«Ուսուցչի գործ» անունը ստացած քրեական գործից հայտնի դարձած նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը աշխատանք է փնտրում։ Նա այս տարիների ընթացքում տարբեր ուսումնական հաստատությունների դռներ է թակել՝ ինստիտուտներ, դպրոցներ, սակայն ընդդիմադիր հայացքներով ուսուցչին տալիս են հերթապահ նախադասությունը՝ «Մենք ձեզ կզանգահարենք», եւ այդպել էլ չեն զանգահարում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Գրիգորյանը չցանկացավ իրեն մերժած հաստատությունների անունները նշել․
«Շատերը խուսափում են, վախենում են, համատարած զոմբի են։ Ես հիմա փնտրում եմ աշխատանք՝ դպրոց, ինստիտուտ, բուհ։ Մարդիկ կան խոստանում են, որ կլինի, հետո իմանում եմ, որ ուրիշի են ընդունել, ոչ էլ հիշում են քեզ։ Քո երեսին իրենք էլ քննադատում են իշխանությանը, բայց իրականում իշխանամետ են․․․․Ես ասում եմ՝ մարդիկ կան, ես գիտեմ, որ իրենք հակաիշխանական են, ասում են՝ քեզ կօգնենք, ժամեր կտանք, բայց հետո ես իմանում եմ, որ մասնագետ են վերցրել»։
Նախկին ուսուցիչը հետեւում է քաղաքական անցուդարձին, ասում է՝ երկրի ղեկավարի խոսքերը միմյանց հակասում են․
«Էն օրը լսում եմ վարչապետի խոսքը, ասում է՝ մենք ձեզանից գաղտնիք չունենք, բայց ասում են՝ գաղտնի է ամեն ինչ, նույն պահին հակասում է»։
Գրիգորյանը փոխանցեց, որ Վերաքննիչի որոշումը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ 150 հազար դրամ տուգանքի վերաբերյալ բեկանելու, դատախազությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, բայց 1,5 տարի է՝ դեռեւս նորություն չկա։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։
Համաձայն դատախազության մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։