Խոշորացույցի տակ են նախկին պաշտոնյաները

Խոշորացույցի տակ են նախկին պաշտոնյաները

Կառավարությունը մտադիր է վերադարձնել պետությունից «գողացված» գումարները։ Կառավարության մշակած եւ  խորհրդարանի  քննարկմանը ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը հենց այդկերպ է մեկնաբանվում խորհրդարանի իշխող ուժըի կողմից: «Շատերս զբոսնում ենք Երևանում և նկատում ենք՝ ինչ մեծ, ճոխ շենքեր-շինություններ են կառուցվել։ Հավատացնում եմ՝ դա այն գողոնի, անմեղության կանխավարկածը հարգելով, փոքրիկ մասն է։ Պարզապես շատ տեսանելի է, այսբերգի գագաթն է։

Կան, օրինակ, ճոխ կիսակառույցներ։ Հայկական իրականությունը հաշվի առնելով՝  իրավիճակն այսպես է եղել՝ սարքել, սարքել, սարքել է պաշտոնյան, հետո գործից հանել են ու կիսատ է մնացել։ Ինչպե՞ս անենք, որ իրոք կարողանանք հայտնաբերել այն գողոնը, որը հուզում է հասարակությանը», ասում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ուստի հարցին լուծում տալու համար  կառավարությունը մշակել է վերոնշյալ նախագիծը, որի քննարկումն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում բուռն կրքեր բորբոքեց:
Հիշեցնենք՝ խոսքը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին է, հարցը զեկուցում էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Ապօրինի ծագում» ունեցող գույքի բռնագանձումն առաջարկվում է երեք պայմանական փուլով։ Առաջինը ուսումնասիրության փուլն է․ իրավասու մարմինը, առանց ուսումնասիրության մասին հայտարարելու, հավաքում է պոտենցիալ պատասխանողին պատկանող գույքի առկայությանը և դրա ձեռք բերման օրինականությանը վերաբերող տեղեկություններ։ Կասկածների հիմնավորման դեպքում սկսվում է երկրորդ փուլը՝ իրավասու մարմինը դիմում է դատարան։ Երրորդ փուլն արդեն գործի քննությունն է դատարանում, որն իրականացվելու է քաղաքացիական դատավարության կարգով։

Սկզբնական ապացուցման բեռը կրելու է պետությունը, ապա՝ պատասխանողը եւ հայցվորը: Կառավարությունն առաջարկում է, որ իրավասու մարմինը ապօրինի ծագման մասին ուսումնասիրություն սկսելու որոշումից հետո կարող է ուսումնասիրել նախորդող տասը տարիները: Բացառություններ ևս նախատեսված են. ըստ այդմ, իրավասու մարմինը կարող է ուսումնասիրություններ կատարել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը: «Ավելի պարզ․ փաստացի պատկանող գույքի ծավալը պարզելուց և օրինական եկամուտների չափի հետ  համեմատելուց հետո, եթե տարբերությունը 25 միլիոն և ավելի է, ուսումնասիրությունը շարունակվում։ Այսինքն՝ մինչև 25 միլիոն դրամի անհամապատասխանությունը հաշվի չի առնվում ,և վարույթը մյուս փուլ չի մտնում»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Կարգավորումները չեն տարածվում մասնավոր անձանց և գործարարների վրա, խոսքը միայն պաշտոնատար անձանց մասին է»։  

Ընդդիմադիրները նախագծի իրավականության հարցում մեծ խնդիրներ են տեսնում: ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ  Պետրոսյանը հիշեցրեց․ «Մեր Սահմանադրության 73–րդ հոդվածը ուղղակիորեն նշում է, որ անձի վիճակը վատթարացնող նորմին  հետադարձ ուժ տրվել չի կարող։ Այստեղ տարանջատում չկա։ Սա շատ տարողունակ հարց է։ 1991 թվականից այս կողմ որքա՞ն մարդ է հավակնելու առնչվել այս նախագծին։ Այստեղ քաղաքական բաղադրիչի հոտ է գալիս»։ Պատգամավորը նկատեց, որ նախագծում շատ տարածական եզրույթներ կան, օրինակ՝ մերձավոր ազգական. «Մարդ կա իր կնոջ քեռու երեսը չի ցանկանում տեսնել, ձեր ստացած եկամուտներն ի՞նչ կապ ունեն նրա քեռու ընտանիքի հետ»:  Գեւորգ Պետրոսյանի կարծիքով սա շատ խորը խնդիր է եւ խորհրդարանական լսումների կարիք կա. «Եթե բոլորս միասին հանկարծ հավատանք, որ այստեղ հետադարձ ուժի խնդիր չկա, բա չեք գտնո՞ւմ, որ 1991 թվականից այս կողմ ընկած ինչքա՞ն մարդ է հավակնելու առնչվել այս նախագծի հետ: Սա այն հարցն է, որ մենք պետք է լսենք` դատավորների, դատախազների, ՀԿ-ների կարծիքը»: Նախարարը նկատեց՝ մինչեւ նախագիծն ԱԺ բերելը բավական երկար աշխատանք է կատարվել, խմբի աշխատանքներում ներգրավված է եղել 7-8 միջազգային կազմակերպություն, որոնց տված եզրակացությունները հիմնականում դրական են եղել: Նա նաեւ ասաց, որ առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման դրույթը Հայաստանի՝ ՄԱԿ-ի կոնվենցիոն պարտականություններից մեկն է, միեւնույն ժամանակ  համաձայնեց, որ դա չի նշանակում, թե օրենքը հենց ներկայացված տեսքով պետք է լինի, քանի որ առանց մեղադրական վճռի գույքի բռնագանձման առնվազն երկու տեսակ կա: Գեւորգ Պետրոսյանին չհամոզեցին նախարարի պատասխանները: Նա նաեւ նկատեց, որ նախագծում ապացուցման բեռի բոլորովին այլ տեսություն է դրված, ըստ որի, պատասխանատվության առյուծի բաժինը դրված է նախկին կամ ներկա պաշտոնյայի վրա. «Ասում են`տնիցդ դուրս արի, արի ապացուցի, որ դու հանցագործություն չես կատարել: Սա մեր անցած իրավագիտության  դպրոցի շրջանակներում չի: Լրիվ խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը»:

Պատգամավորը հորդորեց չմտածել, թե իր դիտարկումները միտված են հանցավոր ճանապարհով հարստություն ձեռք բերած մարդկանց «անհոգ կյանքի լիազորագիր» տալուն, բայց նա ցանկանում է, որ ամեն մի բարի ցանկություն հասանելի լինի օրինական միջոցներով: Նա նաեւ հավելեց, որ քրեական պատասխանատվության համար ՀՀ օրենսդրությունը 20 տարի է նախատեսում, բայց 1991 թվականից 29 տարի է անցել, այն ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց մի մասն իր երկրային կյանքն ավարտել է, մյուսներն էլ այդ ճանապարհին են: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանն էլ միացավ ընդդիմադիր գործընկերոջ քննադատություններին․«Միանշանակ կողմ ենք մշակել այդ մեխանիզմները ։ Դեմ ենք, որ դրանք  հայեցողական կիրառություն ստանան։ Դուք հանգիստ կարող եք ասել կամ հանրային վստահությունը թույլ է տալիս  այսօր դա անել և ասել, որ այս մարդիկ չեն անի։ Դուք վստա՞հ եք, որ հաջորդ իշխանությունները չեն անի։ Դուք ինստիտուցիոնալ օրենք եք բերում, վաղը ինչպե՞ս են կիրառելու և արդյո՞ք ընտրովի կիրառություն չի ստանա այս օրենքը վաղը, մյուս օրը»։ Նախագիծն ընդունվեց հանձնաժողովի նիստում, այն կքննարկվի լիագումար նիստերին: