Ավելի վնասաբեր խաղաղությունից եւ պատերազմից պետք է ընտրել պատերազմը

Ավելի վնասաբեր խաղաղությունից եւ պատերազմից պետք է ընտրել պատերազմը

Ամեն անգամ, երբ իշխանությունների կամ նրանց ենթակայությամբ գործող լրատվամիջոցների հարցադրումներից, որ եթե մենք Ադրբեջանից պահանջենք, ու Ադրբեջանը մեր պահանջը չկատարի, հետո ի՞նչ ենք անելու, մեզ մոտ ակամայից մեկ այլ հարց է առաջանում` իսկ եթե մենք, տեղի տալով ադրբեջանական ճշումներին ու սպառնալիքներին, հրաժարվում ենք մեր պահանջներից, Ադրբեջանին եւ աշխարհին չենք ներկայացնում մեր ակնկալիքներն ու սպասելիքները, բայց, միեւնույն է` Ադրբեջանը իր հերթական պահանջները բավարարելուց հետո էլ շարունակում է հայ ժողովրդին ու Հայաստանին նոր պահանջներ ու պայմաններ ներկայացնել, շարունակում է հայ ժողովրդի ու Հայաստան պետության հետ նոր սպառնալիքների լեզվով խոսել, երբ տեսնում ենք, որ մեր զիջումներն ու կորուստները ոչ միայն իսկական խաղաղության չեն բերում, այլեւ անգամ պատերազմն ինչ-որ, թեկուզ շատ անորոշ ժամանակով չեն հետաձգում, ապա այդ դեպքում ի՞նչ է լինում:

Եվ, ցավոք, այդ մտքի հետեւից գնալով ու խնդիրն հենց այդ տեսանկյունից դիտելով, մենք ամեն անգամ այն եզրակացությանն ենք գալիս, որ, ի վերջո, այս ժողովուրդն ու այս պետությունը պատերազմից շատ ավելի վնաս բերող խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրություն կատարելիս պետք է սովորեն պատերազմն ընտրել: Ընդ որում՝ այս ժողովրդի ու այս պետության նման ընտրություն կատարելու վճռականությունն ու կամքն այնքան բացահայտ պետք է դրսեւորվեն, որ, ինչպես մեր թշնամիների, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների համար ակնհայտ լինի այն, որ հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը երբեք չպետք է պատերազմից շատ ավելի վնաս բերող խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրություն կատարողի դերում հայտնվեն: Նրանք՝ մեր թշնամիները, բարեկամներն ու դաշնակիցները, պետք է համոզված լինեն, որ այդ ընտրությունը կատարողի դերում հայտնված հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունն այս երկուսից անպայման պատերազմն են ընտրելու:

Իսկ որպեսզի այդպես չլինի, որպեսզի ոչ միայն մեր երկիրը, այլ նաեւ ողջ տարածաշրջանը չներքաշվի անտեղի ավերածություններից ու վնասից բացի ուրիշ ոչինչ չտվող պատերազմի հորձանուտում, ընդամենը պետք է, որ հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը պատերազմից շատ ավելի վնաս բերող խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրություն կատարողի դերում չհայտնվեն:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ