Ինչո՞ւ են ոստիկանական ուժերով տոնածառը պաշտպանում

Ինչո՞ւ են ոստիկանական ուժերով տոնածառը պաշտպանում

Օրհասական այս օրերին ոստիկանությունը մենակ Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբ չի զբաղվում, ապահովում է նաև տոնածառի անվտանգությունը։ Պատկերացրեք՝ ուժային ինչ ռեսուրսներ են փոշիացվում, երբ թշնամին ՀՀ սուվերեն տարածքում է ու Արցախը շրջափակման մեջ է։ 8000 արցախաբնակ մանկահասակ երեխաներ մնացել են առանց մանկական կերի։ Ի՞նչ ասես, երբ Հայաստանի սահմանները թողած, տոնածառն են պաշտպանում։ 

Չնայած երևույթը սահմռկեցուցիչ է, բայց պետք հասկանալ, թե ինչու՞ է Հայաստանի իշխանությունը տոնածառը պաշտպանում, ումի՞ց է պաշտպանում։ ՀՀ իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի ժողովուրդը տոնածառային տրամադրություն չունի։ Երբ մի ընտանիքի մեջ շատ մեծ ողբերգություն է կատարվում ու տանը փոքրիկներ կան, ընտանիքը զուսպի մեջ է ամեն ինչ անում։ Ո՞վ կարող էր մեղադրել կապիտուլյացիայի ենթարկված, տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ ու գերիներ ունեցող Հայաստանին, որ նա Եվրոպայի աչքի առաջ ավելի զուսպ երևար։ Զսպությունը, չափավորությունը քրիստոնեական առաքինություններից մեկն է։ Դա ավելի կգնահատվեր, քան այն, երբ տեսան, որ ,,ուրիշներից օգնություն մուրացող երկիրը,, ավելի փառահեղ է ապրում, ավելի մեծ միջոցների է տիրապետում, քան իրենք, որ խնայողություն են դրսևորում։ 

Ինչ արել՝ արել են, բայց ինչու՞ են ոստիկանական ուժերով տոնածառը պաշտպանում։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե «ոսկոր նվիրած իր հազարավոր զոհերից «կամ այլ կարգի զոհերից կարող են գալ ու տոնածառը տապալել։ Նա հո գիտի՞ իր արածի անչափելիությունը։ Դա կլինի յուրօրինակ իշխանափոխություն։ Նման բաները նա չափում է «սեփական արշինով»։ Պատկերացնու՞մ եք, ընդդիմադիր Նիկոլը  ի՜նչ սրտաճմլիկ կոչեր կաներ՝ տոնածառը տապալելու ու իշխանափոխություն անելու համար։ 

Երբ մարդը չի պատժվում իր արած մեղքի համար, պատիժ է ստանում սեփական եսից՝ վախերի միջոցով։ Տոնածառը իր աշխատավայրի մոտ է, ու ինքը դա դիտարկում է լրացուցիչ անվտանգություն՝ սեփական անձի ապահովության առումով։ Մյուս կողմից նրան թվում է, թե հազարավոր լույսերը կարող են փոխարինել այն կենդանի լույսերին, որոնք  խավարեցրեց։ Նրան թվում է, թե այդ լույսերով նա կարող է լռեցնել մի ողջ ազգի խավարած լույսերի հարազատներին։ Ինչու՞ չէ, նաև այդ լույսերով քողարկում է ամանորին ընդառաջ արվող իր բոլոր գործողությունների խավարը։ Մարդիկ կնայեն լույսին, ու չեն զգա խավարի մեջ ընկղմվող իրենց մարմինը, տունը, երկիրը․․․ 

Ինչու՞ է ինձ թվում, թե այդ լույսերը հաշվարկով է տեղադրված՝ 44- օրյա պատերազմի զոհերի, հաշմանդամների, գերիների թվին համապատասխան։ Որևէ մեկը կարո՞ղ է այդ տխուր լույսերի  թիվն ասել։