Ինչո՞ւ եվ ինչպե՞ս Արսեն Այվազյանը հայտնվեց Քննչական կոմիտեում

Ինչո՞ւ եվ ինչպե՞ս Արսեն Այվազյանը հայտնվեց Քննչական կոմիտեում

Օգոստոսի 14-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Այվազյանը՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ հայտնի «վեցի» պետը, նշանակվեց Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ։ Այվազյանին ճանաչողները զարմացած չեն, ասում են, որ նա համակարգի ամենահին կադրերից է եւ կարող էր անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնել։ Բայց ոստիկանության համակարգից նրա հեռանալու պատմությունը բավականին ուշագրավ է։

Ոստիկանական համակարգում տարիներ ի վեր աշխատած Արսեն Այվազյանը, ով հեղափոխությունից հետո Արմավիրի ոստիկանապետի պաշտոնից տեղափոխվեց 6-րդ վարչություն, տեւական ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ բարձրացրել է «վեցում» թափուր տեղերի հարցը, մշտապես փորձել է այդ տեղերը համալրել։ Եվ անընդհատ կադրեր է առաջարկել Օսիպյանին, որ վերջինս հաստատի-հրամանագրի նրանց թեկնածությունները։ Սակայն ոստիկանապետը, հավանաբար, որոշակի կասկածներ է ունեցել կամ իր դերն է ցանկացել կարեւորել եւ ձգձգել է այդ գործընթացը։ Արդյունքում վարչությունը, թերի համալրվելու պատճառով, թերի է կատարել իր պարտականությունները։ Ի վերջո Արսեն Այվազյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ հրապարակավ դիմել է Վալերի Օսիպյանին՝ մոտավորապես ասելով, որ «վեցը պռավալ է տալիս գործը», քանի որ թափուր տեղերը շատ են, «ներկայացնում եմ՝ չեք նշանակում, ես ի՞նչ անեմ»։

Ավելին, որոշած է եղել, որ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո Այվազյանը պետք է մտնի վարչապետի մոտ եւ ասի, որ Օսիպյանն իր առաջարկած կադրերին չի նշանակում, եւ ինքն այս պայմաններում չի կարող աշխատել։ Սակայն Վալերի Օսիպյանն Այվազյանի մտադրության մասին իմացել է եւ անհանգստացել, որ Այվազյանին իրենով կփոխարինեն։ Արդյունքում Արսեն Այվազյանին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ պետի տեղակալ։ Նրան, ըստ որոշ տեղեկությունների, այդ հարցում աջակցել է Նաիրի եւ Հայկ Սարգսյանների հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ով մտերիմ է Արսեն Այվազյանի հետ։

Մենք փորձեցինք այս տեղեկությունները ճշտել նաեւ ոստիկանությունից, գոնե այն մասով, որ հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում թափուր հաստիքներ կան։ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ արձակուրդում է, իսկ բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունում մշտապես կադրերի համալրում է տեղի ունենում։ Կոնկրետ  թափուր պաշտոն եղե՞լ է «վեցում» եւ կա՞ արդյոք հիմա, Զարզանդ Գաբրիելյանը չպատասխանեց։ Միայն ասաց, որ այս պահին թափուր է վեցերորդ վարչության պետի պաշտոնը։