Հերթական «օրինական» ընտրությունները

Հերթական «օրինական» ընտրությունները

Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Սիսիանում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Որպես ստաժավոր (1-2 տասնամյակի) դիտորդ դեմ չէի լինի մասնակցել հենց Սիսիանում անցկացվող ընտրությանը: Որպեսզի սեփական աչքով դիտարկեմ նախկինների և նորերի ընտրական մրցակցությունը: Ինչպես նաև նոր, սակայն, միաժամանակ, նորերից առանձնացած ՔՈՍԴԿ ներկայացուցիչների վարքագիծը: Դա կանվանեի մարզական հետաքրքրություն: Նախկինները տարիներ շարունակ կատարել են ընտրախախտումներ, որոնց պսակը, բնականաբար, ընտրակաշառքներն էին: ՔՊԿ-ն հիմնադրած Փաշինյան Նիկոլն այդ առումով տարիներ շարունակ մեղադրում էր հանրապետականներին: «Հրապարակ օրաթերթ»

Իսկ այսօր Սիսիանում «հեղափոխական» ՔՈՍԴԿ-ն մեղադրում է «հեղափոխական» Քաղպայմանագրին «հնարավոր ընտրակաշառք» բաժանելու մեջ: Որովհետև «ՔՈ»-ի  վստահված անձինք քպկականների ձեռքերին արձանագրել են քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակներ: Որպես ստաժավոր դիտորդ կարող եմ վկայել, որ այդ ցուցակներն ընդհանրապես տվյալ տեղամասի ընտրողների ցուցակներն են, որոնց դիմաց նշվում են այն անձինք, որոնք արդեն ստացել են ընտրակաշառք: Կամ էլ այլ հիմքերով (կոմունալ վճարների փակում, աշխատանքի տեղավորում և այլն) խոսք են տվել ընտրելու «ազնվագույն» քպկականներին: Ասվածը հիմնավորվում է ՔՈՍԴԿ-ի հայտարարությամբ, ըստ որի քպկականների կողմից ընտրողներին ուղղորդելուն միտված գործողություններն անտեսվել են ընտրատարածքային հանձնաժողովների կողմից: Կարծում եմ, որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե ընտրատարածքային, այլ տեղամասային հանձնաժողովների անգործության մասին: 

Ինչ մնում է դիտարկված երևույթին, ապա չմոռանանք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որպես իր իշխանության ձեռքբերում անընդհատ նշում է ազնիվ, արդար և թափանցիկ, մի խոսքով՝ օրինական ընտրություններ կազմակերպելը: Կուզեի տեսնել նաև հանրապետականներին, որոնց թվում էր, թե իրենց իշխանությունը տևելու է տասնամյակներ և տարեցտարի ռեկորդներ էին սահմանում ընտրակեղծիքներ կատարելու առումով: Որոնք սկսվել էին կոշտ ու կոպիտ ընտրախախտումներով, օրինակ, բացեիբաց լցոնումներ կատարելով, մեռած անձանձ քվեարկել «ստիպելով» կամ նույնիսկ ամբողջական քվեատուփ հափշտակելով: Տարիների ընթացքում բարքերը որոշակիորեն մեղմացան, բայց ընտրակաշառքները մնացին որպես ընտրական գործընթացի գլխավոր զենքը: Իսկ երբ ընդդիմադիր վստահված անձինք կամ չեզոք ու օբյեկտիվ (ինձ ու ինձ նմանների նման) դիտորդները փորձում էին օրինավորության դաշտ բերել հանրապետականներին, հանդիպում էին կոշտ դիմադրության: Կամ լավագույն դեպքում չխանգարելու՝ «ընկերական» հորդորներին: 

Ասեմ, որ եթե Նիկոլի առաջնորդությամբ Քաղպայմանագիրը մեր հայրենիքը չտաներ կործանման, ապա նույնիսկ հաճույքով կդիտարկեի հանրապետականների խեղճանալն այսօր: Բայց Նիկոլն իր «հեղափոխականությամբ» մեզ «պարգևեց» բազմահազար մարդկային և հսկայական տարածքային կորուստներ, որ ավարտվելու նշաններ չեն ցուցաբերում: Եվ դրանով մեզ զրկեց նույնիսկ սարկաստիկ ուրախություն վայելելու «հաճույքից»: Միաժամանակ, Ընտրական օրենսգիրքը ձեռքիս մեծ հաճույքով «հեղափոխական» քպկականներին կներկայացնեի իրենց վարքագծի այն դրսևորումները, որ արգելված են օրենսդրությամբ: Այն, ինչ տարիներ շարունակ անում էի նախկինների օրոք: Բայց, անկեղծ ասած, ինձ այսօր բացարձակ չի հետաքրքրում այն հանգամանքը, թե ով է ղեկավարելու մարզային այս կամ այն համայնքը: Եվ դա ոչ այն պատճառով, որ դարձել եմ քաղաքականապես ապատիկ: Այլ որովհետև հայրենիք կորցնելու վտանգին դեմ հանդիման բացարձակ նշանակություն չունի, թե այսօր ով է ղեկավարելու այս կամ այն բնակավայրը: Բացառությում է կազմում, բնականաբար, մայրաքաղաքը: Որովհետև մայրաքաղաքը ձեռք բերելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլին:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ