պետք է այդքան անսահմանափակ ընդունելություն չունենային։ Ամեն դեպքում, մենք որակն ապահովում ենք, եւ համոզված եմ՝ հիմա էլ կապահովենք, որովհետեւ կերպարվեստի ոլորտը լավ վիճակում է Հայաստանում, եւ շնորհալի երիտասարդներ միշտ լինում են ու հիմա էլ կան»։