Մեզ էս վիրուսը լավ խեղճացրել ա

Մեզ էս վիրուսը լավ խեղճացրել ա

«Քանաքեռի» կարի ֆաբրիկայի հետ կապված լուր ստացանք, որ աշխատակիցները չեն ուզում գնալ աշխատանքի, սակայն ղեկավարությունը թույլ չի տալիս նրանց նստել տանը: Տեղեկությունը ստուգելու համար կապվեցինք կադրերի բաժնի աշխատակցի հետ, որը հերքեց տեղեկությունը: «Չկա նման բան: Աշխատողների համար բոլոր պայմանները ստեղծված են, դիմակներ ենք բաժանում, ձեռնոցներ, մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Ֆաբրիկան աշխատում է բնականոն ռիթմով»:
 Արտադրողների համար լրացուցիչ ծախսեր են ավելացել՝ աշխատողներին ձեռնոցներով, դիմակներով ապահովելու հետ կապված: Այն ձեռնարկությունները, որոնք աշխատում են առաքիչների հետ, չեն կարողանում հսկել նրանց առողջական վիճակը: «Հրապարակի» զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, տարբեր տարաների արտադրության արտադրամաս ունի: «550 հոգի աշխատող ունեմ, ստեղծել եմ զրոյից: Իմ արտադրանքը մեծ պահանջարկ ունի, եթե ես կանգնեցի, ինձ հետ կկանգնի մածուն, սմետան սարքողը: Սա բիզնես ա, պետք է զարգացնեմ, վարկեր ունեմ վերցրած: Ես դիմակներով ապահովել եմ իմ աշխատողներին, բայց բացի աշխատողներից նաեւ մոտ 150 առաքիչներ են գալիս, ինչպե՞ս նրանց հսկել: Ջերմությունը չափող էդ սարքերից չկա, նրանք ամբողջ օրը քաղաքով պտտվում են»,- ասաց մեր զրուցակիցը:

Կորոնավիրուսը խփել է տաքսիստների եւ վարսավիրների գործին: Երեկ Երեւանի տաքսի ծառայությունների մի մասը չէր աշխատում: Հաճախորդների զանգերին պատասխանում էին. «Տաքսի ծառայությունը չի աշխատում»: «Մեզ մարդիկ զանգում էին ու նախ հարցնում էին՝ դուք աշխատո՞ւմ եք, թե՞ չէ, ապա նոր պատվերն էին տալիս»,- ասացին Շենգավիթի տաքսի ծառայությունների դիսպետչերները՝ չցանկանալով հարցազրույց տալ: Նրանցից մեկն ասաց, որ իրենց տաքսի ծառայությունն աշխատում է, բայց առավոտից երկու-երեք պատվեր են ունեցել: «Հաճախորդները զանգում են, նոր գնում ենք, գործ չկա: Մեզ էս վիրուսը լավ խեղճացրել ա»,- ասում է Նժդեհի պողոտայում աշխատող կանանցից մեկը: