Մենք ընդամենը ամիսը մեկ կամ 45 օրը մեկ ենք հանդիպում վարչապետին

Մենք ընդամենը ամիսը մեկ կամ 45 օրը մեկ ենք հանդիպում վարչապետին

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի խմբակի հետ։ Կազմը հայտնի է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն այդ հանդիպումից հետո հարցազրույց է տվել եւ հայտարարել, թե Հայաստանում պետք է կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն՝ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: «Հրապարակը» զրուցել է նրա հետ` պարզելու, թե ինչու է քաղաքական գործիչն այդպես մտածում, ինչ նախադրյալներ կան ընտրությունների համար այսօր:

- Պարոն Խզմալյան, հայտարարել եք, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն եք տեսնում: Ինչո՞ւ եք կարծում, որ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում պետք է նման օրակարգ ձևավորվի:

- Ես տեսնում եմ մի իրավիճակ, որ մեր խորհրդարանական երկրում նորմալ քաղաքական գործընթացները պետք է ընթանան օրենսդիր մարմնի ներկայությամբ ու միջոցով, որտեղ ներգրավված կլինի ողջ հասարակությունը: Մենք տեսնում ենք, որ շուրջ երկու ամիս այդ աշխատանքը պարալիզացված է՝ խորհրդարանի երեք խմբակցություններից երկուսը գերադասում է գործել պառլամենտից դուրս: Դա կարճատև մի ակցիա չէ, այլ նպատակաուղղված քաղաքականություն է, և գոնե իմ տպավորությամբ` այդ ամենն ուղղորդվում է Ռուսաստանից` քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով: Այս ամենը ոչ միայն երկրում իրավիճակն ապակայունացնում է, այլև Հայաստանը բերում է խիստ վտանգավոր մի իրավիճակի: Այս ամենը դրսի ուժերի հետ համակարգված է. դրսի ուժ ասելով` նկատի ունեմ Մոսկվան ու Ադրբեջանը: Մենք բազմաթիվ ապացույցներ տեսել ենք, թե ինչպես են 5-րդ շարասյան գործողությունները համընկնում Ռուսաստանի գործողությունների հետ: Ամեն անգամ իրավիճակը սրվում է այն պահին, երբ պաշտոնական Երևանն Արևմուտքի հետ մերձեցման քայլեր է անում: Ստացվում է, որ մեր խորհրդարանը, հետևաբար` ողջ ներքաղաքական կյանքը, գտնվում է լրջագույն ճգնաժամի մեջ: Սրա ելքը, միանշանակ, արտահերթ ընտրություններն են: Իհարկե, սա թանկ հաճույք է, դեռ նոր է լրացել մեկ տարին, ինչ անցանք ծանր ընտրությունների միջով, սակայն կարծում եմ, որ ժողովրդավարությունն ավելի թանկ է:

- Ամեն դեպքում, ներքաղաքական կյանքում նման օրակարգ չկա: Ձեր կարծիքով` ե՞րբ կձևավորվի այդ օրակարգը:

- Եթե անկեղծ լինեմ, իսկ ես քաղաքականության մասին խոսելիս աշխատում եմ միշտ անկեղծ լինել, ապա պետք է ասեմ, որ այս հարցի պատասխանը Հայաստանում չէ, արդեն նույնիսկ ոչ էլ Ռուսաստանում: Այս հարցի պատասխանն Ուկրաինայում է: Մենք հասկանում ու պնդում ենք, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կատարում է Կրեմլի և ռուսական հատուկ ծառայությունների պատվերը, հետևաբար, Կրեմլի ռազմաքաղաքական թուլացումն Ուկրաինայում անխուսափելիորեն բերելու է ռուսամետ, պրոռուսական ուժերի թուլացմանը:

- Վարչապետ Փաշինյանը հաճախ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի, այդ թվում նաև` Ձեզ հետ: Նրա հետ չե՞ք քննարկել արտահերթ ընտրությունների հարցը:

- Մեր հանդիպումների հաճախակի լինելը փոքր ինչ չափազանցված է, մենք ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ ենք հանդիպում վարչապետին կամ երբեմն 45 օրը մեկ, իսկ դա մեր օրերում բավականին երկար ժամանակ է: Մենք երբեմն չենք էլ հասցնում մի շարք կարևոր հարցեր քննարկել: Պետք է ասեմ, որ արտահերթ ընտրությունների հարցը մեր վերջին հանդիպման ընթացքում չի էլ քննարկվել:

- Իսկ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, այս անգամ ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան:

- Հայաստանին ժողովրդավարական դաշինքին միանալու հնարավորություն է տրված, այլ կերպ ասված` քաղաքակիրթ աշխարհին: Չասեմ` Արևմուտք, որովհետև այնտեղ մտնում են Ճապոնիան, Հարավային Կորեան և այլն: Այնպես որ, ժողովրդավարական դաշտը շատ մեծ է: