Հիմա մեզ ոչ թե դպրոց, այլ աշխատանք է պետք․ արցախցի երեխաներից ոմանք դեռ դպրոց չեն հաճախում
Երկու օր է, ինչ հայրաքաղաք Գյումրիում վերջին օրերի անսովոր եռուզեռը նվազել է։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը, նրանց ողբերգական ճակատագրին ականատես լինելը տակնուվրա էր արել շիրակցիների հոգին ու առօրյան։ Մարզը լծված էր հայրենակիցներին պատշաճ ընդունելու գործին։ Այսօր շուրջ 2000-ից ավել արցախցի է հանգրվանել Շիրակի մարզի տարբեր համայնքներում։ Արցախահայերի մեծ մասը նախընտրել է մարզի գյուղական համայնքները։ Նրանք տեղավորվել են բարեկամների տանը, խոշոր ճամբարներում, հյուրանոցներում։ Հատկանշական է, Գյումրիում շուրջ 2000 հյուրատուն կա, բայց միայն մի քանի հյուրանոց է հյուրընկալել նրանց։ Մյուս հյուրանոցների ղեկավարների պնդմամբ՝ իրենց համարները նախապես զբաղված էին։
Այսօր հյուրանոցներում գտնվող արցախցիներին հայրենիքի կորստից զատ, ապագայի նկատմամբ անորոշությունն է անհանգստացնում․ «Էստեղ ամենաշատը մի քանի օր էլ, ու պիտի դուրս գանք, ես որտեղ գնամ, ոնց, երկու երխաս դպրոց չեն գնում հստակ հասցե չունենալու համար, հիմա եթե մի շաբաթ դպրոց գնացին, գիտեմ, որ պիտի դուրս գանք, ուրիշ հասցե, ուրիշ տեղ, նորից դպրոցի խնդիր է առաջանալու։ Արդեն խոսակցություններ են մեզ հասնում, որ հյուրանոցների տնօրենները նեղվում են, իրենց համապատասխան փոխհատուցում չի արվում։ Մտածում եմ՝ դիմեմ Գյումրիում ռուսական հյուպատոսությանը, թող օգնեն, գնամ երկրից, թեկուզ Ռուսաստան »,- hraparak.am-ի հետ զրույցում նեղսրտած ասաց Գյումրու հյուրանոցներից մեկում ծվարած, 3 անչափահաս երեխաների մայրը՝ արցախցի Նունեն։
Մեկ այլ հյուրանոցում գտնվող արցախցի երկու եղբայրներ՝ 15 եւ 16-ամյա Լյովան ու Սերգեյն էլ Գյումրու ավագ դպրոցներից մեկում այլևս ուսումը շարունակելու հեռանկար չեն տեսնում․ «Մեր սովորելու ժամանակը չէ, մեզ աշխատանք է պետք, սովորելն էլ իմաստ չունի»,-անասելի տխրությամբ ասաց եղբայրներից կրտսերը։
Թե ինչ քայլեր է ձեռնարկում տեղի իշխանությունը՝ արցախցի երեխաների ուսումն ապահովելու նպատակով, Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են․
«Մարզպետ Մուշեղ Մուրադյանը հանդիպել է մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ։ Բուհերի ղեկավարները հավաստիացրել են, որ հնարավորությունների սահմաններում կսատարեն բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու գործընթացին»։ Ինչ վերաբերում է դպրոցներին, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի խոսքերով՝ ամեն ինչ արվում է, որ մարզում հաշվառված արցախցի երեխաներն ամեն գնով դպրոց հաճախեն։
«Արդեն 110 երեխա տեղավորվել ենք դպրոցներում , բոլորին գրանցում ենք․ փորձում մոտակա դպրոցները տեղավորել»,- hraparak.am-ին փոխանցեց կրթության բաժնի պետը՝ այլ ծրագրերի եւ օժանդակության մասին հրաժարվելով խոսել՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է։
Մոտ 130 արցախցի էլ աապաստան է գտել Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքի ճամբարում։Տեղեկացանք, որ նրանց ծախսերն ու կարիքները հոգում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ։ Թորոսգյուղի վարչական ղեկավար Արմենակ Սարգսյանը հստակ նշեց, թե այս ընթացքում 35 արցախցի աշակերտ է գյուղի դպրոց ընդունվել։ Նրանց դպրոցական հագուստների եւ գրենական պիտույքների հարցը նույնպես Կարիտասն է հոգացել։ Վարչական ղեկավարից հետաքրքրվեցին՝ թե որքան են մնալու արցախցիները ճամբարում․ «Չեմ կարող ասել՝ ինչքան կմնան, ինչքան էլ որ մնան, գյուղն իրենց հետ է»,-ասաց նա։
«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի խոսքերով՝ այս օրերին իրենց ողջ ռեսուրսն ուղղվում է արցախցիներին, քանի որ Շիրակի մարզի գյուղերում հանգրվանած արցախցիներին չնչին օգնությունն անգամ խիստ անհրաժեշտ է։« Մարդկանց շատ տարբեր են տեղաբաշխել, մոտ 150 մարդ տարել Ամասիայի Ազգային պարկի հյուրատունն են տեղավորել, որը աշխարհի ծերն է։ Ոնց կարողանան լուծել դպրոցի հարցը, գյուղի դպրոցը բավականին հեռու է»,-նկատում է Թումասյանը ։ Մինչդեռ քաղաքներում ապաստանած արցախցի երեխաների համար առավել հեշտ է ինտեգրվելն ու դպրոց հաճախելը։
Համացանցում մի տեսանյութ էր տարածվել, թե ինչպիսի ջերմ մթնոլորտում են ընդունում իրենց նորեկ, արցախցի համադասարանցուն Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 դպրոցի սաները ։ Դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց․« Գիտեք՝ մենք դիտավորյալ չենք նկարել, թե տեսեք՝ մենք այսպիսի ընդունելության ենք արժանացնում, մենք պարտավոր ենք դա անել, ամեն ինչ պատահական է ստացվել, նույնիսկ ուսուցչուհին հուզվում, դուրս է գալիս։ Արդեն 7 արցախցի աշակերտ ենք ընդունել մեր դպրոց՝ 12-16 տարեկան ։ Նույնիսկ հասցրել են լավ իմաստով չարաճճիություններ անել ։ Ես ասել եմ, որ հանկարծ որևէ խտրականություն չպետք է լինի՝ բարկանալու, գովելու, բոլոր առումներով։ Ասեմ ավելին, այսօր Արցախի պետական համալսարանը ավարտած, մասնագիտությամբ մանկավարժ, գիտելիքներով բավականաչափ հարուստ մի արցախցի կնոջ ենք աշխատանքի ընդունել, վաղվանից նա գործի է։ Արցախցին, ոչ թե հյուր է, այլ մեր կողքին ապրող հարևանը, մենք էլ ամեն ինչ պիտի անենք, որ մնան մեր կողքին, չհիասթափվեն, հեռանան»,-խոսքը եզրափակեց դպրոցի տնօրենը։
Կարծիքներ