Գիտական բոլոր վերափոխումները կրում են մեխանիկական եւ քաղաքական բնույթ

Գիտական բոլոր վերափոխումները կրում են մեխանիկական եւ քաղաքական բնույթ

Վերլուծելով Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները՝ Հետք մեդիա գործարանն օրեր առաջ ներկայացրել էր մի ուսումնասիրություն, ըստ որի՝ 2000-2020 թվականների ընթացքում գիտության ոլորտին վերաբերող մի շարք ցուցանիշներ նվազել են։ Մասնավորապես․ «2013 թվականից մինչեւ 2021 թվականը գիտական պաշտպանությունների թիվը Հայաստանում կայուն նվազել է 76%-ով։ 2020 թվականին՝ 2000 թվականի համեմատությամբ, 23-ով կրճատվել է նաեւ գիտական կազմակերպությունների թիվը` 88-ից դառնալով 65, իսկ գիտական կազմակերպություններում աշխատողների թվաքանակը 7 հազար 300-ից հասել է 4 հազար 500-ի»։  

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը նվազման այս միտումը բացատրում է մեկ գլխավոր պատճառով՝ գիտությամբ զբաղվելը դարձել է ոչ գրավիչ։ Բացի այդ, կա գիտության արդյունքների առեւտրայնացման եւ ներդրման հարց․

«Մի շարք հանգամանքների վրա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել, ամենաառաջինը՝ պետության կողմից գիտության կառավարման որակի վրա եւ հետո՝ պետության պատվերը ընդհանուր թեմատիկ ֆինանսավորման հարցերում։ Հայաստանի գիտական արտադրանքի մեջ կոնկրետ Երեւանի պետական համալսարանի տեսակարար կշիռը զիջում է նախորդ տարիներին միայն Ֆիզիկայի ինստիտուտին, իսկ Ֆիզիկայի ինստիտուտը ՑԵՌՆ-ի հետ համատեղ ծրագրեր էր իրականացնում, եւ դա պայմանավորված էր առավելագույնս այդ հանգամանքով, բայց վերջին 2-3 տարվա ընթացքում ԵՊՀ-ի տեսակարար կշիռն էլ է ընդհանուր մեր գիտական արտադրանքի մեջ նվազել, ինչը պայմանավորված է որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով, բայց ամենակարեւոր հանգամանքը գիտության կառավարման եւ գիտական քաղաքականության ոչ ճիշտ մեթոդոլոգիան եւ իրականացումն է»։ 

Վ․ Հովհաննիսյանն օրինակ է բերում ԵՊՀ-ի կողմից հրատարակված հոդվածների քանակն ու որակը, որոնց պարագայում հաճախ այնպիսի թեմաներով են գիտական հետազոտություններ իրականացվել, որոնք միջազգային շուկայում եւ ոլորտում պահանջարկ չունեն․ «Եվ հակառակը՝ միջազգային ոլորտում որոշակի պահանջարկ ունեցող թեմատիկայով հետազոտություններ չեն իրականացվել։ Սա ոչ այլ ինչ է, քան շատ հստակ, պարզ մենեջմենթի սխալ։ Ընդ որում, ընդհանուր կառավարումը եւ ճիշտ մեթոդոլոգիան պետության եւ իրավազոր մարմնի պատասխանատվության ոլորտում պետք է լինի՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ բուհերն ինքնավար են, ակադեմիական ազատություն է գործում եւ այլն։ Բայց պետությունն ինքը ճիշտ խրախուսման միջոցներով կարող է զարգացնել միջազգային ոլորտում կամ շուկայում պահանջարկ ունեցող հետազոտությունների արդյունքները։ Եթե մենք նայում ենք գիտությամբ զբաղվողներին ներկայացվող պահանջները, ապա դրանք միանշանակորեն համարժեք չեն վերջիններիս ստացած վարձատրությանը։ Ընդ որում, վերջերս ակադեմիայում փորձել են նոր կարգ մշակել՝ ավագ, կրտսեր գիտաշխատողներին ներկայացվող պահանջների մասով, նաեւ դրա արդյունքում գնահատականի է արժանանալու նրանց կողմից ստեղծված հավելյալ արժեքը, բայց գլոբալ խնդիրը մնում է նույնը․ նրանց ներկայացվող պահանջները համարժեք չեն նրանց կողմից ստացվող վարձատրությանը»։ 

Այդուհանդերձ, այս տարվա հունվարից գիտնականների աշխատավարձերը բարձրացան։ Ինչպե՞ս է գնահատում պետության ջանքերն այս ուղղությամբ։ «Այդ ջանքերը գնահատում եմ ոչ արդյունավետ, առաջինը՝ ես արդեն նշեցի համարժեքության մասին, եթե մենք գիտնականի վրա դնում ենք որոշակի բեռ, կամ գիտնականն ապահովում է որոշակի արդյունք, ապա այդ արդյունքի համար համարժեք վարձատրություն ապահովելու պարտականությունը պայմանավորված է տվյալ ոլորտի պետական քաղաքականությամբ։ Պետությունը կարող է շատ լուրջ աշխատանք կատարել գիտական պրոդուկտի առեւտրայնացման եւ շուկայում դրա իրացման հարցում․ տեսնի, թե որ թեմատիկան, որ ոլորտներն ունեն պահանջարկ, եւ այդ ոլորտում հնարավոր հետազոտությունները խրախուսի։ Բացի այդ, բերեմ ԵՊՀ-ի օրինակը, որտեղ վերջերս փոփոխությոուններ կատարվեցին, եւ միջազգային հարթակում՝ «Սկոպիուս»-ում եւ նմանատիպ այլ հարթակներում տպագրվող հոդվածների համար սահմանվեց վարձատրության առավել բարձր շեմ, բայց վարձատրության առավել բարձր շեմ սահմանելը պայմանավորված էր մեր հայրենական հանդեսներում ու պարբերականներում տպագրվող հոդվածների համար վարձատրության նվազեցմամբ։ Այսինքն՝ մի տեղից գումարը վերցրին եւ ուղղեցին մեկ այլ տեղ»։ 

Զրուցակիցս նկատում է, որ, օրինակ, բնագիտական ոլորտում երբ անում են հետազոտություններ, տպագրում հոդվածներ հենց նույն «Սկոպիուս»-ում, լեզվի խնդիր չկա։ Եվ կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտում արված հետազոտությունը հետաքրքրական է եւ համընդհանուր, բայց սրա արդյունքում լուրջ տուժում է եւ տուժել է հումանիտար թեւը, քանի որ մենք այստեղ ունենք լեզվի խնդիր, նաեւ հետազոտության պահանջվածության խնդիր, օրինակ, չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունում մրցակցության ինստիտուտը կարող է հետաքրքրական լինել կամ այնպիսի հետաքրքրություն առաջացնել, ինչպես կառաջացնի, օրինակ, միջազգային պահանջվածություն ունեցող որեւէ թեմա։ Հումանիտար ոլորտը մեզ մոտ շատ հաճախ նեղ մասնագիտական է եւ պայմանավորված է մեր ներքին խնդիրներով, իսկ Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրները խիստ կասկածում եմ, որ նույնքան հետաքրքրական կլինեն գերմանացի կամ ավստրիացի հետազոտողների համար, ուստի քաղաքականությունը պետք է լիներ տարբերակված։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ վերջին շրջանում գիտական ոլորտում տեղի ունեցած քաղաքականության բոլոր վերափոխումները կրում են զուտ մեխանիկական եւ քաղաքական բնույթ։ Ամեն ինչ ուղղված է կոնկրետ քաղաքական ուժի հեղինակության բարձրացմանը, ինչպես նաեւ տվյալ ոլորտում վերջինիս ռեսուրսների ավելացմանը։ Ամեն ինչ առերեւույթ է, խորքային եւ բովանդակային կոնտենտ ունեցող պրոցեսներ տեղի չեն ունենում։ Իսկ եթե ֆինանսավորման ավելացումը չի բերում ցանկալի արդյունքի, օրինակ՝ արվի այնպիսի հետազոտություն, որը կունենա պահանջարկ հայրենական եւ միջազգային շուկայում, ապա ես դա համարում եմ վատնում»։     

Վ․ Հովհաննիսյանն օրինակ է բերում վերջերս ԵՊՀ-ի կողմից դիպլոմների հանձնման արարողությունը, որ տեղի ունեցավ օպերային թատրոնի շենքում․ «Դա ոչ թե ուղղված էր ԵՊՀ-ի շրջանավարտներին, այլ ավելի շատ ուղղված էր ՔՊ-ի եւ իր արբանյակների փիառին։ Ու հասարակության մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Երեւանի պետական համալսարանը գնաց ծափահարեց Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ օբյեկտիվ իրականության մեջ դա այդպես չէր։ Դահլիճի երեւի 10 տոկոսն էր ԵՊՀ-ից, մնացածը՝ ՔՊ-ի հրավիրյալներ, մի 20 տոկոսը՝ անվտանգության աշխատակիցներ եւ այլ անձինք, որոնք, ամեն դեպքում, ԵՊՀ-ի հետ կապ չունեն։ Այսպիսի պրոցեսներով տպավորություն է ստեղծվում հասարակության մոտ, որ որոշակի առողջ պրոցեսներ կան եւ այլն։ Բայց այնքան անշնորհք գտնվեցին, որ նույնիսկ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք չմատուցեցին նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հիշատակին, որի մահվան մեկ շաբաթը դեռ չէր բոլորել։ Ես չեմ սրբացնում Արամ Սիմոնյանին, բայց կոնկրետ ինստիտուցիոնալ հիշողության խնդիր կա»։